Հայ նշանավոր կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, սցենարիստ, թատերական ուսուցիչ, ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի հոբելյանական 100 ամյակն է այսօր։ Ով չի տեսել նրա հրաշալի, անկրկնելի ֆիլմերը՝ Եռանկյունի, Կարոտ, Կտոր մը երկինք, Հայրիկ, Ճանապարհ դեպի կրկես, Մենք ենք, մեր սարերը, Մի կաթիլ մեղրը, Նահապետ, Նվագախմբի տղաները, շատ բան է կորցրել։
Իր մասին Մալյանն ասել է․ «Ես աշխարհում համարյա ոչինչ չգիտեմ: Ֆիզիկայի, քիմիայի, հանրահաշվի, երկրաչափության բարդ հարցերից մինչև կենցաղային ամենապարզ հարցերից ես գլուխ չեմ հանում: Այսպես, երբեք չընկալեցի տասնորդական կոտորակները, գլուխ չհանեցի սինուսից ու կոսինուսից, Մենդելեևի աղյուսակից, էլեկտրականությունից, Նյուտոնի օրենքից, ինչպես նաև հայերենի քերականական շատ ու շատ օրենքներից, հեռուստացույցի անտենայից, բողոքականներից ու գրիգորյանականներից, ուղեցույցից օգտվելու եղանակից, լոգարիթմների աղյուսակից, խակ ու հասուն ձմերուկից և այլն, և այլն…
Այսքան համեստ նախաբանից հետո թույլ տուր հայտարարել հավանաբար ամենաանհամեստ իմ համոզմունքը.
Ես գիտեմ մարդուն:
Ես գիտեմ մարդու բոլոր թուլությունները և նրա ուժը նույնպես:
Գիտեմ նրա բոլոր ձգտումները:
Գիտեմ այդ ձգտումների բոլոր շարժառիթները:
Գիտեմ նրա խոսքն ու խոսքի տակ թաքնված լռությունը:
Գիտեմ նրա լռությունը և լռության տակ թաքնված խոսքը:
Գիտեմ նրա բոլոր, բոլոր գաղտնիքները:
Գիտեմ, և գուցե, հենց այդ պատճառով էլ սիրում եմ, հարգում եմ, աստվածացնում եմ նրան և խոնարհվում նրա առջև:
Ես արվեստում ոչնչով չեմ ուզում զբաղվել, բացի մարդուց:
Ես ոչ ոքի համար չեմ ստեղծագործում, բացի մարդուց:
Ես միշտ նախանձել եմ այն ռեժիսորներին, որոնք ֆիլմի ավարտից հետո հաճույքով մասնակից են լինում իրենց ստեղծագործության քննարկումներին, հաճույքով վիճում են, հաճույքով պաշտպանվում, հաճույքով հարձակվում և կամ էլ… հաճույքով լռում` սեփական ֆիլմի այս կամ այն գնահատության առթիվ: Ֆիլմի ստեղծման հետ կապված բոլոր փուլերից ինձ համար ամենածանրը հենց այդ շրջանն է:
Ֆիլմի ավարտից ես մի անկասելի ցանկություն եմ ունենում հեռանալու, փախչելու ֆիլմից, նրա տրամադրությունից, նրա ռիթմից, փախչելու` առանց ետ նայելու, առանց վերլուծությունների, առանց հոգեմաշ արդարացումների, առանց բացատրությունների, առանց հաղթողի կամ հաղթվողի կեցվածքի… ցանկություն եմ ունենում թաթախվելու նոր նյութի, նոր տրամադրության, մտքերի նոր ոլորտների մեջ: Սա շատ սուբյեկտիվ զգացում է և, ցավոք, անիրագործելի, քանի որ աշխարհում գոյություն ունի «լռելը համաձայնության նշան է» սպառնալի ասացվածքը, որը հաճախ պարտավորեցնում է չլռել…
Սիմոն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից
Բաց մի թողեք
Իսկ դուք հասկացել եք կյանքը. այսօր Ջոն Լենոնի ծնունդն է՝ լիցքավորվել նրանով ու նրա երաժշտությամբ. Տեսանյութեր
Ռոք աշխարհում այսօր տոներից մեկն է․ Տեսանյութեր
ԵՄ-ն մշակութային և ստեղծագործական ոլորտներում աջակցության մասին՝ ընդհանուր 7 միլիոն եվրո է հատկացրել