15/10/2025

Միքայել Սրբազանի ազատազրկումն ու այդ մասին բազմաթիվ կարծիքներ

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, ըստ մեղադրական եզրակացության, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին՝ ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։

Նշենք, որ ըստ պաշտպանական կողմի եւ Միքայել Սրբազանի` տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է։

Ի սկզբանե ակնհայտ էր, որ Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ունի քաղաքական դրդապատճառներ և իշխանությունների հակաեկեղեցական արշավի բացահայտ դրսևորումներից է։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը։

«Գերշ․ Տ․ Միքայել արք․ Աջապահյանին ազատազրկելու վերաբերյալ անարդար դատավճիռը քաղաքական հաշվեհարդարի հերթական ապացույցն է, որը խոսքի և կրոնի ազատության, խտրականության արգելքի սկզբունքի կոպտագույն ոտնահարում է, ժողովրդավարական հասարակարգին նետված ուղիղ մարտահրավեր։

Խստորեն դատապարտելով աղաղակող ապօրինությունները՝ վերստին հաստատում ենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հետամուտ է լինելու իրավական, այդ թվում՝ միջազգային գործիքակազմերի կիրառմանը՝ Գերաշնորհ Տ․ Միքայել արք․ Աջապահյանի արդար իրավունքները վերականգնելու համար»,– ասվում է հայտարարության մեջ։

«Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդներից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին 2 տարվա ազատազրկման դատապարտելը խիստ մտահոգիչ է։

Այս գործը, որտեղ մեղադրանքը հիմնված է «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» վրա, ևս մեկ ապացույց է, որ Հայաստանում դատական համակարգն օգտագործվում է քաղաքական այլախոհության դեմ»:

Այս մասին գրել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը: Միքայել Սրբազանի դատավարությունը, որը նա ինքն է բնութագրել որպես քաղաքական հետապնդում, ցույց է տալիս, թե ինչպես են ոտնահարվում խոսքի ազատության և արդար դատաքննության հիմնարար սկզբունքները։

«Երբ հոգևոր առաջնորդին, որը պարզապես իր մտահոգությունն էր արտահայտել երկրի ճակատագրի վերաբերյալ, դատապարտում են ազատազրկման, դա ազդանշան է դառնում ողջ հասարակությանը՝ մի՛ քննադատեք իշխանությանը, որքան էլ որ դժգոհություններն ու մտագոհությունները շատ են։

Միջազգային հանրությունը չի կարող անտարբեր մնալ այս ակնհայտ անարդարության նկատմամբ։ Հայաստանի իշխանությունները պետք է անհապաղ վերանայեն այս դատավճիռը և ապահովեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխանող արդար դատաքննություն»,- հավելել է նա։

Միքայել Սրբազանի փոխարեն կարող  էր լինել առնվազն կես միլիոն ՀՀ քաղաքացի, ինձանից սկսած: Այդ կես միլիոնից յուրաքանչյուրը սիստեմատիկ կամ երբևէ տարբեր ձևերով և տարբեր տեղերում արտահայտել են մտքեր, պնդումներ, լուծումներ որոնք ըստ իրենց կկասեցնեին իրենց երկիրը, իրենց զավակներին, իրենց տուն ու տեղը, կերպն ու արժեքները միտումնավոր, դավաճանորեն և թշնամաբար կործանողներին:

Խնդիրը նրանում է, որ այս ռեժիմի այլևս միակ կառավարման գործիքը դարձել  է վախի տարածումն ու դրանով  հանրային բունտի զսպումը: Միքայել Սրբազանի գործի միակ ցուցադրական ֆունկցիան այդ վախի և վախով զսպման տարածումն է: Դա  լավագույնս աշխատում է մարզերում: Խոսեք սովորական մարդկանց հետ մարզերում և նրանք այս ամենի հետ համաձայն չլինելով ձեզ հողի վրա կկանգնեցնեն տարբեր տեղական չինովնիկների, ոստիկանության օպերների, քննչականի պետերի և այլ  բյուրոկրատական կերպարների զսպման գործողությունների մասին պատմություններով: Սա արվում է մեկ նպատակով վախ տարածելու և բոլորին ապաքաղաքական դարձնելու նպատակով:

Վախն է դարձել միակ գործիքը և օրինակներ ունենալը այդ վախի տարածման: Վախի խորացման համար հաշվի չի առնվելու ոչ արդարությունը ոչ էլ  իրավաբանությունը: Սրբազանները այդ վախի տարածման օրինակներ են, որ եթե նրանք են նստած խոսքի համար ուրեմն դուք կնստեք ու կնստեք, եթե խոսեք ու գործեք:

P.S. Սրանց ավարտի բանալին վախի հաղթահարումն է: Աստված օգնական Սրբազան Հայր. Դուք դա արել եք: Դուք այսօր ավելի ազատ եք քան ձեզ դատողը: Այս մասին գրել է Վլադիմիր Մարտիրոսյանը։

Տեր Վրթանես Բաղալյանը գրում է․ «Քրիստոսի սուրբ խոսքն այսօր կրկին ղողանջում է մեր խղճի խորքում. «Երանի՜ արդարության համար հալածվողներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մտթ. 5:10)։

Այս երանելի խոսքը ոչ թե միայն հին ժամանակների նահատակներին է վերաբերում, այլ նաև մեր օրերում արդարության ճանապարհին քայլող և անարդար դատով չարչարվող հոգևոր հայրերին։

Այս երկրի երկրի աշխարհիկ իշխանիկները, որոնց ձեռքով, քաղաքական պատվերով, երկու տարի անօրինաբար զրկվեց ազատությունից Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, դատաստանի օրը պատասխան են տալու Աստուծո առաջ, որի օծյալ սպասավորին այսօր ապօրինաբար դատապարտեցին։

Արդարությունը չի վաճառվում, չի պատվիրակվում, չի ճնշվում դատարանի կեղծ կնիքով։ Մարդը, որ իր կյանքը զոհաբերել է Ազգին ու Աստծու սուրբ խորանին, չի կարող ձեր իշխանական աթոռների խաղալիքը դառնալ։ Դուք կարող եք բանտել մարմինը, բայց ոչ ազատ հոգին։ Կարող եք շղթայել ձեռքերը, բայց ոչ ճշմարտության խոսքը։

Մի՛ շփոթեք ձեզ տրված ժամանակավոր իշխանությունը Աստծուց բխող արդարության հետ։ Ձեր ձեռքում աստվածային դատաստանի կշեռք չկա․ այն պատկանում է Բարեգութ Դատավոր Հիսուս Քրիստոսին, Ով «փոխում է թագավորներին և նրանց գահերից զրկում»։ Եթե չեք վախենում մարդկային օրենքից, գոնե երկնչեցե՛ք երկնային դատաստանից, որով դատվելու եք ըստ այն չափի, որ գործեցիք արդար հոգևոր հովվի դեմ։

Տեր Միքայել արքեպիսկոպոսը իր համբերությամբ խոսում է ավելի բարձր, քան` ձեր սեղմած զրպարտությունների մամուլները։ Նրա լռությունը ձեր աղմուկից զորավոր է, որովհետև լռությունն արդարացնում է նրան Երկնավորի առաջ, իսկ ձեր աղաղակը կձայնագրվի դատաստանի գրքում որպես հալածանք արդարության դեմ։

Ուստի՝ եթե դեռ կա խիղճ ձեր սրտերում, եթե դեռ չեք քարացել ամբարտավանությամբ, ապաշխարե՛ք և ուղղե՛ք ձեր քայլերը։ Եվ հիշե’ք, որքան էլ դատապարտեք արդարին երկրի վրա, երկնքում արդեն նրան պսակ են հյուսում, իսկ ձեզ՝ դատավճիռ։

Երանի՜ քեզ, ո՛վ Արքեպիսկոպոս Միքայել, որովհետև հանուն արդարության կրեցիր հալածանք։

Վա՛յ նրանց, որոնք արդարին հայտարարեցին հանցագործ, քանզի իրենց դատավճիռը կգրվի երկնային գրքերում։

Աստված թող բացի մեր ժողովրդի աչքերը, որպեսզի չլռենք անարդարության առաջ։ Որովհետև ով լուռ է ճշմարտության բարձրաձայնելու ժամանակ, նա մեղսակից է ստին։

Արդարությունը Տիրոջն է, և նա է վերջնական Դատավորը։ Ամեն։

Սիմոն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ Աստված օգնական, Սրբազան. Իրական հանցագործների, երկիրս թալանածների հետ բացահայտած գրոշների հարցում հաշտություն կնքող իշխանությունն ու արդարադատությունը 2 տարվա ազատազրկման դատապարտեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։