15/10/2025

Թբիլիսիում քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է ու առաջացրել ընդդիմադիրների խիստ զայրույթը

Վրաստանում ՏԻՄ ընտրություններն ավարտվել են: Ըստ նախնական տվյալների՝ բոլոր քաղաքներում և մունիցիպալիտետնում հաղթել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուները:

Այցելելով իշխող կուսակցության գրասենյակ՝ վարչապետ Կոբախիձեն ասել է, որ «Վրացական երազանքը» խոստացել էր հաղթել, և ինքն ուրախ է, որ այդ խոստումը նույնիսկ գերակատարված է:

Կոբախիձեն մունիցիպալ ընտրություններում իշխող կուսակցության «տպավորիչ հաղթանակը» համարել է Վրաստանի կայունության, խաղաղության և բարգավաճման երաշխիք:

Նա հատկապես կարևորել է Թբիլիսիի քաղաքապետ Կալաձեի երրորդ ժամկետով վերընտրությունը և արձանագրել, որ դա արդյունք է այն ամեն լավի, որ պաշտոնավարման բոլոր տարիներին նա արել է:

Վրաստանի վարչապետը, այդուհանդերձ, իշխող կուսակցության հաղթանակի համար առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել երկրի «գորշ կարդինալ» Բիձինա Իվանիշվիլիին: «Շնորհակալություն Բիձինա Իվանիշվիլիին այն ամենի ինչի համար, որ ունենք՝ խաղաղություն, առաջընթաց, զարգացում,- այդ ամենը նրա վաստակն է, և մեր այսօրվա հաղթանակը Բիձինա Իվանիշվիլիի հաղթանակն է»,- ասել է Կոբախիձեն:

Մինչ իշխող կուսակցությունը տոնում է մունիցիպալ ընտրությունների հաղթանակը, ընդդիմությունը Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիա է իրականացրել: Ինչպես հաղորդում է վրացական apsny.ge-ն, ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրանետ մեքենաներ և ցուցարարների դուրս մղել նախագահի նստավայրի տարածքից:

Այլ աղբյուրներ, այդ թվում՝ ռուսաստանյան ՏԱՍՍ-ը, հայտնում են, որ ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի նստավայր, ոստիկանությունը տասնյակ անձանց բերման է ենթարկել:

Ակնհայտ է, որ խաղաղ ճանապարհով իշխանությունից «Վրացական երազանքի» կառավարությունը հեռացնելու ևս մի փորձ Վրաստանի ընդդիմությունը ձախողել է:

Պետք է ընդգծել, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է ընդամենը 33 տոկոս: Դա վկայում է, որ իշխանություններին, այնուամենայնիվ, չի հաջողվել հասնել համազգային կոնսոլիդացիայի: Վրաստանում, այսպիսով, կարելի է ասել՝ իշխանությունը հաղթել է, բայց ներազգային ճգնաժամը հաղթահարված չէ: