16/10/2025

Դեռ չեն հաշտվել ժողովրդի կամքի հետ․ Մհեր Մելքոնյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը անդրադարձել է  Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին։

Նրա խոսքով՝ ընտրություններից անցել է վեց ամիս, սակայն իշխանական որոշ շրջանակներ դեռ չեն հաշտվել ժողովրդի հստակ արտահայտած կամքի հետ։ Մելքոնյանը նշել է, որ իշխանության ներկայացուցիչների կողմից շարունակվում են քայլեր, որոնք վտանգում են համայնքի կայունությունն ու զարգացումը։

«Այս ամիսների ընթացքում նկատվում են փորձեր խաթարելու համայնքապետարանի բնականոն աշխատանքը, արգելակելու զարգացման ծրագրերը, ճնշում գործադրելու համայնքային կառույցների վրա և արհեստական լարվածություն ստեղծելու՝ նպատակ ունենալով ապակայունացնել իրավիճակը», — նշել է պատգամավորը։

Նրա համոզմամբ՝ նման վարքագիծը դուրս է քաղաքական մրցակցության սահմաններից և վտանգ է ներկայացնում պետականության համար։ Մելքոնյանը շեշտել է, որ քաղաքական ուժերը պետք է առաջնորդվեն օրենքով և քաղաքացիական պատասխանատվությամբ՝ հարգելով ժողովրդի ընտրությունը։

Պատգամավորը կոչ է արել դադարեցնել համայնքապետարանի աշխատանքի խոչընդոտումը, զերծ մնալ լարվածություն սրող քայլերից և ցուցաբերել քաղաքական հասունություն՝ գործելով բացառապես համայնքի շահերից ելնելով։

«Գյումրին ունի ընտրված ղեկավարություն, որի առաքելությունն է ծառայել քաղաքին։ Այդ առաքելության ճանապարհին խոչընդոտելը ոչ միայն անպատասխանատու, այլև վտանգավոր քայլ է պետականության նկատմամբ», — ընդգծել է Մհեր Մելքոնյանը։