Սանկտ-Պետերբուրգում տեղի է ունեցել տարածաշրջանային, թերևս նաև՝ աշխարհաքաղաքական նշանակության կարևոր իրադարձություն, Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի և Ադրբեջանի ռազմա-ծովային ուժերի հրամանատարներն ստորագրել են «Կասպից ավազանում անվտանգության և համագործալցության ամրապնդման մասին» ռազմավարական համաձայնագիր:
Այդ մասին հայտնում է Իսլամական հանրապետության IRNA պաշտոնական գործակալությունը, որի տեղեկություններով՝ «օտարերկրյա ոչ մի պետություն կամ արտատարածաշրջանային որևէ տերություն Կասպից ծովի ներքին գործերին միջամտելու իրավունք չունի, Կասպյան ավազանի անվտանգությունն ապահովում են բացառապես մերձկասպյան երկրները»:
Ըստ էության, այդ համաձայնագիրն այն մասին է, որ Կասպից ծովում ռազմավարական նշանակության ռազմածովային ուժեր կարող են ունենալ միայն Ռուսաստանը և Իրանը: Ղազախստանը և Ադրբեջանը փաստացի զրկվում են արտաքին աջակցությամբ մրցունակ ռազմական նավատորմ ստեղծելու իրավունքից, քանի որ օտարերկրյա ոչ մի պետություն, ըստ ստորագրված համաձայնագրի, ոչ միայն չի կարող ռազմական ներկայություն ունենալ Կասպյան ավազանում, այլև միջամտել անվտանգության ապահովմանը:
Կասպից ավազանի վերաբերյալ նման փաստաթղթի ստորագրումը կանխատեսելի էր այն բանից հետո, երբ Ադրբեջանը հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին ռազմածովային ուժերի զորավարժություններ անցկացրեց և առաջին անգամ ցուցադրեց թուրքական հեռակառավարվող –տորպեդահարող ռազմանավակներ:
Ընդ որում, Բաքուն այդ քայլին դիմեց Կասպից ծովի իրանական ջրերում ռուս-իրանական համատեղ զորավարժություններից հետո:
Կասպյան ավազանում արտատարածաշրջանային երկրների ռազմական ներկայության արգելափակումն անվտանգայինից զատ ունի նաև տնտեսական և կոմունիկացիոն կարեւորություն:
Ադրբեջանը նոր և հավակնոտ էներգետիկ ծրագրեր է քննարկում, այդ թվում՝ Թուրքիայի հետ: Որպես կանոն՝ նման նախագծերն ունենում են նաև անվտանգային երաշխիքների բաղադրիչ:
Ռուսաստանը և Իրանը երաշխավորելո՞ւ են, պատրա՞ստ են երաշխավորել Տրանսկասպյան գազատարի անվտանգությունը: Նման հավանականությունը բացառել չի կարելի, բայց այդ դեպքում Ալիևը հարկադրված կլինի խնդրել Պուտինի «օրհնությունը»: Իսկ դա գին կունենա:
Բաց մի թողեք
Վահագն Ալեքսանյանը անօրինական միջոց է նվիրել սեփական կուսակցությանը․ AntiCor
Թաթոյանը Սերժ Սարգսյանի վերաբերյալ հարցերին պատասխանելու փոխարեն նախընտրում է «մինչև վերջ հանվելը»
Մոսկվան գոհ է Երևանի և Անկարայի միջև երկխոսության ակտիվացումից, որը «սկսվել է Ռուսաստանի օգնությամբ»