15/10/2025

Ոչ Թուրքիան և Պակիստանը, ոչ, մանավանդ, Ադրբեջանը որևէ սկզբունքային որոշում չեն կարող ընդունել

Հոկտեմբերի 12-15-ին Իսլամաբադում կայանում է Պակիստանի, Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների հանդիպում: Այդ մասին հաղորդում է «Անադոլուն»:

Միջոցառումը կանցնի «Խորհրդարանական համագործակցություն՝ հանուն տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և բարգավաճման»:

Պակիստանը, Թուրքիան և Ադրբեջանը վերջին մի քանի տարիներին հարաբերությունները կառուցում են «ռազմավարական դաշնակցության» սկզբունքով և մեծ կարևորություն են տալիս հատկապես զինված ուժերի զարգացմանը և անվտանգային միջոցառումների եռակողմ ծրագրավորմանը:

Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն Իսլամաբադ են մեկնում մի փուլում, երբ Պակիստանը և Աֆղանստանը գտնվում են լայնածավալ պատերազմի շեմին, որը կարող է ռազամա-աշխարհաքաղաքական նոր իրավիճակ ստեղծել:

Ուշադրություն է գրավում, որ Պակիստանի և Աֆղանստանի միջև զինված բախումներն սկսել են Դուշանբեում Ռուսաստան-Կենտրոնական Ասիայի խորհրդաժողովից ընդամենը երկու օր հետ: Իսկ Ռուսաստանի նախագահի հովանու ներքո անցկացված քննարկումների հիմնական թեման եղել է Աֆղանստանի հետ տարածաշրջանի երկրների սահմանների անվտանգության ապահովումը:

Աֆղանստանում իրավիճակի սրման միտումներ բացահայտվել են ավելի վաղ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է Բագրամ ռազմահենակայանը վերադարձնելու մտադրության մասին:

Կարևոր է դիտարկել, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերբեռնման հարցում Ադրբեջանը մշտապես ընդգծում է Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարում Միացյալ Նահանգներին ցուցաբերած լոգիստիկ աջակցությունը:

Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների Իսլամաբադ այցը, որի ընթացքում նրանց կընդունի Պակիստանի վարչապետ Շարիֆը, կարելի է գնահատել իբրև «քաղաքական հետախուզություն»:

Ադրբեջանը Պակիստանի հետ ռազմական փոխադարձ օգնության պայմանագիր ունի, բայց միաժամանակ ձգտում է ներգրավվել Աֆղանստանի տնտեսական և կոմունիկացիոն ծրագրերին:

Բայց ոչ Թուրքիան և Պակիստանը, ոչ, մանավանդ, Ադրբեջանը որևէ սկզբունքային որոշում չեն կարող ընդունել՝ առանց հաշվի առնելու, որ տարածաշրջանը գտնվում է մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից՝ Չինաստանի ազդեցության գոտում, որտեղ վերստին մուտք գործելու մտադրություն ունի Միացյալ Նահանգները: