15/10/2025

Ինչպե՞ս կլուծվի Ռուսաստանի իշխանությունների և մուսուլմանների հոգևոր վարչության «վեճը»

Ռուսաստանի նախագահի խորհրդական Վալերի Ֆադեևի մեկնաբանությամբ՝ եթե ՌԴ-ն սահմանադրությամբ աշխարհիկ պետություն է, դրանից ուղղակիորեն հետևում է, որ «կրոնական կազմակերպությունները չեն կարող ստանձնել հանրային իշխանության գործառույթներ»:

Ֆադեևն այս մեկնաբանությունն արել է Regnum գործակալության խնդրանքով, իսկ առիթն այն է, որ Ռուսաստանի մուսուլմանների հոգևոր առաջնորդարանը «ֆետվա» է հրապարակել, որը ՌԴ տարածքում իսլամադավան առաքիչներին արգելում է կատարել պատվերները, եթե առաքվող ապրանքը ծխախոտ է, ալկոհոլային խմիչք և խոզի միս:

Ռուսաստանյան լրատվամիջոցը խոստովանում է, որ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և այլ խոշոր քաղաքներում առաքիչ աշխատում են հիմնական Կենտրոնական Ասիայի երկրների իսլամադավան քաղաքացիները և ահազանգում, որ ՌԴ մուսուլմանների հոգևոր վարչությունը վաղը կարող «զուգահեռ իրավաենթակայություն» հաստատել»:

Այս հրապարակումը հաջորդում է Դուշանբեում Ռուսաստան-Կենտրոնական Ասիա խորհրդաժողովին, որի օարկարգի հրատապ հարցերից մեկը եղել է Ռուսաստանում աշխատանքային միգրանտների իրավունքների և պարտականությունների համադրման հարցը:

Երևում է, կողմերը որևէ սկզբունքային համաձայնության չեն եկել: Regnum-ը պարզորոշ գրում է, որ «ում համար շարիաթն օրենքից վեր է, կարող է աշխատանք փնտրել անմիջական հարևան Աֆղանստանում»:

Ինչպե՞ս կլուծվի Ռուսաստանի իշխանությունների և մուսուլմանների հոգևոր վարչության «վեճը»՝ կողմերի խնդիրն է: Եվ առհասարակ այս թեմային անդրադառնալու կարիք չէր լինի, եթե նույն լրատվամիջոցի կայքում տեղ չգտներ տեղեկություն, որ Հայաստանում «Մեր ձևով» շարժման «կամավորների թիվը մեկուկես ամսում հասել է հինգ հազար հոգու»:

Regnum-ն, ընդսմին մեկնաբանել է, որ շարժումը ձևավորվում է «Տաշիր գրուպ» ընկերության հովանու ներքո, որի սեփականատեր «Սամվել Կարապետյանի Երևանում կալանավորվել է Հայ եկեղեցու դեմ իշխանությունների հարձակումները քննադատելու համար»: