«Հրապարակ»-ի զրուցակիցը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի պարտականությունները կատարող Տեր Ավետիք աբեղա Սողոմոնյանն է։
– Հայր Սուրբ, Միքայել սրբազանին երկու տարի դատապարտեցին, տեւական ժամանակ է՝ թեմի առաջնորդի պարտականությունները Ձեզ վրա են դրված, փաստացի թեմը հիմա առաջնորդ չունի, ի՞նչ է լինելու։
– Արդեն ունենք առաջնորդ, սեպտեմբերից Արթիկի հոգեւոր թեմի առաջնորդ Նարեկ սրբազանին է պատվիրված, որ առաջնորդի մեզ, կարելի է ասել, համատեղում է սրբազանը՝ երկու թեմերն էլ առաջնորդելով։ Իհարկե, Միքայել սրբազանի տեղն ամեն օր է երեւում, Նարեկ սրբազանն էլ այնպես չի անում, որ չերեւա` չի շրջանցում Միքայել սրբազանին։
– Միքայել սրբազանի հետ խոսե՞լ եք, ի՞նչ ասաց Ձեզ։
– Վերջին դատավարությանն էի գնացել, տեսա, խոսեցինք, ինքը հիմա ավելի լավ է, քան մենք։ Ավելի հանգիստ է, հավատացյալներս չենք «ուտում» իրեն։ Սրբազանի կալանավորումն արհեստական է, վստահ եմ՝ երկար չի ձգի, երկու տարի չի մնա, շուտ դուրս կգա։
– Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանին էլ կալանավորեցին, տասնյակից ավելի հոգեւորականների բերման ենթարկեցին։ Այս ի՞նչ ճնշումներ են ձեր՝ հոգեւորականներիդ հանդեպ։
– Հուդա ենք աճեցրել մեր մեջ, Հուդան միշտ էլ եղել է, հիմա էդ հուդաներին որսում են ու օգտագործում մեր դեմ։ Քահանան իր հոգեւոր հոր դեմ է դուրս եկել, որի ձեռամբ է օծվել, ոնց որ երեխան դուրս գա ծնողի դեմ, հիմա նա էլ, Աստծուն դեմ գնալով, դեմ է գնացել իր հոգեւոր առաջնորդին։
– Խոսքը Տեր Արամի մասի՞ն է, որի հարցազրույցի հիման վրա ձերբակալեցին Մկրտիչ սրբազանին։
– Տեր Արամը լավ գիտի էդ ամեն ինչը, ինքն է մարդկանց հավատացյալ դարձրել, դարձի բերել, էսօր ինքը դրանց տվեց-անցավ, չի տեսնում իր մեջ արթնացած Հուդային։ Հուդան զգաց իր արարքը, գնաց կախվեց։ Բայց սրա հոգու աչքերը փակվել են, տանում է ինքնակործանման, եւ ամենավատը դա է։
– Իշխանությունն ի՞նչ է ուզում, խնդիրը հոգեւորականնե՞րդ եք, թե՞ այլ բան է․․․
– Ես մի բան կասեմ․ Տիրոջ հիմնած խարիսխը ոչ ոք չի քանդել, չի կարողացել, սա զուր պայքար է՝ ընդդեմ Առաքելական եկեղեցու։ Մանավանդ՝ Տիրոջ գալստյանը մոտ մեր Եկեղեցին ավելի է հզորանալու` դա հիշեք, ուրիշ ազգեր կործանվել են, ոչնչացել, Տերը մեզ խնայել է, Առաքելական եկեղեցին հայ ազգի խարիսխն է, այն քանդել ոչ ոք չի կարող։
Բաց մի թողեք
Իջևանի նախկին քաղաքապետն ու որդին ձերբակալվել են, որովհետև ժամանակին մասնակցել են Ոսկեպարի ցույցին
Պատերազմ ազգային ու հոգևոր հենասյուներին. այս արշավը հենց Եկեղեցու դեմ ուղղված հարձակում է
Սպառնացել է ոստիկանապետին