25/10/2025

Գոնե օրինական զենք էլ չունես, խուզարկուները հարցրել են քահանային

Առավոտյան 6.30-ից մինչեւ 19.00-ն չորս հոգով, անակնկալ, խուզարկություն անելու եկան` դատարանի որոշումով, երբ որ ես ընդամենը վկա եմ, խուզարկել են ամբողջ բնակարանը, «Հրապարակի» հետ զրույցում ասաց Արագածոտնի թեմի սպասավոր տեր Վրթանես քահանա Բաղալյանը, ում իրավապահները օրեր առաջ դիմակավորված բերման էին ենթարկել ու տարել անհայտ ուղղությամբ: Իրավապահներից մեկը եղել է համազգեստով՝ մնացածը քաղաքացիական հագուստով:

«Քնահարամ էինք դեռ, փորձում էինք հասկանալ, իրենք արագ-արագ ներկայանում էին»,-պատմում է Տեր Վրթանեսը:
Ժամանել են երկու մեքենաներով առանց պետհամարանիշների, առանց բերման ենթարկելու դատարանի որոշման:
Հիշեցնենք, որ նույն թեմի քահանա Տեր Արամի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հնչեցրած մեղադրանքների հիմքով Դանիել Իոաննիսյանը դիմել էր իրավապահներին, որի հիման վրա էր հարուցվել գործը:

«Իրենց ամենից շատ հետաքրքրում էր երեւի զենք-զինամթերք գտնելը, որովհետև 44 -օրյա պատերազմի մասնակից եմ: Անհարմար հարց տվեց իրենցից մեկը, թե՝ օրինական զենք էլ չունե՞ս, ասեցի` փնտրեք, գտեք, եթե կա: Գոնե օրինական զենք էին փնտրում, որ նկարեին ու հրապարակեին՝ համացանցային երկիր ենք դարձել: Փնտրեցին, ոչինչ այդպիսի չգտան: Ասեցի, եթե ձեզ նման բան է հետաքրքրում, 44-օրյայից հետո ինձ տրված բաճկոնն իմ մոտ է, կարող եմ դա տալ: Իրենք դա չեն գտել՝ ես ինքս եմ առաջարկել, ասեցի, որ կարող են վերցնել, բայց հետո փոխանցել Պաշտպանության նախարարությանը: Բացի իմ հեռախոսից, որը թույլ չտվեցին անջատեմ, բարեկամներս, ընկերներս զանգում էին՝ ոչ ոք չէր պատասխանում, պատկերացրեք այդ մարդկանց վիճակը»,- պատմում է Տեր Վրթանեսը:

Տեր Վրթանեսի տնից առգարվվել են երեք համակարգիչների կրիչներ, երեխաների հեռախոսները, կնոջ հեռախոսը, այն դեպքում, երբ երեխաները հեռախոսներն ու համակարգիչներն օգտագործում են սովորելիս, այն դեպքում, երբ Տեր Վրթանեսի կինը ուսուցչուհի է մասնավոր դպրոցում, և ծնողների հետ այդ հեռախոսով է կապի մեջ, էլեկտրոնային դասամատյան և այլն:

«Քննչականից երբ վերադարձա, մտածում եմ, որ տեր Հայր եմ, մի քիչ պիտի հալածված լինի տեր Հայրը, Քրիստոսին հալածել են՝ Տեր Հայրը ո՞նց կարող է չհալածվի, երբ ինձանից տասը անգամ մեծ վաստակ ունեցող Միքայել Սրբազանն ու Բագրատ Սրբազանը բանտում են. դեռ չգիտեի, որ մեր հարգարժան Մկրտիչ Սրբազանին էլ են նույն ձևի տարել բաժին: Ես վիրավորված եմ ոչ թե որ իմ հանդեպ են վերաբերվել, այլ որ ՀՀ քաղաքացիների հետ այդպես են վարվում՝ հատկապես որ վկայի կարգավիճակ ունես: Ամբողջ կյանքդ համեստ ծառայում ես, մեկ էլ մեկը կարող է անկապ հայտարարություն տալ, մյուսն էլ դրա հիման վրա հայց ներկայացնի ու վկայի տանը խուզարկություն անեն: Քանի որ գործը փուչիկ է, իրենք փորձում են խուզարկությունների միջոցով գործ սարքել, ու սա այնքան տհաճ է: Նայում ես Քննչականի աշխատողներին՝ իրենք շատ մարդկային, կիրթ մարդիկ էին, բայց երբ որ անկիրթներն են նրանց ղեկավարում՝ ամեն ինչ պղտորվում է: Երբ քննիչը քեզ հարցաքննում է հեռախոսով ու կազմած հարցաշարով, այսինքն, անձամբ չի հարցաքննում, քննիչին հարցաշար էին տվել մինչև ինձ քննելը, երբ ես նույնիսկ փաստաբան չեմ պահանջել, չնայած փաստաբան պահանջածներին չէին տրամադրել: Ես հարցերին պատասխանել եմ, որովհետև թաքցնելու բան չունեմ, փառք Աստծո, թեմիս առաջնորդը, որին Տեր Արամը վերադաս է ասում, իմ կամքին դեմ երբեք ինձ որևէ հանձնարարություն չի տվել: Ո՞նց կարող է հասուն, չափահաս մարդն ասել, որ ինչ արել եմ՝ վերադասիս հանձնարարականով եմ արել, վախեցել եմ՝ արել եմ: Խնդիրը քո մեջ փնտրիր»,-պատմում է տեր Հայրը:

Իրավական համակարգը վերևից տրված հրահանգներով վարկաբեկում են՝ շեշտում է հոգևորականն ու հավելում, որ այս գործողություններով իշխանությունը ոչ միայն փորձում է հայ եկեղեցին վարկաբեկել, այլ գործիք դարձնելով իրավապահ համակարգը՝ վարկաբեկում է հենց նույն իրավապահ համակարգը:

«Փաստաբանը եկել է, որ տեր Գարեգինի մոտ մտնի, միջանցքում հարցնում է, թե որտեղ է Տեր Գարեգինը՝ չեն ասում, լավ է սենյակի դուռը բաց էր ու ասեցի… Քահանային բերել են աշխարհիկ անունով, լավ, եթե չգիտես քահանայի անունը, գոնե ասեիք, որ այս սենյակում երեք քահանա կա՝ ճշտեք, թե իրենցից ո՞րն է Տեր Գարեգինը: Տեր Հայրի վիճակը ծանր է, առողջական խնդիրներ ունի, այդ վերաբերմունքից ճնշումն էր բարձրացել, ինքը շատ վատ էր զգում ու տեղը չէին ասում փաստաբանին»,- ասաց Տեր Հայրը: