Հռչակավոր իտալացի տենոր, մեր օրերի գերաստղ Վիտտորիո Գրիգոլոն առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Երևանում՝ Մարզահամերգային համալիրում, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, դիրիժոր Էդուարդ Թոփչյան։ Նրանք կկատարեն հանրահայտ օպերային արիաներ և ռոք ստանդարտներ։
Գրիգոլոն տենորի գլխավոր դերերգերով հանդես է գալիս աշխարհի լավագույն օպերային թատրոններում՝ Միլանի Լա սկալայից մինչև Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Լոնդոնի Քովենթ Գարդենից մինչև Բուենոս Այրեսի Կոլոն: Նրա խաղընկերներն են եղել նաև այնպիսի հայ անվանի օպերային երգիչներ, ինչպիսիք են Հասմիկ Պապյանը, Լիանա Հարությունյանը, Նինա Մինասյանը, Բարսեղ Թումանյանը, Գևորգ Հակոբյանը, Դավիթ Բաբայանցը, Ջուլիանա Գրիգորյանը և ուրիշներ:

Մի առիթով, բրաժիշտ, հասրակական գործիչ Վահան Վարդապետյանը մաեստրո Էդուրադ Թոփչյանին պատմել է, ներկայացրել Վիտտորիո Գրիգոլոյին ու նրա մասին։ Վարդապետյանն արվեստի մեծ սիրահար է։ Հաճախ է մասնակցում բարձրակարգ նվագախմբերի, արտիտսների համերգներին։ Խոստավանեց՝ տարբեր նվագախմբերի կատարումներին ծանոթանալով՝ հաճախ համեմատում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախբի հետ, և սիրտը հպարտությամբ է լցվում, քանի որ շատ դեպքերում մեր նվագախմբի մակարդակը ոչ միայն չի զիջում, այլև գերազանցում է արտասահմանյան նվագախմբերին․ «Վստահ եմ, որ 100-ամյա նվագախմբի հոբելյանական համերգների մեջ տեղ գտած այս երեկոն պետք է լինի կուլմինացիոն, որովհետև Վիտտորիո Գրիգոլոն աշխարհի ամենաերևելի արտիստներից է։ Բեռլինի օպերաներից մեկում տպավորվել էի նրա փայլուն կատարումներով և մաեստրո Էդուարդ Թոփչյանին ասացի այդ մասին։ Նա մի քանի ամիս անց անակնկալ մատուցեց ինձ՝ տեղեկացնելով, որ հրավիրել են Վիտտորիոյին, և նա հանդես է գալու երևանյան համերգով»,-պատմեց Վարդապետյանը։Նա Վիտտորիո Գրիգոլոյի երևանյան համերգը մեծ նվեր համարեց Հայաստանի հանդիսատեսի համար և հավաստիացրեց՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեր պետության բարձրագույն արժեքներից է, որը պետք է փայփայել, իսկ այդ գործում մեծ դեր ունի մաեստրո Էդուարդ Թոփչյանը։

Անցել է որոշակի ժամանակահատված, և ահա նաև Վարդապետյանի համար հաճելի անակնկալ է ստացվել։ Արդյունքում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-րդ հոբելյանական համերգաշրջանն ու Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որի շրջանակում կկայանա համերգը, անցնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, հետաքրքիր ու բովանդակալից, ժամանցային համերգ է խոստանում վաղը՝ հոկտեմբերի 21-ին։

Ինքը՝ Վիտտորիո Գրիգոլոն ասաց, որ առաջին անգամ այսօր է հանդիպել Թոփչյանին, և երաժշտությունը նրանց միավորել է։ Նա շնորհակալություն հայտնեց մեծահարգ դիրիժորին, համերգի գաղափարի հեղինակ Վահան Վարդապետյանին, ինչպես նաև այն ամբողջ թիմին, որի ջանքերով իրականանալու է սպասվող երեկոն, որի կխոսի հայ-իտալական բարեկամական կապերի մասին․ «Չեք կարող պատկերացել, թե ձեր երկիրը որքան մոտ է իմ սրտին։ Միշտ հմայված եմ եղել, հիացել եմ հայկական երաժշտությամբ. հաճախ եմ լսում «Դլե յաման» երգը, ինձ գրավում են դուդուկի մեղեդիները։ Կարծում եմ՝ շատ կարևոր է իմանալ այն երկրի մշակույթն ու երաժշտարվեստը, որտեղ ելույթ ես ունենալու»,- ասաց տենորն ու որոշեց ցույց տալ իր թևը, որի վրա հայերեն սիրո խոստովանություն էր դաջված. «Ես սեր տեսա առաջին անգամ, երբ հասկացա, որ դու միակն ես…»։

«Հայկական մշակույթի մի մասը բառի բուն իմաստով իմ մարմնի վրա է, և ես կմեռնեմ նրա հետ»,-իր խոսքում ընդգծեց նա։ Արտիստի խոսքով՝ իրեն ոչ միայն հետաքրքիր է դասական և ժողովրդական երաժշտությունը, այլև հայկական փոփը․ «Անհրաժեշտ է իմանալ երկրի անցյալը և ներկան։ Ես դասական երգիչ եմ, բայց փորձում եմ նաև երաժշտության ժամանակակից ուղղություններն իմանալ»։
Վիտտորիո Գրիգոլոն մասնավորեց նաև․ «Յուրաքանչյուր ստեղծագործություն կորցնում է հոգին, եթե չես փորձում որևէ իմաստ փոխանցել հանդիսատեսին։ Կախված այն բանից, թե ինչպես ես արտաբերում Շեքսպիրի «Լինել, թե չլինել» արտահայտությունը, դրանից բնականաբար իմաստը փոխվում է։ Թատրոնում հնարավոր է ճիշտ ժամանակին անգամ լռություն ապահովել, մինչդեռ օպերայում այդպես չէ, ուստի անհրաժեշտ է լիարժեք արտահայտել զգացմունքները, հույզերը, որոնք բովանդակալից են դարձնում ստեղծագործությունը։ Ամեն անգամ տարբեր կերպ է ստացվում, ամեն անգամ նորովի ես ներկայացնում երաժշտությունը, որովհետև նախևառաջ՝ մարդ ես, հետևաբար՝ երբեք չի կարող նույն կերպ կրկնվել որևէ բան»։
Նա հրաշալի համերգ խոստացավ երաժշտասերներին՝ հետաքրքիր անակնկալ է մատուցելու բոլորին, նաև հայկական մեկ երգի տեսքով, որն իբրև անակնկալ որոշեց նախապես չբացահայտել։







Բաց մի թողեք
Այս կյանքում ամեն մարդ ինքն է որոշում իր տեղը․ Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է
Ես լավ եմ և չեմ պատրաստվում լքել այս աշխարհը․ Բրիջիտ Բարդո․ Լուսանկար
Հռչակավոր իտալացի տենոր, մեր օրերի գերաստղ Վիտտորիո Գրիգոլոն առաջին անգամ հանդես կգա Հայաստանում․ Լուսանկարներ