29/10/2025

Աղոթիր, Ստեփանոս, աղոթիր…

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է արվել Տեր Արամ քահանա Ասատրյանը։

Հրապարակ թերթը գրել է․ Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան իր ավազանի անունով։

Քանի որ նա հոգևոր աշխարհից է, բնական կլիներ, որ իր բաժին հասած ցավն ու փորձությունը ընդուներ հաշտությամբ, համբերությամբ և ներողությամբ՝ աղոթքի լռության մեջ։ Նման պահերին հոգևոր մարդը ինքն իրեն կասեր՝ «Աղոթիր, Ստեփանոս, աղոթիր…»։

Այս արտահայտությունը ծագում է բիբլիական պատմությունից՝ առաջին քրիստոնյա նահատակ Սուրբ Ստեփանոսից։ Երբ նրան քարոծում էին, նա մահվան պահին աղոթեց իր հալածողներին ներելու համար՝ ասելով.

«Տե՛ր, մի՛ վերագրիր նրանց այս մեղքը» (Գործք Առաքելոց 7:60)։

Ահա հոգևոր մարդու կերպարը՝ ով ներում է, ոչ թե դատում։

Բայց մեր ժամանակի Ստեփանոսը կարծես այլ ուղի է ընտրել՝ ոչ թե աղոթքի, այլ բեմի։ Աղոթքի փոխարեն՝ ամբոխ, ներումի փոխարեն՝ հակադրություն։

Կարգալույծությունից հետո նա հայտարարում է, թե չի հեռանալու Եկեղեցուց և կիրակի օրը պատրաստվում է մատուցել Սուրբ Պատարագ։ Իսկ պատարագին նա հրավիրում է ոչ ավել, ոչ պակաս՝ հենց Նիկոլ Փաշինյանին, որը տարիներ շարունակ բաց և հետևողական պայքար է մղում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։

Իր հերթին վարչապետը հայտարարում է․ «Կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին»։

Այս մեկ նախադասությունը բավական է հասկանալու համար, որ կարգալույծ քահանան ընտրել է աշխարհիկ ուժերի կողմը՝ դիմելով այն նույն իշխանությանը, որի քաղաքականությունը պառակտել է հասարակությունը և փորձել խլել Եկեղեցու հենասյուները։

Այդուհանդերձ, Ստեփանը շարունակում է իր կոչը՝

«Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, կիրակի օրը հրավիրում եմ բոլորիդ Սուրբ Հովհաննավանք՝ մասնակցելու

Սուրբ եւ Անմահ Պատարագին։ Սուրբ Պատարագը կմատուցեմ ես՝ ձեր Տեր Արամ քահանան»։

Այս խոսքերում այլևս աղոթք չկա։ Կա մարտահրավեր՝ Եկեղեցուն, կարգին, հավատքին, սահմանին։

Սա այլևս հոգևոր դիրք չէ․ սա քաղաքական բեմ է՝ բեմական զգեստով և քարոզչական խոսքերով։

Հարցն այլևս այն չէ, թե ով է նրան թևեր տվել կամ հրահրում Եկեղեցու դեմ։ Հարցն այն է՝ արդյո՞ք ինքը է հասկանում, որ այս կերպ ոչ թե ծառայություն է մատուցում, այլ օգտագործվում է։

Եվ գուցե դեռ ուշ չէ՝ աղոթելու համար։

Ոչ թե պատժից ազատվելու, այլ հասկանալու՝ որտեղ է ավարտվում ծառայությունը և սկսվում գայթակղությունը։

Աղոթիր, Ստեփանոս, աղոթիր…