25/10/2025

Խոշոր հրդեհ՝ Մալաթիայի տոնավաճառի տարածքում գտնվող կոշիկի պահեստում․ Լուսանկարներ

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարութայն փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Մալաթիայի տոնավաճառի հարևանությամբ գտնվող կոշիկի պահեստային մասում հրդեհ է բռնկվել: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ:Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում է Երևանի հրշեջ-փրկարարական վարչության պետի պաշտոնակատար Զավեն Մելքոնյանը: Ժամանել են նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցները:

Այս պահին հրշեջները պայքարում են կրակի տարածման դեմ, իսկ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկնեը՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում է գտնվում նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ:

Ահազանգով ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները: Տեղում պարզվել է, որ տարածքը, որտեղ հրդեհ է բռնկվել, գազաֆիկացված չէ: Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչներն ու Մալաթիայի համայնքային ոստիկանները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:  Թե ինչն է եղել հրդեհի պատճառը և ով է տարածքի սեփականատերը՝ պարզվում է: