25/10/2025

Հայաստանի ընդդիմադիր ուժերի «անհանգստությունները»

Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» խորհրդաժողովին ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ողջունելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը, որով վերացվում են դեպի Հայաստանի փոխադրումների արգելքները, կատարել է ընդառաջ քայլ:

Փաշինյանն ասել է, որ Հայաստանը պատրաստ է ապահովել իր տարածքով Ադրբեջան-Թուրքիա և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումները:

Հայաստանի տարածքով Ադրբեջան-Թուրքիա և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ «հենց այսօր» կարող են իրականացվել միայն ավտոմոբիլային տրանսպորտով, երկաթուղային հաղորդակցության համար ենթակառուցվածքներ դեռևս չկան կամ լուրջ վերակառուցման կարիք ունեն:

Թուրքական կողմը, թվում է, պետք է ընդառաջի Ադրբեջանի հետ Հայաստանի տարածքով բեռնափոխադրումների առաջարկին, իսկ դա ենթադրում է հայ-թուրքական սահմանի բացում:

Պետք է ենթադրել, որ այդ դեպքում Հայաստանը հնարավորություն կունենա Թուրքիայի տարածքով կապվել եվրոպական և Մերձավոր Արևելքի երկրների հետ: Եթե կողմերը՝ Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը, հասնեն նման համաձայնության, ապա Հարավային Կովկասի լոգիստիկ ամբողջականությունը կվերականգնվի:

Որևէ գործընթաց, մանավանդ երբ այն ակնհայտորեն աշխարհաքաղաքական է, «անակնկալներից» ապահովագրված չէ: Բայց ուշագրավ է, որ Ադրբեջանը դեպի Հայաստան բեռնափոխադրումների սահմանափակումները հանում է, երբ սկզբունքորեն լուծված է Ռուսաստան-Իրան ցամաքային հաղորդակցության հարցը:

Ընդ որում, նախագիծը ներառնում է ոչ միայն երկաթուղային, այլև ավտոմոբիլային հաղորդակցություն, ինչը Ռուսաստանին հնարավորություն է տալիս կապվել ոչ միայն Պարսից ծոցի, այլև Թուրքիայի և Մերձավոր Արևելքի երկրների հետ:

Այս իմաստով Հայաստանի տարածքով Ադրբեջան-Թուրքիա և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումները Ռուսաստանի համար որևէ էական խնդիր չեն հարուցում: Մանավանդ որ Ռուսաստանը կարող է օգտվել ինչպես «Թրամփի ուղուց», այնպես էլ՝ Գյումրի-Կարս երկաթուղուց:

Տնտեսական և կոմունիկացիոն նախագծերը հրապարակայնացվում են քաղաքական պայմանավորվածությունների համատեքստում: Այս առումով, ամենայն հավանականությամբ, Հայաստանի ընդդիմադիր ուժերի «անհանգստությունները», որ նրանք հնչեցնում են «Ռուսաստանի անունից», պետք է ժամանակավրեպ գնահատել: