26/10/2025

Հովհանավանքում վճռորոշ «մարտն» է սպասվում

Նիկոլ Փաշինյան – Եկեղեցի դիմակայությունը կրկին սրվում է․ կիրակի օրը՝ Հովհանավանքում վճռորոշ «մարտն» է սպասվում։ Հովհաննավանքի արդեն կարգալույծ եղած քահանա Տեր Արամը որոշել է այդ օրը պատարագ անել, չնայած նա երեկվանից դարձել է  Ստեփան Ասատրյան եւ պատարագ անելու իրավունք չունի:

Հրապարակ թերթը գրել է․ Սակայն պատարագի մասին նախկին քահանան հայտարարել էր ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանն էլ հրապարակային հայտարարել է, որ մասնակցելու է պատարագին։

Տեր Արամն այն քահանան է, որի մատնության հիմքով օրերս ձերբակալվեցին մի խումբ հոգեւորականներ, Արագածոտնի թեմի առաջնորդն էլ կալանավորվեց՝ իբր իր «ստորադաս» հոգեւորականներին ընդդիմադիրների ցույցին մասնակցել ստիպելու համար։ Կարգալույծ արված Տեր Արամը հայտարարել է, որ չի պատրաստվում  հեռանալ Հովհաննավանքից։ «Բնականաբար, չեմ հեռանալու, իմ ժողովուրդն ուզում է, որ ես ծառայեմ իրեն։

Այս ամբողջ ընթացքում, որ 6 տարի քահանայություն եմ արել այստեղ, որեւէ աջակցություն նրանց կողմից չեմ ունեցել»,- ասել է նախկին հոգեւորականը՝ հավատացնելով, որ անհրաժեշտության դեպքում ավելի քան 10 հազար մարդ կհավաքվի եւ թույլ չի տա իրեն վտարել։ Ստեփան Ասատրյանի այս հայտարարությունից հետո մի տեսանյութ էլ Նիկոլ Փաշինյանն է տարածել՝ նշելով, որ մասնակցելու է կիրակնօրյա պատարագին, որն անցկացնելու է կարգալույծ արված հոգեւորականը։

Փաշինյանը, բնականաբար, Հովհաննավանք գնալու է մեծ շքախմբով եւ ոստիկանական ուժերի ներկայությամբ, որպեսզի ընդդիմադիրներին եւ Եկեղեցու պաշտպաններին թույլ չտա պաշտպանել Հայ առաքելական եկեղեցին։ Իսկ Հովհաննավանքում արդեն նոր քահանա է նշանակված, եւ կարգալույծ արված հոգեւորականն իրավունք չունի պատարագ անել, դա նույնն է, որ մի շարքային քաղաքացի ինքնիրավչություն անի` ներխուժի եկեղեցի եւ սկսի պատարագ անել:

ՔՊ-ն երեկվանից աջակիցների բանակ է հավաքում, հնարավոր է անգամ պատգամավորներ մասնակցեն այդ արշավին, եթե ոչ ֆիզիկապես, ապա հոգեպես կոտրելու հավատավոր հոտին։ Փաշինյանը կարոտել է փողոցային ակցիաները, բռնությամբ իշխանություն զավթելը եւ որոշել է իր ընդդիմադիր ժամանակներին բնորոշ ակցիա իրականացնել:

Երեկ ՔՊ-ական պատգամավորներին հարցրինք՝ գնալո՞ւ են Հովհաննավանք: Ըստ ամենայնի, նրանք դեռ հրահանգ չէին ստացել եւ կցկտուր պատասխաններ տվեցին։ Նորատուսցի Նարեկ Գրիգորյանը, որին ամիսներ առաջ Ռուսաստանում խայտառակել էին` քահանան մկրտություն չէր արել, տեսնելով, որ Գրիգորյանն է քավորը, ասաց․ «Չգիտեմ, չեմ կարող ասել, միգուցե․․․ Ես ամեն անգամ էլ պատարագի մասնակցում եմ, կիրակի չգիտեմ որ եկեղեցում կմասնակցեմ պատարագի»։ Բայց չբացառեց, որ գուցե Հովհաննավանքում մասնակցի․ «Կիրակին կգա, կտեսնենք, թե որտեղ կմասնակցենք»:

Նա էլ է դատապարտում Եկեղեցու որոշումը` Տեր Արամին կարգալույծ անելու մասին, ասում է՝ մեզ են մեղադրում, թե չեք հանդուրժում այլ կարծիք, քահանան էլ իր կարծիքն է արտահայտել։ Մոռանում է, որ իր ղեկավարն ասել է` կառավարությունը ես եմ, ով իմ կարծիքը չի կիսում, պետք է հեռանա: Իսկ Եկեղեցին ավելի միապետական համակարգ է, քան ՀՀ կառավարությունը:

Աննա Հակոբյանի ազգական Էդգար Հակոբյանն էլ ասաց, որ այս պահին չգիտի՝ մասնակցելու է, թե ոչ․ «Չեմ պլանավորել մասնակցել, այս պահին որոշում չունեմ»: Հրահանգի՞ եք սպասում։ «Ոչ, ի՞նչ հրահանգի մասին է խոսքը»: Վերեւների։ «Մենք ոչ մի բանի հրահանգով չենք մասնակցում»: Եթե Ձեր խղճով եք առաջնորդվում, ի՞նչ է թելադրում Ձեր խիղճը հիմա։ «Եթե ժամանակ ունենամ, կմասնակցեմ, էդ օրերին չգիտեմ` նիստ չեղավ, մեծ սիրով կմասնակցեմ»։

Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն անընդհատ «մարտի է հրավիրում» ընդդիմությանը։ «Կարծում եմ՝ պարզ է, թե ինչու է այդպես անում։ Ուզում է անընդհատ հաղթել, ջախջախել ընդդիմությանը։ Ուզում է, բայց չի կարողանում։ Իսկ գիտե՞ք, թե ինչու չի կարողանում։ Որովհետեւ ընդդիմությունը մարտի չի ներկայանում։ Կարծում եմ՝ կիրակի էլ չի ներկայանալու։

Մինչդեռ՝ արժե ներկայանալ։ Այս կիրակին շրջադարձային է լինելու թե՛ Նիկոլի, թե՛ ընդդիմության, թե՛ Եկեղեցու, թե՛ ողջ ժողովրդի համար։ Կարող է եւ չափազանցնում եմ, բայց Հովհաննավանքը Եկեղեցու պաշտպանության կարեւոր «բնագիծն» է։ Եթե այդ «դիրքը» գրավեց, հաշվեք՝ Եկեղեցու ու Վեհափառ հայրապետի դեմ Նիկոլի արշավը մեծամասամբ հաջողված է։ Հաջորդ «մարտն» արդեն «Շուշիի մատույցներում» է լինելու։ Իսկ հետո կգա նոյեմբերի 9-ը…»։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ ասաց, որ իրենք կսպասեն Եկեղեցու կոչին․ «Իմ անձնական դիրքորոշումը կախված է լինելու, թե Եկեղեցին ինչ դիրքորոշում կունենա, ինչպես է պլանավորում»։ Նկատեցինք, որ Եկեղեցին պասիվ դիտորդի դերում է, իրենք է՞լ են այդպես դիրքավորվելու։ «Չեմ կարող կանխատեսում անել։ Եվ, ի վերջո, ընդդիմության կռիվ տալը Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կամ չմասնակցությամբ չի որոշվում, ընդդիմությունն իր կռիվը տալիս է, խնդիրը Եկեղեցու դիրքորոշումն է, որովհետեւ եկեղեցական տարածք է, պատարագ է մատուցելու մեկը, որը դրա իրավունքը չունի։ Եթե ընդդիմադիրները պայմանական հավաքվելու են, Եկեղեցին հորդորելու է բախումներից խուսափել, չսրել իրավիճակը` այլ բան է ստացվելու, եթե Եկեղեցին կոչ է անելու՝ պաշտպանել, պահն է՝ կանգնելու Մայր Աթոռի կողքը, դա այլ պատմություն է։

Գուցե Եկեղեցին մտածում է՝ մի պատարագ է, ուզում է` թող մատուցի, ի՞նչ է դրանից փոխվելու»։ Բայց այդ պատարագները կարող են շարունակվել․ եթե մեկը ստացվի, մնացածն էլ կանի, հոգեբանական առավելություն կստանան Եկեղեցու նկատմամբ։ «Չեմ կարծում, հիմա եթե կաթողիկոսին բռնի հեռացնեն Մայր Աթոռից, եւ հակաթոռ Կաթողիկոսը պատարագ մատուցի, դա ի՞նչ է` Մայր Աթոռը պղծվելո՞ւ է։ Չեմ կարծում»։