Հոկտեմբերի 20-ին Գյումրու ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկվեց։ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հայտարարության եւ առաջադրված մեղադրանքի համաձայն՝ համայնքապետն ու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը կաշառք են պահանջել ապօրինի կառուցապատման փաստաթղթերը կեղծելու համար։
Հրապարակ թերթը գրել է․ Հայտարարության մեջ նշվում է, որ Ղուկասյանը եւ նրա գործընկերը պահանջել են 4 միլիոն դրամ՝ ապօրինի շինության ապամոնտաժումը կանխելու համար։ Նրանք խոստացել են կեղծել փաստաթղթեր՝ ցույց տալու, որ շինությունը քանդվել է եւ նորից կառուցվել։
Ու չնայած տարածված տեսանյութում կցկտուր, անհասկանալի հեռախոսային խոսակցության ձայնագրություններ են, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, քննիչները հավաքել են ապացույցներ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ գաղտնի հետաքննության արդյունքում։ Նշվում է նաեւ, որ Ղուկասյանը չի հերքել ձայնագրությունների իսկությունը եւ չի պնդել, որ իր ձայնը կեղծված է։
Դատարանն էլ, բնականաբար, բավարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը՝ Ղուկասյանի նկատմամբ երկու ամսվա կալանավորում կիրառելու վերաբերյալ։ Նա եւ ճարտարապետը կալանավորվել են։ Կալանավորվել են նաեւ մեկ տասնյակի չափ անձինք` իբրեւ թե զանգվածային անկարգությունների եւ իրավապահների գործողությունները խոչընդոտելու համար, այդ թվում՝ փաստաբան Ռուբեն Մխիթարյանը` «Մեր ձեւով» շարժումից:
Մենք փորձեցինք պարզել, թե ինչ ապօրինի շինության մասին է խոսքը։ Պարզվում է՝ Գյումրիում մեծ տարածք զբաղեցնող այդ շինությունը՝ մոտ 1500 քմ, Գարեգին Նժդեհ 9/1 հասցեում գտնվող շենքն է, որը պատկանում է գյումրեցի հայտնի գործարար եղբայրներ Գոմցյաններին, որոնք զբաղվում են տեքստիլի արտադրությամբ։
Ուշագրավ է, որ շինությունը կառուցվել է դեռեւս 2023 թվականին` ճիշտ այն ժամանակ, երբ քաղաքային իշխանության ղեկին էին նաեւ ՔՊ-ականները։ Հիշեցնենք, որ Բալասանյան դաշինքի հետ կնքված հուշագրի արդյունքում ՔՊ-ն կիսում էր քաղաքի կառավարման իրավունքը, եւ քաղաքապետի երկու տեղակալներն էին վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն ու Պնախարար Սուրեն Պապիկյանի հորեղբորորդին։ Ի դեպ, մեր տեղեկություններով, նշված շենքի շինարարական աշխատանքները վերահսկել է հենց ՔՊ-ական փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանը։
Շենքի կառուցումն ավարտին է հասցվել քաղաքապետի ՔՊ-ական ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանի օրոք, որը չի արձանագրել, թե կառույցն ապօրինի է, եւ վերջնական ակտն այդպես էլ չի կազմվել։ Մենք փորձեցինք կապվել գործարար Գոմցյան եղբայրներից մեկի հետ` որոշ մանրամասներ պարզելու, բայց նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։
Բայց տեղեկացանք` գյումրեցի լրագրող-հրապարակախոս Հասմիկ Մելքոնյանն օրերս նշվսծ շինության հետ կապված հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն` պահանջելով ապամոնտաժել ինքնակամ կառույցը։ Տեսնենք, թե ինչ է պատասխանելու դատախազությունը` կապամոնտաժե՞ն կառույցը, թե՞ գլխավոր խնդիրը ոչ թե ապօրինի շինարարության դեմ պայքարն է, այլ ընդդիմադիր քաղաքապետին նստեցնելը, ինչն արդեն արել են եւ հասել իրենց նպատակին:







Բաց մի թողեք
Կարգալույժը շարունակում է ըմբոստանալ՝ հույսը դնելով աշխարհիկ իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի վրա
Իշխանությունը որս է սկսել Սամվել Կարապետյանի թիմակիցների նկատմամբ
Ինչ սցենարներ են քննարկվում Գյումրիում