Վայոց Ձորի Կարմրաշեն համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Արմեն Թովմասյանը նախկինում՝ դեռ սովետական իշխանության ժամանակ, երբ սովխոզները գարաժներ ունեին, մեխանիկ է աշխատել: Երբ դպրոցը վերջնականապես փակվի, անասնապահությամբ է զբաղվելու:
Հրապարակ թերթը գրել է․ «Ինձնից առաջ քեռիս է եղել դպրոցի տնօրեն՝ 43 տարի: Ես զինղեկն էի, կոչում ունեմ: Բերեցին զինղեկ, հետո ստիպեցին՝ գնացի տնօրեն: 31 տարի է արդեն՝ 91 թվականից: Ամեն ինչ եմ դասավանդում, ներկա պահին՝ հասարակագիտություն»,- ասում է Արմեն Թովմասյանը: Կառավարության վերջին նիստին, որի ժամանակ իր դպրոցը փակելու եւ հարեւան գյուղի՝ Հերհերի դպրոցին միացնելու վերաբերյալ որոշում է ընդունվել, նա չի հետեւել: Բայց վաղուց է տեղյակ, որ դպրոցն ուզում են փակել: Իսկ փակելու հիմնավորման մեջ նշվում է, որ 2024-2025 ուսումնական տարում Կարմրաշենի դպրոցում սեպտեմբերի 1-ի դրությամբ գրանցված է եղել ընդամենը երկու աշակերտ։ Անցյալ տարվանից դեռ երկու դասասենյակ է ձմռանը տաքացվում՝ «պլիտայով», գումարած միջանցքի մի հատվածն ու զուգարանը: Դպրոցի երկու աշակերտներն էլ քույր ու եղբայր Հախվերդյաններն են: Մեկը 2-րդ դասարանում է սովորում, մյուսը՝ 10-րդ: Տնօրենի հարեւանի երեխաներն են: «Շնորհքով տղա է, աշխատող: Կարող է ամեն տեղ էլ գործ ունենալ: Ես խոսել եմ իր հետ, հայրենասիրությունից դրդված է մնում գյուղում»,- պատմում է ընկեր Թովմասյանը: Նա դեմ է դպրոց փակելուն, բայց միայն՝ հոգու խորքում:
«Դպրոցը գյուղապահպան հիմնարկ է: Օրինակ, Չինաստանում դպրոց չեն փակում: Անգամ եթե մեկ աշակերտ է, այդ դպրոցի բոլոր ուսուցիչներն ամեն օր գնում են այդ աշակերտի մոտ: Բայց դե, պետությանը չեմ մեղադրում: Էնպես չի, որ միայն այս կառավարությունն է որոշել փակել դպրոցները: Միշտ էլ եղել է դպրոցներ փակելու այդ միտումը: Չի արդարացնում իրեն, ծախսերը շատ են, բայց այսպես էլ գյուղը կքանդվի…»,- ասում է Արմեն Թովմասյանը:
Նրա հույսը ոչ թե կառավարությունն է, այլ՝ ծնելիությունը, որը գյուղում եթե բարձր չլինի, ոչ միայն իր, շատ այլ գյուղեր էլ հարվածի տակ կընկնեն: «Ծնունդները մինչեւ չշատանան, լավ չի լինի»,- ասում է:
Վայոց սարի ստորոտին է Կարմրաշենի դպրոցը: Արփա-Սեւան թունելի կառուցման ժամանակ այստեղ շենքեր կառուցեցին: Բայց միայն դպրոցն էր կարմիր տուֆից: Այդ կարմիր տուֆի շնորհիվ էլ Կարմրաշեն դրեցին այս հին, դեռ 10-րդ դարում հիմնված գյուղի անունը: Այն ժամանակ՝ 10-րդ դարում, այն ունեցել է 1000-ից ավելի բնակիչ: Հիմա ընդամենը 36 տնտեսություն է մնացել Կարմրաշենում: Երեխաների թիվն էլ երկրաչափական հակառակ պրոգրեսիայով նվազում է:
32 աշակերտ է եղել մինչեւ 17 թիվը: 2017-18 թվերին մնացել է 22 երեխա: «24 էլ է եղել, 30 էլ է եղել: Այս 36 տունը, որ հիմա կա, ամեն մեկում երկուսուկես մարդ է ապրում: Մեծ մասը տարեց են: Կան գյուղում ապրող երիտասարդներ, բայց չեն մնա: Չեն էլ ամուսնանում, որ նոր երեխաներ ծնվեն»,- ասում է դպրոցի տնօրեն ընկեր Թովմասյանը:
Սա նրա կյանքի երկրորդ հարցազրույցն է: 2012 թվականին էլ «Արմենիա TV»-ին է հարցազրույց տվել ու ասել, որ ինքն աղանդավոր չէ, քրիստոնյա է, բայց 4 երեխա է ունեցել, որպեսզի օրինակ ծառայի գյուղի մյուս բնակիչներին:
Հերհերը Կարմրաշենին ամենամոտ ուսումնական հաստատություն ունեցող գյուղն է՝ շուրջ 7 կիլոմետր է հեռու: Մեծ հույս կա, որ մյուս տարի երթուղային կամ մի փոքրիկ ավտոբուս կտան Կարմրաշենին, որ քույր ու եղբայր Հախվերդյանները ստիպված չլինեն օրը 14 կիլոմետր ճամփա անցնել: Բայց դա ընդամենը հույս է:
Կիրանցում, օրինակ, 2024 թվականի սեպտեմբերի 2-ին գեղեցիկ դպրոց բացեցին, Փաշինյանն էլ անձամբ «լենտոչկան» կտրեց: Խոստանում էին, որ միջնակարգ դպրոց է դառնալու: Չդարձավ: Արդյունքում երեխաները հարեւան գյուղեր են գնում՝ Սարիգյուղ ու Ներքին Ծաղկավանք, ամեն օր: Ավտոբուս չտվեցին: Երեխաներին օրը 200 դրամ տրանսպորտի փող են տալիս: Մի կերպ գնում-գալիս են:
Փորձառու լրագրող Ոսկան Սարգսյանն ասում է, որ ինքն է պայքարել ու հասել նրան, որ այդ գումարը գոնե երեխաներին տան: «Մի հատ ավտոբուս կա, որ Իջեւան է գնում-գալիս: Կիրանցի երեխաները մի կերպ, ոտքի վրա` ծռված, դրանով հասնում են դպրոցներ»,- ասում է նա: Հիշեցնում է՝ Փաշինյանն ասում էր, որ Կիրանցն ամենաանվտանգ տեղն է լինելու Հայաստանում: «Սուտ է: 40 տոկոսով անասունը կրճատվել է, արոտավայրեր չեն մնացել: Ասում են՝ տներ ենք կառուցել, բայց այդ տների մի մասը Կիրանցի բնակիչներին չեն տվել: Մի խոսքով, շատ ստեր կան»,- ասում է Ոսկան Սարգսյանը:






Բաց մի թողեք
Կարգալույժը շարունակում է ըմբոստանալ՝ հույսը դնելով աշխարհիկ իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի վրա
Իշխանությունը որս է սկսել Սամվել Կարապետյանի թիմակիցների նկատմամբ
Ինչ սցենարներ են քննարկվում Գյումրիում