25/10/2025

Նրանք ուզում են գողանալ հոգևորների հոգին՝ տաճարը դարձնելով աշխարհիկ կլուբ

2018-ից առ այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող համակարգված գրոհը մի հստակ նպատակ ունի։

Հրապարակ թերթը գրել է․ Նա խաբեությամբ զավթեց նյութական Հայաստանը, մեր հողն ու պետական կառույցները, իսկ այժմ ձգտում է զավթել նաև հոգևոր Հայաստանը։

Նյութը նրան այլևս չի հագեցնում․ նա փնտրում է ոգին՝ ուզում է տիրանալ նաև անտեսանելուն, հավերժականին։

Հիշենք Ավետիք Իսահակյանի մարգարեական խոսքերը․ «Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով»։

Այդ սովն է հիմա խոսում նրանց աչքերից՝ Փաշինյանի և նրա իշխանության բերած սովահարների, որոնք հագեցած են աշխարհիկ հաճույքներով, բայց դատարկ՝ հոգով։ Նրանք այսօր մտել են հոգևոր դաշտ՝ ոչ թե լցվելու, այլ կլլելու նպատակով։

Նրանց մասին է գրված բանաստեղծի խոսքը․

Լրբենի ծաղրով արհամարհեցիք
Ոգու վառ զեղմունք՝ միտք ու երազանք,
Նյութի տաճարում արբած պարեցիք՝
Մոռացած անմահ, անհունի տենչանք։

Հիշո՞ւմ եք Հովհաննավանքի անպարկեշտ պարը։ Այդ սրբավայրում հնչած խուլ ծիծաղը, մարմնական շարժումների անզսպությունը նյութի տաճարում հարբածների լրբենի պարն էր՝ պար՝ առանց հոգու, ծաղր՝ սրբության դեմ։ Նրանք չեն հավատում ո՛չ հոգևոր արժեքներին, ո՛չ հոգուն, ո՛չ Աստծուն, ո՛չ էլ անմահությանը։

Աստծո տաճարում նրանք կազմակերպեցին աշխարհիկ խրախճանք և դեռ հայտարարում են, թե իրենց սրտին հաճելի է կարգալույծ քահանայի օրհնությունը։ Կարգալույծի օրհնությունն է պետք հարբած հոգիներին, որոնք խմում են ոչ թե գինի, այլ սեփական խղճի մոռացությունը։

Նրանք ուզում են գողանալ հոգևորների հոգին՝ տաճարը դարձնելով աշխարհիկ կլուբ, «կլուբնիչնի բանակ», որտեղ ոգին մարում է ծափահարությունների մեջ։

ՔՊ-ն այսօր եկեղեցի է ուզում, ոգի է ուզում՝ ոչ թե փրկվելու, այլ ցույց տալու համար, որ կարող է պղծել ոչ միայն նյութը, այլև Ոգին։ Եվ այդտեղ է իրենց պարտության սկիզբը, որովհետև Ոգին, նույնիսկ վիրավոր, չի ենթարկվում բռնապետին։

Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ նոր գրոհ է սկսել։ Այս անգամ նա փոխել է մարտավարությունը՝ որդեգրելով ավելի խորամանկ, բայց նույնքան վտանգավոր ռազմավարություն։ Գրոհի փորձադաշտը լինելու է Հովհաննավանքը՝ վանական համալիր, որի վանահորը վերջերս կարգալույծ է արել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ Եկեղեցու վարկն ու միասնությունը խաթարելու մեղադրանքով։

Փաշինյանի այս քայլը պատահական չէ։ Դեռ 2018-ից ի վեր նա հետևողականորեն փորձել է խարխլել Հայ Առաքելական Եկեղեցու հեղինակությունը՝ երբեմն բացահայտ հարձակումներով, երբեմն էլ պետական լծակների և ուժային կառույցների միջոցով ճնշումներ գործադրելով հոգևորականների նկատմամբ։ Այսօր արդեն կան կալանավորված սրբազաններ ու հոգևոր հայրեր, և գործընթացը շարունակվում է։

Սակայն այս անգամ վարչապետի աթոռը զբաղեցնողը ընտրել է այլ մարտավարություն՝ Եկեղեցու ներսից պառակտելու փորձը։ Հովհաննավանքը նա փորձում է վերածել այլընտրանքային եկեղեցու, որտեղ պատարագելու է կարգալույծ քահանան։ Փաշինյանը հայտարարել է, որ կիրակի օրը անձամբ կմասնակցի այդ պատարագին՝ փորձելով պետական ռեսուրսն ու քաղաքական ազդեցությունը ծառայեցնել սեփական «եկեղեցաշինական» ծրագրին։

Սակայն այստեղ հարց է ծագում․ եթե ուզում ես այլընտրանքային եկեղեցի, ապա ստեղծիր այն մեր Եկեղեցուց դուրս, ոչ թե ներսից փորձիր խարխլել այն։ Հայաստանում այսօր իսկապես կան բազմաթիվ այլ դավանանքներ, և ոչ ոք նրանց գոյությունը չի արգելում։ Բայց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին միայն կրոնական կառույց չէ․ այն մեր ինքնության ողնաշարն է, մեր լեզվի, մշակույթի և պետականության հոգևոր հիմքը։

Եվ հենց այդ պատճառով էլ Եկեղեցու բզկտումը՝ կարգալույծ քահանաների կամ աշխարհիկ տերերի ձեռքով, ոչ թե քաղաքական գործողություն է, այլ հոգևոր դավաճանություն։

Առաքելական հավատքի հետևորդների համար դա մահվան պես ցավ է՝ տեսնել սեփական Եկեղեցին պառակտված, իր իսկ սրբության դեմ դարձած։ Մեր Եկեղեցին փորձադաշտ չէ, այլ սրբություն։ Քաղաքականությունը մտնելով  տաճար, Փաշինյանը փորձում է սասանել ժողովրդի հենասյունը՝ հավատը։

Այլընտրանքային եկեղեցի՞ ես ուզում։ Ստեղծիր քո տաճարը՝ մեր Սուրբ Եկեղեցուց դուրս։ Բայց ձեռք մի՛ տուր մեր հոգևոր հիմքին։