25/10/2025

Ադրբեջանական «խաղաղարարությունը» կարող է վտանգել նաև իրանա-ադրբեջանական հարաբերությունները

Միացյալ Նահանգները պատրաստվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացնել Գազայում «կայունացման ուժերի ձևավորման» մասին բանաձև: Այդ մասին ynet-ին ասել է Իսրայելի կառավարության իրազեկ պաշտոնյան, որի մեկնաբանությամբ՝ «խոսքը վերաբերում է քաղաքական համաձայնությանը, ոչ թե Անվտանգության խորհրդին Գազայի կառավարման մանդատով օժտելուն»:

Ըստ այդմ, Իսրայելը դեմ է Գազայում եվրոպական երկրների զինված ներկայությանը: Իսրայելցի պաշտոնյան գտնում է, որ «կայունացման ուժերը պետք է ձևավորվեն տարածաշրջանի երկրների կողմից»: Աղբյուրների տեղեկացվածությամբ, Նաթանյահուն դեմ է Թուրքիայի և Կատարի ներգրավվածությանը:

Israel Hayom պարբերականի տեղեկություններով, քննարկվում է տարբերակ, երբ «կայունացման ուժեր» կարող են ձեւավորել Եգիպտոսը, Ինդոնեզիան և Ադրբեջանը: Բաքվի մամուլն այս առթիվ հիշեցնում է, որ վերջերս Բաքու է այցելել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար Բրեդլի Կուպերը: Նա հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ենթադրվում է, որ ծովակալ Կուպերը Իլհամ Ալիևի հետ քննարկել է Գազայում «ադրբեջանցի հազար զինվորականների տեղակայման հնարավորությունը»: Vesty.go.il իսրայելական առցանց լրատվամիջոցը, մինչդեռ, հղում անելով Haaretz-ին, որ իր հեթին վկայակոչել է դիվանագիտական անանուն աղբյուրների, հայտնում է, որ «Ադրբեջանն առայժմ համաձայնություն չի տվել»:

Լրատվամիջոցը Բաքվի զգուշավորությունը բացատրում է նրանով, որ Իսրայելը մերժել է Գազայում Թուրքիայի ոչ միայն ռազմական, այլեւ այլ բնույթի ներկայությունը, ուստի Ադրբեջանը «հապաղում է»:

Դա տրամաբանական բացատրություն է. Ալիևը հազիվ թե իրեն թույլ տա «Էրդողանի վրայից անցնել»: Բայց, ամենայն հավանականությամբ, Գազայում «կայունացման ուժերին» մասնակցությունը Բաքվին ձեռնտու չէ նաև այն առումով, որ կարող է հայտնվել Իսրայելի և իսլամական աշխարհի սուր տարաձայնությունների միջակայքում:

Իսրայելա-պաղեստինյան կամ մերձավորարևելյան կարգավորումը, չնայած ԱՄՆ նախագահի լավատեսությունը, գործնական հուն մտնելու դեպքում անգամ տասնամյակներ է տևելու: Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ամերիկյան հաջորդ վարչակազմն ինչ քաղաքականություն է որդեգրելու կամ իրադարձությունները չեն ընդունի «պայթյունավտանգ բնույթ»:

Գազայում ադրբեջանական «խաղաղարարությունը» կարող է վտանգել նաև իրանա-ադրբեջանական հարաբերությունները: