26/10/2025

Թուրքիան փաստացի մտել է նախընտրական շրջան` Էրդողանի պարտությամբ

Անկարայի քաղաքացիական դատարանը մերժել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության 38-րդ համագումարի որոշումները չեղյալ ճանաչելու մասին դատախազության հայցը:

Այդ մասին տեղեկացնում է Turkiye պարբերականը: Դատարանը ներկայացված «փաստերը համարել է անբավարար»:

Դատական այս վճիռը Թուրքիայի ներքաղաքական կյանքում կարող է վճռական նշանակություն ունենալ: Շուրջ երկու տարի Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոչ մի ջանք չի խնայել, որպեսզի Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ ընտրված Օզելը հեռացվի:

Այդ նպատակին հասնելու համար իշխող ուժը ԺՀԿ շարքերում «հավաքագրել է» մարդկանց, ովքեր դիմել են դատախազություն և հայնտնել, որ կուսակցության առաջնորդի ընտրությունը «կայացել է կեղծիքներով և կաշառքներով»:

Անկարայի քաղաքացիական դատարանն այդ բողոքները հիմնավոր չի ճանաչել:

Ավելի վաղ, իհարկե, Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը դիմել է քաղաքական վճռական քայլի՝ հրավիրելով արտահերթ համագումար, որի պատվիրակների ջախջախիչ մեծամասնությունը վերստին քվեարկել է Օզելի օգտին:

Թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ Էրդողան-Օզել հակասությունները կապված են նոր սահմանադրության ընդունման հետ: Էրդողանը ձգտում է սահմանադրական փոփոխությունների միջոցով ստանալ երրորդ ժամկետով պաշտոնավարելու հնարավորություն, ԺՀԿ առաջնորդը դեմ է:

Չնայած տեղական մարմինների ընտրություններից հետո քեմալականների հանդեպ գործադրած ճնշումներին, մասնավորապես Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուի կալանավորմանը, Թուրքիայում ԺՀԿ վարկանիշը շարունակում է մի քանի նիշով բարձր մնալ, քան ունի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը:

Անկարայի քաղաքացիական դատարանի վճիռն, ամենայն հավանականությամբ, ավելի է ամրապնդելու քեմալականների դիրքերը: Ուշագրավ է, որ ԺՀԿ առաջնորդ Օզելը դատական ակտով կատարյալ լեգիտիմություն է ստանում «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահական ընտրություններում» ընդդիմադիր թեկնածու Թուֆան Էրհյուրմենի հաղթանակից մոտ մեկ շաբաթ հետո:

Ըստ իշխող կարծիքի, Էրհյուրմենը «Կիպրոսի միավորման եւ դաշնային պետության վերականգնման կողմնակից է»: Անշուշտ, բացառված չէ, որ Էրդողանը ԺՀԿ առաջնորդի նկատմամբ գործի դնի ավելի կոշտ ճնշումներ, բայց դա կարող է հակառակ արդյունք տալ:

Թուրքիան փաստացի մտել է նախընտրական շրջան: