26/10/2025

Թրամփի մերձավորարևելյան նախաձեռնությունը լուրջ փորձության է ենթարկվում

Իսրայելական ynet կայքի փոխանցմամբ, 14-րդ հեռուստաալիքը, որ վարչապետ Նաթանյահուի գլխավորած «Լիկուդի» հետ աֆիլացված լրատվամիջոցի համարում ունի, կուսակցության անդամների շրջանում հարցում է անցկացրել. «Արդյոք «Լիկուդից» Քնեսեթում պատգամավորները պետք է պաշտպանե՞ն Հուդեայի և Սամարիայի նկատմամբ Իսրայելի լիակատար իրավազորություն հաստատելու մասին օրենքը»:

Ըստ այդմ, հարցման ենթարկվածների 63 տոկոսը «այո» է ասել, 24-ը՝ «ոչ», 13-ը չի կողմնորոշվել: Նախօրեին Իսրայելի խորհրդարանը նախնական քվեարկությամբ այդ օրենքն ընդունել է՝ հարուցելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակային դժգոհությունը:

Իսրայելական vesty.go.il-ի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահը «շատ կոշտ ուղերձ է փոխանցել վարչապետ Նաթանյահուին», իսկ պետական քարտուղար Ռուբոին ասել է, որ «այդ օրենքի ընդունումը կխաթարի խաղաղության գործընթացը»:

Իսրայելա-ամերիկյան «տարաձայնությունները» համընկնում են Բուդապեշտում Պուտինի հետ հանդիպումը չեղարկելու մասին ԱՄՆ նախագահի որոշմանը: Ըստ էության, ԱՄՆ նախագահը հրաժարվել է «անիմաստ ժամանակ ծախսելուց», երբ արտգործնախարար Լավրովը պետքարտուղար Ռուբիոյին ասել է, որ Մոսկվան համաձայն չէ Ուկրաինայում զորքերի առկա շփման գծով հրադադարի հաստատմանը:

Վաշինգտոնի համար, այսպիսով, ստեղծվել է «երկիմաստ իրավիճակ», եթե ԱՄՆ-ը ճանաչի Հորդանանի արևմտյան ափի պաղեստինյան տարածքների իսրայելական անեքսիան, ապա Ռուսաստանի հետ բանակցություններում չի կարող պնդել, որ «տարածքների հարցը կարող է քննարկվել ապագայում՝ ինչ-որ ժամանակ»:

«Լիկուդի» անդամների շրջանում հարցման արդյունքները Նաթանյահուն, անշուշտ, օգտագործելու է որպես դիվանագիտական խաղաքարտ՝ ԱՄՆ նախագահին ի ցույց դնելու, թե իր համար «որքան դժվար է դիմադրել հանրային կարծիքին»:

Զուգահեռաբար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցած օրերին այցելել է Կատար և Օման: Թուրքական մամուլը հայտնում է, որ բանակցություններում ձեռք է բերվել «ընդհանուր համաձայնություն. Մերձավոր Արևելքում խաղաղության երաշխիքը Պաղեստինի անկախ պետության ստեղծումն է»:

Ընդսմին, հստակ արձանագրվել է, որ Պաղեստինի տարածքը պետք է ներառնի Գազան, Հորդանան գետի արևմտյան ափը և Արևելյան Երուսաղեմը:

Նախագահության առաջին շրջանում Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք եւ ԱՄՆ դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխել այնտեղ: Թրամփը նաև Իսրայելի իրավազորությունը ճանաչել է Գոլանի բարձունքների նկատմամբ:

Թրամփի մերձավորարևելյան նախաձեռնությունը լուրջ փորձության է ենթարկվում: Ի՞նչ ազդեցություն կարող է դա թողնել Հարավային Կովկասում խաղաղության և համագործակցության սկիզբ առնող գործընթացի վրա: