26/10/2025

«Վատիկանը տարածքով աննշան է, բայց միջազգային հարաբերություններում ծանրակշիռ դեր ունի»

Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ Երրորդը տիկնոջ՝ Կամիլայի, հետ այցելել է Վատիկան: Միջազգային մամուլն այդ «ուխտագնացությունը» գնահատում է «պատմական»:

Բանն այն է, որ շուրջ հինգ հարյուր տարի Կաթոլիկ և Անգլիկան եկեղեցիների միջեւ շփումներ չեն եղել: Անգլիայի միապետը համարվում է Անգլիկան եկեղեցու անվանական առաջնորդը:

Այս առթիվ ամենադիպուկ և իմաստալի գնահատականը, թերևս, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունն է տվել, «Վատիկանը տարածքով աննշան է, բայց միջազգային հարաբերություններում ծանրակշիռ դեր ունի»:

Կաթոլիկ և Անգլիկան եկեղեցիների առաջնորդների հանդիպումը հաջորդում է Մեծ Բրիտանիա ԱՄՆ նախագահի այցին, որի ընթացքում նա բանակցություններ է վարել Կառլ Երրորդի հետ:

Արևմտյան փորձագետներից շատերը նկատել են տալիս, որ այդ այցից հետո Դոնալդ Թրամփը «որոշակիորեն վերանայել է Ուկրաինայի հարցում դիրքորոշումը»:

Կառլ Երրորդի Վատիկան այցն, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել աշխարհաքաղաքական նույն համատեքստում: Ամենևին էլ պատահական չէ, որ դրա նախօրեին Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքը համաշխարհային էկումենյան շարժման հեռանկարի վերաբերյալ հոռետեսություն է հայտնել:

Չափազանց ուշագրավ է, որ հոկտեմբերի 24-ին, Վատիկան այցից մեկ օր հետո, Կառլ Երրորդը Վինձորի արքայական ամրոցում ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն:

Նույն օրը նախատեսված է նրա հանդիպումը Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի հետ: Այնուհետև կգումարվի Ուկրաինային աջակցող երկրների առաջնորդների և ներկայացուցիչների խորհրդաժողով: Ուկրաինայի նախագահը մամուլին ասել է, որ մինչ այդ տեսակետներ է «կոորդինացրել Ֆրանսիայի առաջնորդ Մակրոնի հետ»:

Աշխարհաքաղաքական նշանակության այս իրադարձությունների և հնարավոր զարգացումների ֆոնին հայաստանյան որոշ լրատվամիջոցներ համարում են, որ Վատիկանը «կործանել է Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցին, հերթը Հայ առաքելական եկեղեցունն է»,- և պնդում են, որ նման ազդակ վարչապետ Փաշինյանն «ստացել է Հռոմի Լևոն 14-րդ պապի հետ հանդիպմանը»:

Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցին իրականում ոչ թե կործանվել, այլ ձեռք է բերել ավտոկեֆալություն: Բայց այդ կարգավիճակը նա ստացել է Կոստանդնուպոլսի Հունաց տիեզերական պատրիարքից:

Դրանից տուժել է Ռուս ուղղափառ եկեղեցին: Այդ մրցակցության հետ ի՞նչ կապ ունի ՀԱԵ-ն: