Հրապարակ թերթի զրուցակիցը քաղաքագետ Հակոբ Բադալյանն է:
– Մինչ բոլորը սրտատրոփ սպասում են 2026-ի պառլամենտական ընտրություններին, այդ ընտրություններն արդեն, կարելի է ասել, սկսել են կեղծվել, իշխանությունն անում է ամեն ինչ՝ վերարտադրվելու համար․ ռեպրեսիաներ, ընտրակեղծիքների նոր ձեւեր: Ժամանակակից աշխարհում ընտրակեղծիքները քվեարկության օրվա ճնշումները չեն, ընտրակեղծարարության ի՞նչ մեթոդներ կան այսօր:
– Իհարկե, ես կդժվարանամ ասել, թե ընտրակեղծարարության որ մեխանիզմներն են աշխատում այժմ, սակայն մի բան հստակ է ու անկասկած` Հայաստանում տարիների ընթացքում ընտրություններին արդյունք ստանալու ֆիզիկական ուժի գործադրման միջոցները փոխարինվել են այլ տեխնոլոգիաներով. ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառում, փողի կիրառում, վարչական ռեսուրսներ եւ այլն: Այսինքն` ֆիզիկական ուժի գործադրման մեթոդներից անցում են կատարել ավելի փափուկ, ոչ կոնտակտային մեխանիզմների: Այնպես չէ, որ դա հիմա է տեղի ունենում, ոչ, այն կյանքի կոչվեց անկախության տարիներին` աստիճանաբար, եթե վերհիշենք 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները, 2013-ի նախագահական եւ մյուս ընտրությունները, ապա անմիջական ու շատ նկատելի ֆիզիկական կեղծիքների չենք հանդիպի: Հիմնականում աշխատել են փափուկ տեխնոլոգիաները, եւ հունիսին նորից դա է տեղի ունենալու: Փափուկ տեխնոլոգիաները զարգացում են ապրել, եւ դրանց կիրառումը դարձել է բազմազան ու մատչելի, ինչպես նաեւ քողարկված հնարավորություններ են ստեղծվել՝ դրանք կիրառելու: Եթե խոսում ենք ուժային, իրավապահ համակարգի կիրառման մասին, ապա այստեղ բացահայտ լծակներ են կիրառում: Ամեն ինչ դառնում է ավելի պարզ, իշխանությունը ցույց է տալիս, որ կանգ չի առնելու ոչնչի առաջ: Ո՛չ իրավաչափությունն են հաշվի առնում, ո՛չ համաչափությունը, ո՛չ օրինականությունը, ո՛չ մի բան…. Բացահայտ վարչական լծակներ են կիրառվում:
– Բայց չէ՞ որ դրանք նույնպես մեծ ազդեցություն են ունենում, քանի որ վախի մթնոլորտ են ստեղծում:
– Համենայնդեպս, ես կարծում եմ, որ հենց այս ամենի նպատակն ազդեցություններ ունենալն է, թե դրանք ինչ ծավալների կլինեն, չեմ կարող ասել, գուցե դրանք լինեն վճռորոշ, գուցե` ոչ: Միարժեք ասել չենք կարող, բայց անկասկած է, որ մոտիվների մեջ հենց ազդեցություն գործելն է, թեպետ չենք կարող բացառել, որ այդ ամենը կարող է թողնել հակառակ ազդեցությունը: Հանրության տրամադրությունը կարող է լարվել, կարող են մարդիկ իշխանության հանդեպ խիստ բացասական տրամադրվել: Այնպես որ, խիստ անկանխատեսելի է այդ երեւույթը: Նայած թե հանրության հետ ինչպես են աշխատում այդ լծակները կիրառողները: Հակազդեցության սցենարներ են պետք նաեւ: Իշխանությունը պետք է հստակեցնի, թե որն է լինելու ռեպրեսիաների գինը: Հաշվարկները պետք է անեն հենց նրանք:
– Երբեմն հենց ընդդիմության կողմից տեսակետներ են հնչում, որ ընտրությունների գնալը սխալ է, որ արդեն ամեն ինչ որոշված է, եւ այլն: Ի՞նչ եք կարծում` ո՞րն է ճիշտ տարբերակը:
– Հարցը հետեւյալն է․ ով ինչ արդյունավետ քաղաքական պայքարի ձեւ ունի, ընտրում է այդ ձեւը եւ դուրս է գալիս պայքարի: Չեմ կարծում, որ կա սխալ ու ճիշտ ձեւերի հարց: Եթե կարող ես քաղաքական փոփոխության հասնել ոչ ընտրական մեխանիզմով, այսինքն` հասարակական մեծ ալիք գեներացնելով, ինչի արդյունքում իշխանությունը կհեռանա, կմասնատվի կամ գոնե ճաքեր կունենա, ապա դա այլ հարց է, սակայն եթե չունես այդ հնարավորությունները, մնում է աշխատես ընտրական մեխանիզմների վրա: Խնդիրը ոչ թե ճիշտ ու սխալն է, այլ նայած թե ում համար որ տարբերակը կունենա արդյունավետություն: Եթե գործ ունենք կարող քաղաքական ուժերի հետ, ապա նրանց կարող են իրավիճակ փոխել ցանկացած դեպքում:






Բաց մի թողեք
Նրանք ուզում են գողանալ հոգևորների հոգին՝ տաճարը դարձնելով աշխարհիկ կլուբ
Որքան շատանում են վարույթները, այնքան ավելի վատ են աշխատում քննիչները
Մանվել Գրիգորյանի փեսային տուգանել են