27/10/2025

Կհաղթահարի՞, թե՞ Թուրքիան կմնա ներքին դիմակայության տիրույթում

Այսօր առանց Թուրքիայի մասնակցության հնարավոր չէ Սիրիայց՝ Գազա, Պարսից ծոցից մինչև Ռուսաստանի եւ Ուկրաինայի հակամարտություն միջազգային որևէ հավասարակշռություն ստեղծել:

Այդ մասին Ստամբուլում «Թուրքիայի դար» անվանված քննարկումներին եզրափակիչ ելույթում ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նա վստահեցրել է, որ «սկզբում կստեղծվի առանց ահաբեկչության Թուրքիա, ապա՝ տարածաշրջան», և դա «կլինի հանուն ապագա սերունդների ամենամեծ ձեռքբերումը»:

Նույն օրը «Քրդական բանվորական կուսակցությունը» հայտարարել է իր զինված կազմավորումները Թուրքիայի տարածքից «լիովին դուրս բերելու» որոշման մասին: ՔԲԿ-ն հավաստում է, որ հավատարիմ է իր վերջին համագումարի որոշումներին:

Հայտարարության տեքստում աչքի է զարնում Թուրքիայի իշխանություններին հասցեագրած նախապայմանը. պետք է ընդունվի «անցումային շրջանի մասին օրենք, ինչպես նաև այլ անհապաղ օրենքներ, որ հնարավոր կտան հասնել ժողովրդավարական ինտեգրման և կապահովեն քաղաքական կյանքին ազատ մասնակցություն»:

«Քրդական բանվորական կուսակցությունը» Թուրքիայի իշխանություններին բավական բարդ փորձություն առջև է կանգնեցնում: ՔԲԿ-ն կայացրել է զինված պայքարը դադարեցնելու, ռազմական կազմավորումները ցրելու և զինաթափվելու որոշում:

Ընդառաջ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Էրդողանի կառավարությունը: ՔԲԿ-ն առաջարկում է ընդունել «անցումային շրջանի մասին» և քրդերի ինտեգրացիայի ու քաղաքական կյանքին ազատ մասնակցության մասին օրենքներ:

Turkiye պարբերաբարականը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնում է, որ հոկտեմբերի 28-ին «նախատեսված է նախագահ Էրդողանի հանդիպումը DEM կուսակցության խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչների հետ»:

Այդ կուսակցությունը փաստացի ներկայացնում է Թուրքիայի քուրդ բնակչության շահերը և մեծ ներդրում է ունեցել իշխանությունների և ՔԲԿ առաջնորդ Օջալանի միջև բանակցություններում:

Ի՞նչ արդյունք կտա Էրդողան-DEM հանդիպումը: ՔԲԿ-ի և քուրդ «զինառյալների», ինչպես նաեւ Օջալանի ճակատագրի հարցերով Թուրքիայի խորհրդարանում ստեղծվել է բազմակուսակցական հանձնաժողով, որ պետք է կառավարությանն առաջարկություններ ներկայացնի:

Էրդողանի հռչակած «Թուրքիայի դարի» աշխարհաքաղաքական նախագիծը հնարավոր չէ իրականացնել առանց քրդական հարցի լուծման: Ինչպե՞ս կհաղթահարի Էրդողանն այդ փորձությունը: Կհաղթահարի՞, թե՞ Թուրքիան կմնա ներքին դիմակայության տիրույթում: