27/10/2025

2026 թվականը լինելու է վճռորոշ տարի Հայաստանի համար

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2026 թվականը լինելու է վճռորոշ տարի Հայաստանի համար, քանի որ այն կարող է սահմանել երկրի խաղաղության պահպանման ուղին։

Վարչապետը շեշտել է, որ հունիսին նախատեսվող խորհրդարանական ընտրությունները ոչ միայն քաղաքական, այլև խաղաղության պահպանման առումով մեծ նշանակություն կունենան։

Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը պետք է իր ընտրությամբ հաստատի և պաշտպանի խաղաղությունը, ինչը լինելու է առաջիկա ընտրությունների գլխավոր նպատակն ու իմաստը։ Փաշինյանը նշեց, որ այս հարցը նույն կարևորությամբ է դիտարկվում թե՛ կառավարության, թե՛ պատմական, թե՛ քաղաքական դիտանկյուններից։

Նա ընդգծեց, որ հակառակ ուղղությունը՝ դեպի կոնֆլիկտ վերադարձը, չի կարող լինել Հայաստանի ընտրությունը։ Վարչապետի խոսքով՝ կայուն խաղաղությունը երկրի զարգացման, պետական կառույցների ամրապնդման և քաղաքացիների բարեկեցության հիմնական պայմանն է։

Հայաստանի Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս բյուջեն առանձնանում է իր պատմական նշանակությամբ՝ այն առաջինն է, որը քննարկվում է խաղաղության պայմաններում։

Նրա խոսքով՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված խաղաղության հռչակագրով հաստատվել է խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Փաշինյանը ընդգծեց, որ այս փաստը արդեն ունի տեսանելի և չափելի արդյունքներ. վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստան-Ադրբեջան սահմանին զինվորական կորուստներ չեն եղել։ Վարչապետը նշեց, որ երկրի անկախությունից ի վեր նման երկարատև խաղաղ շրջան չի արձանագրվել։

Նա հավելեց, որ կայունությունն ու խաղաղությունը կարևոր հիմք են երկրի տնտեսական աճի և երկարաժամկետ զարգացման ծրագրերի իրագործման համար։