Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին երկարամյա ղեկավար, Գիտությունների ակադեմիայի նախկին նախագահ Ռամիզ Մեհթիևի կալանքի, նրան զինված հեղաշրջման փորձի և պետական դավաճանության մեղադրանք ներկայացնելու հետ կապված՝ Բաքվում ներքաղաքական իրավիճակը նկատելիորեն սրվում է:
MeydanTV առցանց լրատվամիջոցի տեղեկություններով, իշխող կուսակցության «վերնախավում Մեհթիև «դավաճանական գործունեության» վերաբերյալ միասնական դիրքորոշում չկա»: Որոշ փորձագետներ պնդում են, որ Միլլի մեջլիսի իշխանական մեծամասնության «կազմում Մեհթիևն ունի իր «սեփական խմբակցությունը», որ կարող է որոշումների կայացման վրա ազդեցություն ունենալ»:
Այլ աղբյուրների գնահատմամբ, Իլհամ Ալիևն անցյալ տարվա ամռանը Միլլի մեջլիսի արձակման և արտահերթ ընտրությունների գործընթաց է սկսել, որպեսզի «ազատվի խորհրդարանում Մեհթիևի «խմբակցությունից», բայց դա լիովին չի հաջողվել»: Ըստ այդմ, անկյալ Մեհթիևը գործող Միլլի մեջլիսում «առնվազն քսան համակիր պատգամավոր ունի»:
Տեղեկություններ կան, որ իշխանությունները նրանց դեմ «կոմպրոմատների պատերազմ են նախաձեռնել»: Օրերս, մասնավորապես, սոցիալական ցանցերում պատգամավոր Էլման Նասիրովի դեմ գրառում է կատարել «Լալեզար» անունով մի օգտատեր:
Նա հանդես է եկել որպես Նասիրովի «առաջին ամուսնությունից ծնված դուստր» և հայտարարել, որ «բարոյականության տիպար հանդես եկող» Նասիրովն իրականում «մի անհոգի անձ է, որ լքել է իր զավակին և ոչ մի օգնություն նրան չի ցուցաբերում»:
Մի շարք ոչ այնքան հայտնի լրատվամիջոցներ թիրախ են ընտրել նախկին պատգամավոր Ֆազայիլ Աղամալիևին: Մեհթիևի հովանավորյալների շարքում հիշատակվում են պատգամավորներ Զահիդ Օրուջևը և Սամադ Սեիդովը: Վերջինս ավելի քան երկու տասնամյակ ԵԽԽՎ-ում գլխավորել է ադրբեջանական պատվիրակությունը:
«Մեհիթևի ռուսամետ և հակադրբեջանական «խմբակցությունից» ազատվելու մի հնարավորություն կա՝ «Ենի Ազարբայջանի» մեծամասնության միջոցով նախաձեռնել Միլլի մեջլիսն արձակելու և խորհրդարանի նոր ընտրություններ անցկացնելու գործընթաց»,- գրում է oxu.az-ը: Արդյոք այդ տեսակետը համաձայնեցվա՞ծ է Իլհամ Ալիևի աշխատակազմի հետ, բարդ է ասել: Բայց թեմայի հանրայնացումն արդեն իսկ բավական նշանային է:






Բաց մի թողեք
Վաշինգտոնի դիվանագիտական դեմարշին «միջուկակիր պատասխան է»
Պուտինն անհանգստացած է Միացյալ Նահանգներ – Կենտրոնական Ասիա սերտացումից
Թուրքերը և ադրբեջանցիները Մոնտենեգրոյում զանգվածային անկարգություններ են հրահրել