28/10/2025

Թրամփը վիրավորել է Պուտինին, շահագրգիռ կողմերն սպասում են Թրամփ – Սի Ծինփին բանակցությունների արդյունքներին

Դոնալդ Թրամփը Մալայզիայից Ճապոնիա թռիչքի ընթացքում Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողների համար մեկնաբանել է Ռուսաստանում «Բուրովեստնիկ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումը:

«Նրանք (ռուսները) գիտեն, որ մենք ունենք ատոմային սուզանավ, որ լավագույնն է աշխարհում և գտնվում է ուղիղ իրենց ափերի մոտ: Այնպես որ, մեզ պետք չէ, որ հրթիռը 8000 մղոն թռչի: Նրանք մեզ հետ խաղեր չեն խաղում, մենք էլ՝ իրենց հետ»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Դոնալդ Թրամփը միաժամանակ նշել է, որ ԱՄՆ-ը «մշտապես հրթիռային փորձարկումներ է իրականացնում» և կրկին հիշեցրել Ռուսաստանի ափերի մոտ ամրիկյան ատոմային սուզանավի ներկայությունը:

Այդ համատեքստում նա արել է գլխավոր հայտարարությունը. «Ի դեպ, ես Պուտինի կողմից նման հայտարարությունները ( որ «Բուրովեստնիկը» կարող է 1400 կիլոմետր վրա թիրախ խոցել) տեղին չեմ համարում: Նա պետք է կանգնեցնի պատերազմը, որ պետք է տևեր մեկ շաբաթ, բայց արդեն մոտենում է չորս տարվա սահմանին: Ահա թե ինչ պիտի նա անի, ոչ թե հրթիռներ փորձարկի»:

ԱՄՆ նախագահը բացահայտ հասկանալ է տվել, որ «Բուրովեստնիկի» փորձարկումը չի անդրադառնում ուկրաինական կարգավորման հարցում իր դիրքորոշմանը՝ պատերազմը պետք է կանգնեցնել:

Իսկ թե ինչո՞ւ, նա հիմնավորել է Պուտինի ռազմական դոկտրինայի ձախողմամբ, մեկ կամ մի քանի շաբաթների համար ծրագրված «հատուկ ռազմական գործողությունը» ռազմավարական նշանակության խնդիր չի լուծել, պատերազմը միայն նոր զոհեր և ավերածություններ է պատճառում կողմերին:

Պաշտոնավարման անցած տասը ամիսների ընթացքում ԱՄՆ նախագահը, թերևս առաջին անգամ, բայց շատ կոշտ ձևով «նվաստացրել է» Վլադիմիր Պուտինին՝ նրան փաստացի ներկայացնելով որպես ոչ լիարժեք ռազմա-քաղաքական ստրատեգի:

Նույն օրը ՏԱՍՍ պետական գործակալությունը տարածել է ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովի հայտարարությունը, ըստ որի «Վլադիմիր Պուտինը պատրաստ է ընդունել Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ հայեցակարգը»: Լավրովը նաև ասել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը «պայմանավորվել են պաուզա վերցնել, որպեսզի «քննարկեն առաջարկությունները»:

Ուկրաինայի նախագահ Զելենսկին իր հերթին հույս է հայտնել, որ «պատերազմը տասը տարի չի տևի»: Նա, սակայն, հավելել է, որ Ուկրաինան «պատրաստ է կռվել ևս երկու-երեք տարի»: Ըստ երևույթին, ներգրավված և շահագրգիռ կողմերն սպասում են Թրամփ – Սի Ծինփին բանակցությունների արդյունքներին: