28/10/2025

Որտեղ չկա հոգեւոր կյանք, այլ կան ինտրիգներ, կան խարդավանքներ, երեցֆեյքերի խմբեր

Մի գեղեցիկ օր Նիկոլը երեւի կհիշի 2025 թվականի հոկտեմբերի 26-ը՝ գիտակցելով, որ այդ օրը դրվեց իր անսահմանափակ իշխանության վերջի սկիզբը: Կցանկանա, որպեսզի այդ օրը կրկնվի, որ ինքը փորձի չկրկնել այդ ճակատագրական սխալը:

Բայց, ի տարբերություն ֆանտաստ գրականության, ինքը չի կարող հետդարձ կատարել ժամանակի մեջ: Որքան հիշում եմ, խորհրդային ռուս ֆանտաստ գրողներից մեկի հերոսն էր այդկերպ փորձում փրկել վթարից մահացած իր կնոջը: Ու Նիկոլը կզարմանա, թե ինչու ինքը կատարեց այդ սխալը՝ ունենալով պոպուլիզմի մեծ փորձառություն:

Բայց արդեն ուշ կլինի, որը նուշ չի լինելու, ու մնացած ողջ կյանքում կդատապարտի ինքն իրեն: Բայց դրանից ոչինչ չի փոխվի: Եթե ինքն այլ բնույթի անձնավորություն լիներ, ապա այդ օրը գուցեեւ դառնար վերափոխման օր: Սակայն ինքը հենց այն տեսակից է ու դրա դեմ ոչինչ անել չի կարող:

Մեկ-մեկ մտածում եմ, որ չարը, որպես էներգետիկ սուբստանցիա, իսկապես առկա է աշխարհում: Ու ժամանակ առ ժամանակ այն մարմնավորվում է մոլագար մարդասպանների տեսքով: Բայց կարող է մարմնավորվել նաեւ կեղծ հայրենասերի, ինչպիսին 2018-2020-ին Նիկոլն էր, ու պոպուլիստների տեսքով, ինչպիսին կրկին Նիկոլն էր, բայց տարիներ շարունակ:

Ինչեւէ, վերադառնալով մեր օրերը՝ արձանագրենք, որ երբեմնի «դուխով» Նիկոլը, որը, այսպես կոչված, «ժողովրդավարության բաստիոնի» անվան ներքո ՀՀ-ում ձեւավորել էր անսահմանափակ անձնիշխանություն, կատարեց իր սխալ քայլը:

Իսկ սխալն այն էր, որ հակաեկեղեցական իր ֆեյսբուքյան արշավը փորձեց տեղափոխել իրական կյանք: Ինքը խաբվեց այն առումով, որ իրեն թվաց, թե դահլիճային «իրական Հայաստանն» արդեն դարձել է իրականություն, ու իր մի կոչով հազարավորներ դուրս կգան ընդդեմ եկեղեցու:

Զարմանում եմ, որ ինքը չի գիտակցել, որ դրսում վաղուց արդեն ոչ թե 2018 եւ ոչ էլ նույնիսկ 2019 թվականն է, երբ իր կոչով տասնյակ հազարավոր մարդիկ էին թափվում դուրս՝ փակում փողոցներն ու ճանապարհները, հետո նաեւ շրջափակում Ազգային ժողովի շենքը: Ու բնական է, որ ընդդիմության ակցիաները դրոնով լուսանկարահանող Իոաննիսյանը վարչապետի ակցիայի մասնակիցների փոքր քանակից ազդված՝ լուսանկարներ, եթե դրանք արվել են, չտեղադրեց ֆեյսբուքյան իր էջում:

Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե չփորձեր մի սխալն ուղղել երկրորդով: Այսինքն, չխոստանար կամ չփորձեր ավելի շատ մարդ հավաքել տալ հաջորդ կիրակնօրյա անօրինական պատարագին: Եթե ընդունենք, որ ՔՊԿ-ն ունի 5-10 հազար անդամ, ապա դրանց ընտանիքներով հանդերձ, հաջորդ անօրինական պատարագին կարող է հավաքվել պատկառելի թիվ՝ նույնիսկ այսօրվա Նիկոլի առումով:

Դա դեռ բավական չէր, նախորդ օրվա ձախորդությունը, ավելի ճիշտ՝ պարտությունը, վերջինս փորձել է չեզոքացնել խաղաղության մասին հերթական «նաղլով»: Այն է՝ վերջին մեկուկես տարում սահմանային զոհեր չենք ունեցել: Է՜, ինչո՞ւ պիտի ունենայինք, եթե իր վարչապետությունը ձեռք է տալիս Իլհամին:

Վերջինս ստանում է այն, ինչ ցանկանում է, էլ ի՞նչ իմաստ ունի սահմանային լարվածություն ստեղծելով՝ խնդիրներ առաջացնել Նիկոլի համար, ինչը, իհարկե, չի գիտակցվում այն զանգվածի կողմից, ում համար Նիկոլը դեռեւս մնում է անփոխարինելի՝ «ով, եթե ոչ Նիկոլ» ձեւակերպմամբ:

Կամ էլ պատրաստ է կրկնել «ժողովուրդն է ընտրել տեր հորը», եւ կամ՝ «Կտրիճը կարգալույծ է արվել» բնույթի անհեթեթություններ:

Երկրորդ սխալը, չնայած այն ավելի շատ ոչ թե սխալ է, այլ՝ հանցագործություն, կեղծ իրականություն ներկայացնելն ու դրա լույսի ներքո անօրինական գործողություն կատարելն է: Խոսքն իբրեւ թե եկեղեցիների ու հատկապես Հովհաննավանքի, պետական սեփականության մասին է:

Իրականում դա այդպես չէ, Հովհաննավանքի շինություններն ու նրա զբաղեցրած հողատարածքը, ըստ hetq.am-ի, պատկանում են Եկեղեցուն՝ համապատասխան «կադաստրի թղթով»: Ինչը, ինչպես գիտենք, Նիկոլի համար լուրջ հիմնավորում է:

Բայց, ենթադրաբար, դա չի խանգարի, որպեսզի կառավարության որոշումով ինքը չեղյալ հայտարարի այդ հանգամանքը, որպեսզի, ի վերջո, Հովհաննավանքը դարձնի «իրական» Հայաստանի անօրինական հոգեւոր կենտրոն՝ կարգալույծ արված նախկին քահանայի գլխավորությամբ:

Ու դա, բնականաբար, այլեւս խնդիրներ չի ստեղծի թուրք-ադրբեջանական զույգի հետ վերջինիս բարիդրացիության տեսակետից, ինչպես դա առկա է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեպքում:

Նիկոլի խոսքից մի մեջբերում անեմ, ինչը վկայում է վերջինիս իրական նպատակի մասին՝ հիմնված ստի ու կեղծիքի վրա: «Եթե ես ճիշտ գիտեմ, Հովհաննավանքը, ինչպես բազմաթիվ այլ հուշարձաններ, գտնվում են կառավարության հաշվեկշռում, եւ մի շարք եկեղեցիներ անհատույց օգտագործման են տրված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

Ես կարծում եմ, որ էնտեղ, որտեղ չկա հոգեւոր կյանք, այլ կան ինտրիգներ, կան խարդավանքներ, ֆեյքերեցների թե երեցֆեյքերի խմբեր են գործում, մենք կարող ենք, կա բոլոր բարոյական եւ իրավականն էլ, որ մենք այդ հուշարձանները կվերադարձնենք հանրությանը եւ տեր Արամին եւ նրա նման քահանաներին բոլոր ձեւերով կաջակցենք, որ նրանք Հայաստանում վերականգնեն իրական հոգեւոր կյանքը»:

Բայց կարծում եմ, որ սխալվեց ու այս ծրագրի իրականացումն ինքը չի տեսնի, որովհետեւ իրական հոգեւոր կյանքն առկա է եղել միշտ՝ իր խնդիրներով հանդերձ:

Իսկ այս պատմությունից հետո Եկեղեցին կգնա ինքնամաքրման, ինչն ավելի կմերձեցնի նրան իր հետեւորդների հետ ու ավելի կզորացնի նրա ազդեցությունը մարդկանց հոգիների վրա: