29/10/2025

Մեր օգնությամբ որևէ մեկը չի դառնա Վաղարշապատի համայնքապետ․ Վահրամ Ազատյան

Նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում ավագանու համամասնական ընտրություններ են, որտեղ ի թիվս այլ քաղաքական ուժերի առաջադրվել է նաև Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը, որի ընտրացուցակը գլխավորում է անկուսակցական Վահրամ Ազատյանը։

Մենք այցելել էինք Էջմիածին՝ տես այստեղ, ու ի թիվս այլոց, հարցազրույց ուենցանք նաև պարոն Վահրամ Ազատյանի հետ։

Պարոն Ազատյան, Խոյ ու Էջմիածին համայնքների խոշորացման արդյունքում  ինչ սպասել, որն է շահում, որը՝ կորցնում։

Եթե անկեղծ լինեմ, ապա Էջմիածինը կորցնում է, բայց շահում է ամբողջ Խոյ խոշորացված համայնքը։ Քաղաք Էջմիածնի համար, պարզ է, որ կա բյուջե, որը միավորվելու է Խոյի բյուջեին, բայց քաղաքինն ավելի շատ է ու բաժանվելու է բոլորին հավասարապես։ Խոշորացումն այս դեպքում, այնքան էլ ճիշտ չէ, բայց եթե արվում է, ապա ուշադրության կենտրոնում պետք է լինի ոչ միայն Էջմիածինն, այլև Խոյի գյուղերը։ Այսօրվա դրությամբ 2,3 մլրդ դրամ կազմում է Էջմիածնի բյուջեն, 1,7 մլրդի չափ՝ Խոյի, թվերը բաց աղբյուրներում են ․․․

Կներկայացնեք Ձեզ՝ խնդրեմ, մենք առաջին անգամ ենք հանդիպում։

Մասնագիտությամբ շինարար եմ, Շինարարության և ճարտարապետության համալսարանն եմ ավարտել՝ ժամանակին, երկար տարիներ աշխատել եմ Ռուսաստանում՝ շինարարության և սննդի ոլորտներում, 2020-ին վերադարձել եմ հարազատ Էջմիածին, շինարարական կազմակերպության հիմնադիր եմ՝ Ավա Գրանիտ, քաղաքում կառուցում ենք Կինոյի շենքը, որը շատ վատթար վիճակում էր, երրորդ կարգի վթարային, կտուրին անտառ էր աճում։ Կառուցում ենք նոր համալիր՝ պահպանելով միտքը՝ ամբողջ կինոդահլիճը, երեխաների համար ժամանցի վայրեր, դրական մթնոլորտ ենք ստեղծում մեր Էջմիածնում։

Ազատ Դեմոկրատներ կուսակցության անդամ եք։

Ոչ, ԱԴԿ անդամ չեմ, երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել։

Այդ դեպքում ինչու որոշեցիք մասնակցել քաղաքական, համամասնական ընտրություններին։

Ես բոլոր ջանքերս ներդնում եմ, որ ըմբռնելի լինի՝ համայնքապետի կամ քաղաքապետի պաշտոնը քաղաքական չէ։ Շահում է որևէ քաղաքական ուժի այն քաղաքապետն, ով կարողանում է տիրապետել քաղաքի հիմնախնդիրներին։ Այնպես որ, քաղաքապետերի հարցում քաղաքական պատկանելությունը որևէ նշանակություն չունի, պարզապես այսօրվա օրենքներով պետք է կուսակցությունով մասնակցել, այդպես էլ վարվում ենք։

Իսկ Ազատ Դեմոկրատներ կուսակցությանն ու պարոն Խաչատուր Քոքոբելյանի հետ ծանոթացել եմ, զրույցից բավականություն ստացել, նա գնահատել է իմ ցանկություններն ու ծրագիրը, որով ցանկանում ենք համայնքում փոփոխություններ կատարել, որոշել է օգնել ինձ, որի համար անչափ շնորհակալ եմ։

Ինչպես է կազմավորվել ԱԴԿ համամասնական ընտրացուցակը, ինչ սկզբունքով։

Մեր ընտրացուցակում չկան նախկին իշխանության որևէ մի կուսակցության անդամներ, բոլորն էլ Էջմիածնի ու խոշորացված համայնքի գյուղերի սրտացավ բնակիչներից են, երբևէ որևէ կուսակցական խնդիրներ չեն կատարել, որևէ մեկի հանդեպ պարտավորվածություն կամ պարտականություն չունեն։ Երիտասարդներից մինչև ավագ սերնդի ներկայացուցիչներ են՝ ավագանու թեկնածուներ, նվիրված մարդիկ, ովքեր ես համոզված եմ, մինչև վերջ պատվով կկատարեն իրենց առաքելությունը։

Որոնք են Վաղարշապատ խոշորացված համայնքի առաջնակարգ լուծում պահանջող խնդիրները։

Դրանք շատ շատ են։ Առաջնային են՝ թափառող շներից քաղաքը ազատելը՝ նրանց շնաբուծարաններում տեղավորելը, ես խոստանում եմ, որ մեկ ամսվա ընթացքում այլևս Էջմիածնում թափառող շուն չի լինի։ Այդ հարցը քննարկել ենք, լուծումներն ունենք, ինչը շատ քիչ ծախս կպահանջվի համայնքային բյուջեից։

Քաղաքաշինության խնդիրը շատ խառն է մեզանում․ Անկախությունից ի վեր ճարտարապետական ոճը կորել է Էջմիածնում, ով ինչ ցանկացել, ինչպես ցանկացել՝ կառուցել է։ Մեր քաղաքին պետք է դեմք հաղորդենք, այն բացի 1700-ամյա քրիստոնեական պատմությունից մոտ հազար տարի էլ դրանից առաջ է ստեղծվել։ Էջմիածինը 2710 տարեկան է։ Ճարտարապետական հետաքրքիր, գրավիչ բնութագիր պիտի ունենա մեր քաղաքը, ես ունեմ նախագիծ, նաև խորհրդակցել եմ ճարտարապետների հետ։

Նաև՝ զբոսաշրջության ոլորտը։ Տուրիստները երբ գալիս են Էջմիածին, բացի եկեղեցիներից պետք է հնարավորություն ունենան ժամանակ անցկացնել նաև քաղաքում, դրա համար Զվարթնոցից պետք է Հոգևոր մայրաքաղաքի դեմք լինի, պատմությանը հաղորդակցվեն, եկեղեցիներ հաճախեն։ Ես ապրում եմ սուրբ Շողակաթ եկեղեցու հարևանությամբ ու փոքրուց կապված եմ Հայ առաքելական եկեղեցու հետ։

Որքան եք գնահատում ձեր հնարավորությունները՝ ընտրության հարցում։

Բավականին բարձր, որովհետև շատ լավ թիմ է աշխատում, շատ սրտացավ, նվիրված, բոլորս անում ենք հնարավորը, որ ունենանք դրական ցուցանիշներ։

Մեր հարցումների արդյունքներով, Վաղարշապատի ավագանու համամասնական ընտրություններին մասնակցող որևէ քաղաքական ուժ միանձնյա մեծամասնություն չի կազմելու։ Անցողիկ շեմը հաղթահարելու դեպքում, դուք որ թևի հետ կմիավորվեք՝ ընդհանուրի քաղաքապետ ունենալու համար․ ՔՊ-ի, թե՝ ընդդիմության։ Արդյոք քննարկել եք ․․․

Իհարկե քննարկել ենք, մենք էլ ենք այդպես պատկերացնում, բայց մինչև բուն ընտրությունը տեղի չունենա՝ չենք կարող ասել։ Բայց մենք ունենք հստակ որոշում, այն է՝ մենք ոչ մեկին չենք միանալու, կլինենք մեծամասնություն լավ, չենք լինի, մեր օգնությամբ որևէ մեկը չի դառնա համայնքապետ, որովհետև այդ դեպքում մեր մասնակցելու իմաստը կհավասարվի զրոյի։

Երբ մենք որոշում ենք կայացրել՝ մասնակցել այս ընտրությւոններին, մենք դիտարկել ենք, որ բացի մեզանից ոչ մեկն էլ համայնքապետի հարմար թեկնածու չէ։ Դրանից է առաջացել գաղափարը՝ մասնակցել Վաղարշապատի ավագանու համամասնական ընտրություններին։ Եթե մենք տեսնեինք, որ իրոք կա մեկն, ով կարող է այս քաղաքին, համայնքին դեմք տալ, մենք չէինք մասնակցի, այլ ես կօգնեի այդ մարդուն։ Այլապես ինչու այսքան չարչարվել, տանջվել, հետո օգնել մեկին, ում ի սկզբանե չեմ վստահել, իմաստը որն է։ Եթե մեծամասնություն չկազմենք, կաշխատենք ընդդիմադիր ավագանու դիրքում և, այդպիսով օգտակար կլինեմ իմ քաղաքին, համայնքին։ Ես որևէ մեկին չեմ օգնելու, եթե իրենք կցանկանան, թող միավորվեն մեր շուրջն ու օգնեն ինձ։ Չկա մեկն, ով իմ պես կարող է նվիրվել Վաղարշապատին, այս քաղաքն իմ երակների միջով է անցնում։

Դուք ինչպիսի քարոզարշավ եք վարում, ու ընդհանուր առմամբ, այն որքանով է քաղաքակիրթ։

Արդեն իսկ կան անձնական բնույթի մի շարք վիրավորանքներ՝ մեկը մյուսի հասցեին։ Մենք կփորձենք զերծ մնալ նման բնույթի քարոզարշավներից մինչև հանկարծ ու կփորձեն մեզ թիրախավորել։ Ես քաղաքակիթ եմ, չեմ սիրում նման պայքար։ Ընտրություններից հետո էլ կյանք կա, պետք է կարողանանք պարզճակատ ապրել մեր համայնքում՝ արժանապատիվ։ Ընտրություններով չի ավարտվում, ընդհակառակը՝ սկսվում է ամեն բան։

Իսկ մենք ամենատարբեր բնույթի քարոզարշավ ենք իրականացնում, նաև՝ սոցիալական ցանցերի միջոցով։ Շրջում ենք բոլոր գյուղերով, քաղաքի բակերում ենք հանդիպումներ ունենում, Արագած զանգվածի շենքերի բակերում ենք հանդիպում։

Մենք չենք գալիս քաղաքական կռիվներ վարելու, այլ համայնքը գեղեցկացնելու, բնակիչների կյանքը թեթևացնելու, տրամադրություն փոխելու, հներ – նորեր վեճից ձերբազատելու մարդկանց ․․․

Նախընտրական կարգախոս ունեք, որով առաջնորդվում եք։

Այո, ունենք՝ Կառուցենք մեր համայնքը միասին՝ սրտով և ոգով։ Ոչ նախկին, ոչ ներկա՝ նոր որակ։ Բոլորի կարգախոսներն էլ այսօր շատ հնչեղ են ու շատ գրավիչ։ Ճիշտ է առաջին հայացքից մարդկանց կարող է հրապուրել, բայց իրականությունն է կարևոր։ Եթե կարգախոսների մրցույթ լիներ, մենք ավելի շատ կմտածեինք, գուցե ավելի լավերը կունենայինք, իսկ մեր կարգախոսը բխում է այն բանից, ինչը մենք կարող ենք անել՝ կառուցել, գեղեցկացնել, տրամադրություն փոխել։ Մենք կարող ենք անել բոլորից շատ լավ, մի քանի անգամ ավելին։

Եվ վերջում․ ձեր խոսքը, կոչն ընտրողներին, գուցե առավելապես նրանց, ովքեր դեռ չեն կողմնորոշվել, թե ում ընտրեն։

Այսօր Վաղարշապատ խոշորացված համայնքն ուզում են բաժանել երկու բևեռների՝ փաշինյանական և քոչարյանական, որպեսզի դրանց արանքում նորմալ խոսքն ու միտքը կորչի, չերևա։ Մեր բնակչությանը կոչ եմ անում մերժել երկուսին էլ՝ տեսել ենք՝ և՛ Քոչարյանի, և՛ Սարգսյանի, և՛ Փաշինյանի քաղաքապետերին, որևէ մեկի ժամանակ մեր համայնքը չի շահել, միայն տուժել է։

Այսօր Էջմիածինը՝ լինելով Հոգևոր մայրաքաղաք, ամենահետամնաց վիճակում է, ես շրջում եմ Հայաստանում, տեսնում եմ, թե որտեղ ինչ է կատարվում։ Այնպես որ՝ պետք չէ առաջնորդվել միայն այն բանով, թե ում թեկնածուն է, այլ պետք է դիտարկել բուն թեկնածուին․ ով է նա, ինչ կարող է անել, ինչպես կարող է ծառայել համայնքին, գնահատել, ընտրել նրան, ով կարիք չունի համայնքային բյուջեից գումար գրպանել, ով կենսագրություն ունի, վաստակ, հարգանք ․․․