Կիրակի օրը Հովհաննավանքում ընթացած ֆեյք պատարագին ոչ այնքան ՀՀ քաղաքացիներ էին մասնակցում, որքան ոստիկաններ, ՊՊԾ ու ԱԱԾ աշխատակիցներ, մեծ մասը՝ քաղաքացիական հագուստով։ Շատերին թույլ չտրվեց եկեղեցի մուտք գործել, այդ թվում՝ օրինական քահանային։
Եկեղեցու մուտքի, գյուղի ճանապարհներին, անգամ մարզի տարբեր հատվածներում կանգնեցնում էին այն ընդդիմադիրներին, որոնց ճանաչում էին եւ արգելում էին դեպի Հովհաննավանք գնալ, ուստի պարզ էր, որ վանքում եւ նրա շուրջը բացառապես ՔՊ-ականներ եւ իշխանական ու իշխանամերձ անձինք էին հավաքված։
Բայց մի երիտասարդի՝ Հայկ Դորունցին հաջողվել էր մուտք գործել եկեղեցի, եւ հենց պատարագի ժամանակ նա բացականչեց՝ Ստեփան Ասատրյան, Դուք իրավունք չունեք պատարագ անելու, Ձեզ կարգալույծ են արել։ Կողքին կանգնած հատուկ ծառայությունների աշխատակից մի «հրոսակ» հարձակվեց նրա վրա, ձեռքով բերանը փակեց ու սկսեց քարշ տալ դեպի ելքը։ Այս կադրերը լայնորեն տարածվեցին համացանցում եւ մարդկանց վրդովմունքն առաջացրին։
«Հրապարակը» զրուցել է Հայկ Դորունցի հետ:
– Հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում տեղի ունեցավ աննախադեպ եւ ամոթալի իրադարձություն. առաջին անգամ Հայ առաքելական եկեղեցու տարածքում պառակտիչ պատարագ մատուցվեց, այն էլ՝ կարգալույծ քահանայի կողմից, որին մասնակցեց գործող իշխանախումբը՝ Եկեղեցու եւ մեր հոգեւոր վերնախավի դեմ արշավը գլխավորող Փաշինյանի առաջնորդությամբ: Հենց «ծեսի» ժամանակ Դուք ընդվզեցիք՝ «Ստեփան Ասատրյանն իրավունք չունի պատարագ մատուցել» բացականչելով, ինչից հետո ուժայինները բռնի կերպով հեռացրին Ձեզ տարածքից: Դրանից հետո հետապնդումներ սկսվե՞լ են Ձեր դեմ:
– Չէ, հետապնդումներ չեն եղել։
– Յուրաքանչյուր բարեպաշտ քրիստոնյա, ՀԱԵ յուրաքանչյուր հավատավոր զավակ կվարվեր Ձեր պես, բայց հենց Դուք առանձնացաք խիզախությամբ: Ինչպե՞ս նման բան որոշեցիք, դժվա՞ր էր:
– Դժվար էր այնքանով, որ չգիտեի՝ ինչ իրավիճակում կհայտնվեի։ Ուղղակի որոշեցի եւ արեցի։
– Ընդհանրապես, հանրությանը հետաքրքրում է՝ ո՞վ է Հայկ Դորունցը, մի փոքր կպատմե՞ք Ձեր մասին. ընտանիք, մասնագիտություն, զբաղմունք եւ այլն:
– Հասարակ քաղաքացի եմ։ Ավարտել եմ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետը։ Մեկ տարուց ավելի է, ինչ հանդես եմ գալիս նախաձեռնությամբ Ազատության հրապարակում` կոչ անելով քաղաքացիներին եւ պահանջելով քաղաքական ուժերից համախմբվել՝ միանձնյա իշխանությունը բացառող սահմանադրական փոփոխությունները որպես առաջնահերթություն ընդունելու հարցի շուրջ, որը որպես հետեւանք պետք է ունենա թե՛ այս իշխանության հեռացումը, թե՛, ինչն ավելի կարեւոր է, նմանի վերարտադրության անհնարինությունը։ Համարում եմ, որ միայն այդ ճանապարհով հնարավոր կլինի հեռացնել Նիկոլ Փաշինյանին։
– Ի՞նչ եք կարծում՝ այս հակաեկեղեցական արշավը մինչեւ ո՞ւր կհասնի, հատկապես, որ վարչապետը բացեիբաց հայտարարել է, որ Հովհաննավանքի «պատարագով» տրվում է Մայր Աթոռն «ազատագրելու» մեկնարկը: Ժողովրդին կհաջողվի՞ «ազատագրվել» այս ապազգային իշխանություններից:
– Արդյո՞ք ժողովուրդն ուզում է ազատագրվել այս իշխանությունից եւ եթե ուզում է, դա ինչպե՞ս է արտահայտվում․․․ Իսկ ինչ վերաբերում է հակաեկեղեցական արշավին, եթե Եկեղեցին եւ քաղաքական ուժերը շարունակեն հանդես գալ պատասխանողի եւ առավել եւս՝ պաշտպանվողի դերում, չի բացառվում, որ կարող են հերթական ծանր պարտությունը կրել։







Բաց մի թողեք
Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը. Լուսանկար
Ի՞նչ է հայտարարագրել քաղբանտարկյալներով լի Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ի նոր պետ, Աննա Հակոբյանի վարսահարդարի ամուսին Թամարյանը. Լուսանկար
Իշխանությունները մերժում են ե՛ւ կոնյակը ե՛ւ Արարատը, սակայն շարունակում են պետական գնումներ իրականացնել՝ գնելով «Արարատ» կոնյակ