29/10/2025

ՀԾԿՀ-ն նպատակահարմար է գտել էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել տարեվերջին, միայն թե ընդդիմության ասածով չլինի

Նախօրեին «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ հունիսի 6-ին ՀԷՑ-ի անունից դիմել են ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին՝ հոսանքի գինը իջեցնելու առաջարկով, ընդգծել՝ հունիսի 13-ին հանձնաժողովի նախագահի պատասխան նամակում առաջարկը մերժվել է։

ՀԾԿՀ-ն արձագանքել է՝ նշելով, որ ՀԷՑ-ի առաջարկը ամենևին էլ նպատակ չուներ նվազեցնել սպառողների համար սահմանված սակագները: Կառույցի հայտարարության մեջ նշվում է, որ ՀԾԿՀ-ն նպատակահարմար է գտել էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայումը իրականացնել տարեվերջին՝ համակարգի ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության տարեկան արդյունքների հիման վրա:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (այսուհետ՝ ՀԷՑ) 06.06.2025 թ. առաջարկել էր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (այսուհետ՝ ՀԾԿՀ) 6 ամսվա կտրվածքով՝ 2025 թվականի օգոստոսի 1-ից, վերանայել ՀԷՑ-ի սակագների հաշվարկը։ Մասնավորապես, մի կողմից առաջարկվել էր նվազեցնել էլեկտրաէներգետիկական հաշվեկշռի պլանային և փաստացի ցուցանիշների շեղման արդյունքում 6-ամսյա ժամանակահատվածում ձևավորված շուրջ 3.6 մլրդ դրամ լրացուցիչ օգուտը, իսկ մյուս կողմից՝ հաշվարկներում ավելացնել նախորդ 6 ամսում իրականացված ներդրումների ծավալները` շուրջ 12 մլրդ դրամ։ ՀԾԿՀ-ի փոխանցմամբ՝ այսպիսով, ՀԷՑ-ի առաջարկը ամենևին էլ նպատակ չուներ նվազեցնել սպառողների համար սահմանված սակագները։

«Դա է վկայում ինչպես վերը նշված՝ մեկ գործոնով պայմանավորված սակագնի նվազեցման և մեկ այլ գործոնով պայմանավորված ավելացման առաջարկը, այնպես էլ ՀԷՑ-ի գրությամբ նշված պատճառաբանությունը՝ ապահովելու վարկային պայմանագրերով նախատեսված ֆինանսական ցուցանիշները։

Տեղեկացնում ենք, որ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայումը սովորաբար իրականացվում է տարեկան կտրվածքով, քանի որ էլեկտրական էներգիայի արտադրության և սպառման կանխատեսվող հաշվեկշիռը կազմվում է տարեկան կտրվածքով, և ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների լիարժեք գնահատումը հնարավոր է լինում իրականացնել տարեկան արդյունքներով։

Ընդ որում՝ եթե միայն էլեկտրաէներգետիկական հաշվեկշռի պլանային և փաստացի ցուցանիշների շեղման արդյունքում 6 ամսում ձևավորված հիշյալ 3․6 մլրդ դրամ լրացուցիչ օգուտը սակագների վրա ուներ շուրջ 0.5 դրամ/կՎտժ նվազեցնող ազդեցություն, ապա ՀԷՑ-ի կողմից առաջարկված 12 մլրդ դրամ ներդրումների նախատեսման դեպքում 2 գործոնի հանրագումարային նվազեցնող ազդեցությունը կկազմեր ընդամենը շուրջ 0.2 դրամ/կՎտժ։

Արդյունքում՝ միայն էլեկտրաէներգետիկական հաշվեկշռի պլանային և փաստացի ցուցանիշների շեղման գործոնով, սակագնային տարին չլրացած, սակագների 2025 թվականի օգոստոսի 1-ից վերանայումը կլիներ սակագների չհիմնավորված նվազեցում, ընդամենը 0․2 դրամով, իսկ դրանից 6 ամիս հետո կառաջացներ էական ռիսկ սակագների կրկին բարձրացման։

Ի պատասխան ՀԷՑ-ի վերը նշված առաջարկին՝ ՀԾԿՀ-ն համապատասխան գրությամբ հայտնել էր, որ էլեկտրաէներգետիկական հաշվեկշռի պլանային և փաստացի ցուցանիշների շեղումը սակագների վրա ազդող գործոններից միայն մեկն է և այն էլ 6 ամսյա ժամանակահատվածի համար, որը տարեկան արդյունքներով կարող էր էականորեն փոխվել։

Բացի այդ, սակագների վրա ազդում են նաև այլ գործոններ, որոնց ամբողջական գնահատականը լինում է տարվա ավարտին, ինչը սակագների վրա կարող է ունենալ և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն։

Հետևաբար, նպատակ ունենալով էլեկտրաէներգետիկական համակարգում ապահովել կայուն սակագնային քաղաքականություն՝ ՀԾԿՀ-ն նպատակահարմար է գտել էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայումը իրականացնել տարեվերջին՝ համակարգի ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության տարեկան արդյունքների հիման վրա»,- ասված է հաղորդագրությունում։