The Wall Street Journal-ը գրում է, որ Կրեմլում «լարվածությունն աճում է, Պուտինի շրջապատի մի մասը կցանկանար, որ նա հեռանա և այժմ թուլության ցանկացած դրսեւորում նրա համար ճակատագրական կլինի»:
Ամերիկյան պարբերականը հղում է արել Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի նախկին ղեկավար Վոլֆգանգ Իշինգերին, ում գնահատմամբ՝ Ուկրաինայում պատերազմն առանց առաջադրված նպատակներին հասցնելու կանգնեցնելը «վտանգավոր է անձամբ Պուտինի համար»:
«Հանձնվել և համաձայնել հրադադարին՝ չափազանց բարդ է նրա համար, ով ահռելի զոհերով պատերազմ է սկսել: Նա պետք է մտածի, թե ինչ կասեն զոհված զինվորների մայրերը»,- ասել է Իշինգերը:
Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի նախագահ Աննա Պոլյակովան ընդգծել է, որ Պուտինը պատերազմի ավարտով «շահագրգռված չէ, քանի որ առանց հաղթանակի հրադադարը նրան կներկայացնի որպես թույլի»:
«Պուտինի շրջապատում կան շատ մարդիկ, որ ցանկանում են նրա հեռանալը: Եվ հենց նա թուլություն դրսևորի, վրա կհասնի նրա կառավարման վերջը»,- ամերիկյան պարբերականին ասել է Պոլյակովան:
Ուկրաինական պատերազմը շարունակելու Պուտինի հնարավորությունները սահմանափակ են, ասում են տնտեսական փորձագետները: Նրանք գտնում են, որ Ռուսաստանի ֆինանսական կայունությունը պահպանվում է միայն հին սխեմաների շնորհիվ:
«Բանն այն է, որ Ռուսաստանի փողերն սպառվում են, և նրանք չեն կարող ֆինանսավորել երկարատեւ պատերազմը, կայունության պատրանքը կփլուզվի»,- ասել է Քարնեգի կենտրոնի եվրասիական ուսումնասիրությունների պատասխանատու Ալեքսանդրա Պրոկոպենկոն:
Ի վերջո The Wall Street Journal-ն Ռուսաստանի ապագայի համար կանխատեսել է 1918թ. Գերմանիայի նախադեպը, երբ երկրի տարածք օտարերկրյա ռազմական ուժեր չեն մտել, բայց նա Առաջին համաշխարհային պատերազմում պարտվել է:
Անշուշտ, մամուլի ցանկացած հրապարակում առաջին հերթին քարոզչական նպատակ է հետապնդում, բայց կոնկրետ այդ դեպքում կարեւոր է, որ ամերիկյան պարբերականը նման կանխատեսումներ անում է ռուսական նավթային ընկերությունների նկատմամբ ԱՄՆ ֆինանսների նախարարության կիրառած պատժամիջոցների շուրջ Պուտին-Թրամփ հեռակա բանավեճի համատեքստում:
Կարելի է ենթադրել, որ Վաշինգտոնը ոչ միայն չի թուլացնելու, այլև ավելի է կոշտացնելու Ռուսաստանի նկատմամբ տնտեսական ճնշումները: Մոսկվայում, երևում է, Թրամփի այդ քաղաքականության ողջ վտանգավորությունը գնահատել են:
Արտգործնախարար Լավրովն ակնարկել է, որ Ուկրաինայում պատերազմի դադարեցման ամերիկյան ծրագիրը «քննարկվում է»:






Բաց մի թողեք
«Խաղաղության» պատրանքը՝ թե՛ թուրք-հայ-ադրբեջանական եռանկյան առաջնորդների մակարդակով
Թրամփը վիրավորել է Պուտինին, շահագրգիռ կողմերն սպասում են Թրամփ – Սի Ծինփին բանակցությունների արդյունքներին
Ինչ են ներկայացրել Արայիկ Հարությունյանի փաստաբանները Բաքվի դատարանում