Ադրբեջանի նախագահի աշխատակազմի երկարամյա նախկին ղեկավար Ռամիզ Մեհթիևի դեմ քրեական գործով նոր «բացահայտումներ են արվել»:
Նախ APA գործակալությունը, ապա մյուս իշխանամետ լրատվամիջոցները հրապարակել են Մեհթիևի՝ «Մոսկվա հղած նամակը, որտեղ նա առաջարկում է Ադրբեջանում ստեղծել Պետական խորհուրդ, անցկացնել ազատ, արդար ընտրություններ և անցնել կառավարման խորհրդարանական համակարգի»:
Ո՞ւմ է հասցեագրված «նամակը», ինչպե՞ս է այն հայտնվել մամուլի տրամադրության տակ, այս հարցերը Բաքվի մամուլը չի քննարկում: Ըստ էության, այս պատմության ամենահետաքրքիր դրվագն այն է, որ իշխանական minval-ը Մեհթիևի «քարոզչական թիմ» է անվանում Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության «Համակարգող խորհրդին» և վերջինիս կապում Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ:
Բաքվի լրատվամիջոցը հիմք է ընդունում երկու փաստ: Նախ վկայակոչում է Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության քարոզչությունը, որ Եվրամիությունը «չպետք է Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցության ծրագրեր իրականացնի, քանի որ Ալիևի իշխանությունը ոտնահարում է մարդու իրավունքները, չի կատարում ՄԻԵԴ վճռները և ԵԽԽՎ բանաձևերը»:
Իբրև Մեհթիևի հետ ադրբեջանական վտարանդիության «համերաշխության ապացույց»՝ ադրբեջանական լրատվամիջոցը վկայակոչում է օրերս Գերմանիայում հրավիրված խորհրդաժողովը, որին մասնակցել են Ալիևի իշխանությունը քննադատող լրագրողներ և իրավապաշտպաններ:
Մեհթիևի և Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության կապերի մասին այս տեղեկությունը, գուցե, ուշադրության չարժանանար, եթե այդ շրջանակները ներկայացնող որոշ անձինք կապ չունենային Հայաստանի հանրային և լրագրողական շրջանակների հետ:
Հարգելով այդ մարդկանց բարեվարքության կանխավարկածը, ձեռնպահ մնանք անուններ հիշատակելուց: Բայց եթե նրանք որևէ կերպ, իրոք, առնչվում են Ռուսաստանի հատուկ ծառայություններին, ապա այդ շրջանակների հետ շփումներում հարկ է դրսևորել մեծ զգուշավորություն և նրանց տեսակետներին ու կանխատեսումներին, որ տեղ են գտնում հայաստանյան լրատվամիջոցներում, վերաբերվել վերապահումներով:
Ըստ երևույթին, Մեհթիևի գործը բավական լուրջ է և, գուցե, կապված է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ Մոսկվայի ոչ հրապարակային դիրքորոշման հետ:






Բաց մի թողեք
Որտեղ չկա հոգեւոր կյանք, այլ կան ինտրիգներ, կան խարդավանքներ, երեցֆեյքերի խմբեր
Մեհթիևը «չի հանձնվում», Ադրբեջանում առնետավազք է սկսվել
Իշխանությունն արդեն մտնում է մեր ննջարաններն ու զուգարանները