30/10/2025

ԱԱԾ նկուղներում հոգևորականներ են՝ ինչպես Ստալինի ժամանակներում

Պատմական հեռավոր կամ մոտ ժամանակների մասին մեր տեղեկությունները, պատկերացումները, ընկալումներն ի՞նչ հիմք ունեն:

Պատմությունը վերացական-ֆանտոմային մի բան չէ. երբ այսօր վիճում են, թե ո՞վ էր, դիցուք, մարզպան Վասակը, դավաճա՞ն, թե՞ դիվանագետ-հայրենասեր, հիմք են ընդունում հինգերորդ դարի պատմիչների վկայությունները, մեկը նրան խարանել է «դավաճան», մյուսը՝ ներկայացրել որպես հայոց թագավորության վերականգնմանը նախանձախնդիր՝ հզոր պետական գործչի:

Ի՞նչ գիտենք նախանցյալ դարի ազգային-ազատագրական պայքարի, ցեղասպանության, Հայաստանի անկախության հռչակման, Ալեքսանդրապոլի և Կարսի պայմանագրերի մասին:

Մեր իմացության աղբյուրը փաստաթղթերն են և ժամանակի գործիչների վկայությունները:

Այսինքն, պատմություն է դառնում այն, ինչ գրավոր վկայվում է: Դրանից դուրս ամեն ինչ կամ արվեստ է, կամ՝ ժողովրդական բանահյուսություն, ասք, սագա՝ ինչ անուն ուզում եք, տվեք:

Մեր օրերի ուսումնասիրողը տագնապած է, որ վաղվա սերունդը Հայաստանի մասին իմանալու է, որ ԱԱԾ «նկուղներում հոգևորականներ են՝ ինչպես Ստալինի ժամանակներում, իսկ եկեղեցականը կանգնել է ընդդիմության կողքին»:

Առերևույթ դեպքերը և իրադարձությունները ծավալվում են մեր աչքի առաջ, մամուլը, սոցիալական հարթակներն էլ վրադիր՝ ամեն ինչ արձանագրում են: Եվ Հայաստանի երեք միլիոն քաղաքացի տեսել և լսել է, որ 2021թ. Նորին Սուրբ Օծություն Ամենայն հայոց կաթողիկոս և Ծայրագույն պատրիարք Գարեգին Բ.-ն հրապարակային խոսքում պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Ինչո՞ւ է պահանջել, ունի՞ այդ իրավունքը, բարձրաստիճան հագևորականներին ներկայացվող մեղադրանքները որքանո՞վ են հիմնավոր, դատավարությունը՝ թափանցիկ և արդար,-պատմության տիրույթի հարցեր չեն, այլ՝ պատմագիտության:

Իսկ որպեսզի ապագա ուսումնասիրողը երկվության չմատնվի, այսօր իրողությունները պետք է փաստագրվեն հոջոդայնության կապի մեջ: Եկեղեցին պահանջել է վարչապետի հրաժարականը, վերջինս՝ հարուցել Վեհարանն ազատելու խնդիր: