30/10/2025

Իշխանության ներկայացուցիչները միմյանց հետ մրցում են «ով ավելի մեծ ապուշություն ու անհեթեթություն կասի»

Տպավորություն է, թե իշխանության ներկայացուցիչները միմյանց հետ մրցում են «ով ավելի մեծ ապուշություն ու անհեթեթություն կասի» «նոմինացիայում», եւ մենք` որպես այդ մրցույթի ժյուրիի անդամներ, դժվարանում ենք որոշել, թե ով է «հաղթողը», քանի որ հավակնորդները շատ են:

Հրապարակ թերթը գրել է․ Ահա․ կարդում եմ ֆինանսների գործող նախարար Վահե Հովհաննիսյանի հանճարեղ միտքը․

«Եթե կենսաթոշակն այսօր բարձրացնենք, վստահ եմ` թոշակառուն ավելի վատ կենսամակարդակ կունենա»: Մտքի այս տիտանը, իհարկե, անգրագետ չէ, ոչ էլ թոշակառուների թշնամին է, գուցե նաեւ կփորձի հիմնավորել իր այս հանճարեղ միտքը:

Այնպես, ինչպես Հանրային ծառայությունները կարգավորող իշխանալեզ հանձնաժողովն է փորձել հիմնավորել, թե ինչու են մերժել Կարապետյանների հայտը` հոսանքի սակագինն իջեցնելու հարցում: Այն բանից հետո, երբ Նարեկ Կարապետյանը հրապարակեց այդ տեղեկությունը, որ իրենք ամռանը դիմել են ՀԾԿՀ` հոսանքի սակագինն իջեցնելու առաջարկով, եւ, ով զարմանք` ՀԾԿՀ-ն մերժել է այն, Հանձնաժողովը, ոտուձեռ ընկած, մի «կռուտիտ» հորինեց, որի բովանդակությունը երեւի քչերը հասկացան, բայց որով ուզում էին մարդկանց համոզել, որ սակագնի իջեցումը ոչ թե լավ բան է, այլ` վատ, որովհետեւ այդ իջեցումից «6 ամիս հետո կառաջացներ էական ռիսկ` սակագների կրկին բարձրացման»։

Ուրիշ անհեթեթություններ էլ ենք ամեն օր լսում, որոնց հանդեպ արդեն իմունիտետ ունենք: 2 օր առաջ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը Փաշինյանի հայտնի ելույթի մասին ասել է. «Մարդ ա, պահի տակ ասել է` Արցախը Հայաստան է»:

Պահի տակ կործանարար հայտարարություններ անող այս անմեղսունակները չեն էլ հասկանում, թե իրենց յուրաքանչյուր արտահայտությունն ինչ է նստում այս երկրի ու ժողովրդի վրա: Նրանք ապրում են օր մթնեցնելու ռեժիմով: