Ադրբեջանական քարոզչական İCTİMAİ TV-ն, անդրադառնալով Երևանում հոկտեմբերի 21-22-ը կայացած Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպմանը, պնդել է, թե այդ հանդիպման ընթացքում քննարկվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» հարցը։
«Երևանում կայացած հանդիպման մասնակիցներից մեկը հայտարարություն արեց այցի կուլիսային դրվագների մասին: Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են պատմական հարցեր, այդ թվում՝ (այսպես կոչված) «Խոջալուի ցեղասպանության» շուրջ երկխոսության թեման: Մասնագետները կարծում են, որ սա կարող է լինել խաղաղության գործընթացում Հայաստանի նոր դիրքորոշման մոտեցման ցուցիչ», — նշված է ռեսուրսի YouTube-յան տեսանյութի նկարագրության մեջ։

Այս տեղեկությունը, տեսանյութի նկարագրությանը հղումով, տարածել են նաև հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներ (168․am, Tert.am, Tribune.am և այլն):
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Երևանում հանդիպմանը մասնակցած Մամեդովի ամբողջական հարցազրույցը İCTİMAİ TV-ին, ու պարզել, որ նա չի հայտարարել այն մասին, թե հայաստանյան քաղաքացիական հասարակության հետ քննարկվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» հարցը։
Մասնավորապես, ադրբեջանական հեռուստաընկերության լրագրողը Մամեդովին հարցնում է (հարցազրույցի սղագրություն)`արդյո՞ք ապագայում՝ հասարակությունների հաշտեցման շրջանակում հնարավոր է Հայաստանի կառավարությունը ճանաչի այսպես կոչված «Խոջալուի ջարդերը» որպես ցեղասպանություն։
«Դուք խոսեցիք հասարակությունների մասին։ Ընդհանրապես, մենք գիտենք, օրինակ՝ Ադրբեջանի հասարակությունում վերքերը դեռ մեծ են, վերքեր շատ կան։ Օրինակ՝ եթե մենք խոսում ենք հասարակությունների երբևէ հաշտեցման մասին, կարո՞ղ է արդյոք Հայաստանի կառավարությունը ապագայում Հայաստանում ստեղծել հարթակ, որը պատրաստ կլինի «Խոջալուի ջարդը» որպես ցեղասպանություն ճանաչելու։ Կրկին, եթե տեսական մակարդակում ենք մտածում», — հարցրել է լրագրողը։
Ի պատասխան, Մամեդովն ասում է․ «Տեսականորեն, իհարկե՝ հաշտեցումն այս ողբերգությունների վերաբերյալ վերաբերմունքի ձևավորումն է։ Բայց սա այս պահին արդիական խնդիր չէ։ Մենք պետք է իրականությունից ելնենք։
Եթե այս հարցին փուլային եղանակով նայենք, մեր արդիական խնդիրն է հաջորդ 6 ամսվա ընթացքում է՛լ ավելի դինամիկ պահել այս գործընթացը»։
Փաստացի, տեսանյութում, Մամեդովը չի ասում, որ Երևանում հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ որևէ կերպ քննարկվել է այպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» հարցը։
Հայաստանյան քաղաքացիական հասարակությունը հերքում է
Factor TV-ի եթերում հանդիպման հայաստանցի մասնակիցներից Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը ևս հերքել է տեղեկությունը, թե հանդիպմանը որևէ անդրադարձ է եղել այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությանը»։
«168․am-ը, անցնող օրերի ընթացքում մի կեղծ լուր է տարածում, որ միջոցառման մասնակիցներից մեկը՝ Ֆարհադ Մամեդովը, վերադառնալով Ադրբեջան հայտարարություն է արել, թե միջոցառման ժամանակ քննարկվել է չակերտավար, այպես կոչված «Խոջալուի Ցեղասպանությունը», — ասել է Քոչինյանը՝ նշելով, որ «սա կեղծարարություն է ու պրովոկացիա»։
Հատկանշական է, որ Քոչինյանը՝ երևանյան հանդիպմանը նման հարց քննարկելու վերաբերյալ կեղծ լուրի սկզբնաղբյուր է ներկայացրել 168․am-ին, մինչդեռ լրատվամիջոցը հղում էր արել ադրբեջանական İCTİMAİ TV-ի YouTube-յան տեսանյութի նկարագրությանը, որում իսկապես կար նման պնդում։
Այսպիսով, երևանյան հանդիպման ադրբեջանցի մասնակիցը չի հայտարարել հայաստանյան քաղաքացիական հասարակության հետ «Խոջալուի ցեղասպանության» քննարկման մասին․ նման պնդում է արել Բաքվի քարոզչական İCTİMAİ TV-ին՝ հրապարակված հարցազրույցի տեսանյութի նկարագրության մեջ։
Սրան զուգահեռ, հանդիպմանը մասնակցած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը հերքել է այդ թեմայի քննարկման վերաբերյալ լուրը։
Նանե Մանասյան






Բաց մի թողեք
Իսրայելը՝ Թուրքիայի և Ադրբեջանի արանքում
Այսօր «Բուդապեշտը փլուզված է», և դժվար է ասել՝ Պուտինի «գովեստը մնո՞ւմ է ուժի մեջ»
Ադրբեջանի հյուսիսային շրջաններում անհանգիստ է` Դաղստանը մոտ է, Ռուսաստանը՝ թշնամի