01/11/2025

Իսրայելը՝ Թուրքիայի և Ադրբեջանի արանքում

Թուրքիայի Հանրային կարծիքի ուսումնասիրության ինստիտուտը հրապարակել է հոկտեմբեր ամսվա հարցումների արդյունքները: Թուրքական հանրության 63 տոկոսն, ըստ այդմ, համոզված է, որ «երկրին արտաքին լուրջ վտանգ է սպառնում»:

Թուրքական մամուլն ընդգծում է, որ նման հարցումների պատմության մեջ առաջին անգամ «սպառնալիքի գլխավոր աղբյուր» ճանաչվել է Իսրայելը՝ առաջ անցնելով Միացյալ Նահանգներից:

Այդ տեղեկությունը փոխանցելով՝ իշխանամետ Turkiye պարբերականը նշում է, որ Իսրայելի նկատմամբ հանրային վերաբերմունքի «կտրուկ փոփոխությունը պայմանավորված է Գազայի պատերազմով, Սիրիայի հանդեպ Նաթանյահուի կառավարության ագրեսիվ քաղաքականությամբ և քրդական զինված խմբավորումների հետ համագործակցությամբ»:

Ուշագրավ է, որ, ինչպես թուրքական լրատվամիջոցն է տեղեկացնում, Իսրայելի հանդեպ բացասական վերաբերմունքի «եռակի աճ է արձանագրվել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության անդամների և համակիրների շրջանում»: Դա խոսում է այն մասին, որ Թուրքիայում Իսրայելն, իրոք, դիտարկվում է որպես «սպառնալիք»:

Հանրային կարծիքի հարցման այս տեղեկությունները հրապարակվել են մի փուլում, երբ Թուրքիան ձգտում է մաս կազմել Գազայում միջազգային «կայունացնող ուժերին», իսկ Իսրայելի կառավարությունը՝ վճռականորեն մերժում նույնիսկ վերականգնողական աշխատանքներին թուրքական ընկերությունների ներգրավվածությունը:

Այս ֆոնին իսրայելական որոշ լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել, որ վարչապետ Նաթանյահուն առաջարկել է «կայունացնող ուժերի կազմում ներգրավել նաև Ադրբեջանին»:

Ադրբեջանական մամուլն այդ առթիվ ոչ պաշտոնական տեղեկություն է տարածել, որ Բաքուն «դեռևս վերջնական պատասխան չի տվել, բայց գտնում է, որ նման առաքելության համար անհրաժեշտ է ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից տրված մանդատ»:

Ըստ էության, Նաթանյահուի դիվանագիտական քայլը, եթե, իհարկե, իրականություն է, որ նա Ադրբեջանին խաղաղապահ առաքելության առաջարկ է արել, ուղղված է Թուրքիայի և Ադրբեջանի «բաժանմանը»: Ալիևի համար չափազանց դժվար է համաձայնել Գազայում միջազգային «կայունացնող ուժերի կազմում ներգրավվելուն», եթե այդ հարցում Թուրքիան մերժվում է:

Մյուս կողմից, եթե հավատանք պաշտոնական քարոզչությանը, ադրբեջանական հանրության գերակշիռ մեծամասնությունը համարում է, որ Իսրայելը բարեկամ և ռազմավարական դաշնակից երկիր է: Միաժամանակ ադրբեջանական հանրությունը Թուրքիան ընկալում է ոչ միայն որպես եղբայրական երկիր, այլև՝ Ադրբեջանի ինքնիշխանության և անվտանգության երաշխավոր:

Ստացվում է, որ «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքով միմյանց փոխլրացնող Թուրքիան և Ադրբեջանը Իսրայելի հարցում տարբեր դիրքորոշումներ ունեն, և դա ոչ այնքան քաղաքական, որքան որ մենթալ-քաղաքակրթական խզում է: Ըստ երևույթին, Իսրայելը փորձում է այդ «բաժանարարն» ավելի խորացնել:

Անշուշտ, սոցիոլոգիական մեկ հարցման արդյունքների հիման վրա չի կարելի հանգել սկզբունքային նշանակության հետևությունների: Թուրք-իսրայելական հարաբերությունները գիտեն նաև ռազմավարական համագործակցության բազմաթիվ օրինակներ: Բացառված չէ, որ երկու երկրների հարաբերությունները վաղը բոլորովին այլ մակարդակի և որակի հասնեն:

Այդուհանդերձ, առկա իրավիճակում, երբ Թուրքիան բացահայտել է Մերձավոր Արևելքում գերակայություն հաստատելու աշխարհաքաղաքական նպատակը, իսկ Իսրայելում դա ընկալում են որպես սպառնալիք, թուրք-իսրայելական մրցակցությունը, հավանաբար, շարունակվելու է, ինչը, երևի, ազդեցություն է թողնելու թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա: