01/11/2025

Կիրակի օրը ընդամենը մասնակցելու եմ պատարագին եւ չեմ կարծում, թե երթով կշարժվենք ինչ-որ տեղ․ մարզպետ

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը համաձայն չէ, որ Հովհաննավանքում անցած կիրակի կայացած ֆեյք պատարագին քիչ մարդ է մասնակցել, ասում է՝ մարդկանց թիվն այնքան շատ էր, որ մեքենաները եկեղեցուց մի քանի կիլոմետր հեռու էին կայանել, չէին կարողանում մոտենալ։

Մինչդեռ իր ղեկավարած մարզի Օհանավան գյուղում տեղի ունեցած հավաքից հետո, ասում են՝ Փաշինյանն ուղղակի կատաղել է, որ մի քանի հարյուր մարդ է ընդամենը մասնակցել պատարագին, եւ հրահանգել է բոլորին` նախեւառաջ մարզպետներին, հաջորդ հավաքին մեծ թվով մարդու ներկայություն ապահովել:

«Իրականում նման խնդիր դրված չի եղել, որ մարդ բերենք, եւ դրված չէ նաեւ հիմա։ Ինչ վերաբերում է ավտոբուսով մարդկանց տեղափոխել` ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը։ Այդ մեքենաներն էին, որ չէին կարողանում մոտ գալ, եւ ավելի քան մեկ կիլոմետրի չափ մարդիկ քայլել են, որ հասնեն եկեղեցի, եւ մասնակցել են բոլոր այն մարդիկ, որ իմացել են, որ այդ օրը պատարագ կա»,- ասաց մարզպետը մեզ հետ զրույցում։

– Պարոն Մովսիսյան, Դուք ճանաչո՞ւմ եք Ձեր մարզի այն բնակչին, որի բերանը փակելով, խեղդելով՝ ՊՊԾ աշխատակիցը դուրս հանեց եկեղեցուց, եւ ի՞նչ զգացողություն ունեցաք այդ պահին։

– Չեմ ճանաչում, չգիտեմ էլ՝ մեր մարզից էր, թե՝ ոչ։ Ես շատ վատ եմ վերաբերվում այն երեւույթին, որ պատարագի ժամանակ մարդը փորձում է խոչընդոտել պատարագը, շատ վատ եմ վերաբերվում եւ կարծում եմ, որ եթե դուրս չբերեին, մեր հավատավոր ժողովուրդն էր դուրս բերելու։

– Հավատավոր ժողովրդի որոշ ներկայացուցիչներ խնդրում էին ՊՊԾ աշխատակցին՝ երիտասարդի բերանն այդքան ուժեղ չսեղմել` քաղաքացին խեղդվում է։

– Չէին խեղդում, ես հետո կադրերն եմ տեսել, որովհետեւ այդ պահին չէր էլ լսվում մեզ մոտ, բայց ակնհայտ էր, որ սադրանք էր կատարվում, դրա համար կարծում եմ` ճիշտ էր դուրս բերելը։

– Ճշմարտության մասին բարձրաձայնելը, փաստորեն, սադրանք եք որակում, քաղաքացին ընդամենը ասում էր, որ Ստեփան Ասատրյանն այլեւս քահանա չէ եւ իրավունք չունի պատարագ մատուցելու։

– Ես կարծում եմ, որ դա սադրանք էր, որը թույլ չտվեցինք, կանխեցինք։

– Մայր Աթոռը երեկ «պղծություն» է որակել Հովհաննավանքում տեղի ունեցածը՝ հենց նույն հիմքով, որ պատարագ մատուցողը քահանա չէր։ Ասել են նաեւ, որ եկեղեցին վերաօծման կարիք ունի։ Դուք, փաստորեն, մասն եք դարձել այդ պղծության, այս կիրակի կրկին մասնակցելո՞ւ եք։

– Շատ վատ եմ վերաբերվում այդ հայտարարությանը, Հովհաննավանքում պատարագ է տեղի ունեցել, եւ կարծում եմ՝ նմանատիպ գնահատականներ տվողները պետք է մտածեն նախ իրենց հոգեւոր կյանքի ու մեղքերի մասին։

– Դուք Արագածոտնի մարզ­պետն եք, ո՞նց եք Ձեզ զգում, որ գլխատվել է Ձեր մարզի հոգեւոր թեմը, առաջնորդն է կալանավորվել, հոգեւորական է ձերբակալվել՝ շինծու մեղադրանքով։

– Ես կարծում եմ, որ հոգեւորական լինելը չի նշանակում, որ կարող ես օրենքից դուրս գործողություն անել, եւ, ընդհակառակը՝ լինել հոգեւորական՝ նշանակում է ավելի ուշադիր լինել օրենքների նկատմամբ եւ օրինակ ծառայել քաղաքացիների նկատմամբ, որոնք հոգեւոր կյանքով չեն ապրում։ Ես համաձայն չեմ ու կարծում եմ, որ այն, ինչ կատարվում է, օրենքի շրջանակներում է։

– Ձեր կարծիքով, ինչո՞ւ Փաշինյանը որոշեց երկրորդ անգամ Հովհաննավանքի պատարագին մասնակցել։

– Սովորական պատարագ է, եւ պատարագին վերաբերվում եմ որպես հոգեւոր սնունդ, եւ նաեւ իմ անձամբ մասնակցությունը խոսում է Տեր Արամին աջակցության մասին, եւ վարչապետն էլ իր խոսքում ընդգծել է, որ այն մարդիկ, ովքեր իրենց դուրս են դրել եկեղեցուց, այդ մարդիկ իրավունք չունեն խոսել հոգեւոր կյանքից եւ դասեր ու ուղղություններ տալ, եւ հակառակը՝ պետք է աջակցել այն մարդկանց, ովքեր իրապես ապրում են հոգեւոր կյանքով եւ Աստծո խոսքով։

– Այս կիրակի օրվա պատարագից հետո հնարավո՞ր է Վեհափառի դեմ ձեր սկսած արշավը փորձեք հանգուցալուծել, նկատի ունեմ՝ հնարավո՞ր է երթով շարժվեք դեպի Մայր Աթոռ։

– Ես կիրակի օրը ընդամենը մասնակցելու եմ պատարագին եւ չեմ կարծում, թե երթով կշարժվենք ինչ-որ տեղ։