01/11/2025

Հակաեկեղեցական արշավի համատեքստում անտեսվում է անչափ կարեւոր մի հարցադրում․ Գևորգ Դանիելյան

«Հրապարակի» զրուցակիցն իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արդարադատության նախկին նախարար, Հայ եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհրդի աշխարհիկ անդամ, ՀՀ վաստակավոր իրավաբան Գեւորգ Դանիելյանն է:

– Փաշինյանն օրեցօր ավելի սանձարձակ է դառնում Հայոց եկեղեցու դեմ իր արշավում՝ հատելով բոլոր «կարմիր գծերը»: Կալանավորված սրբազաններ, քահանաներ, Վեհափառի հասցեին եղկելի խոսույթ եւ հակաեկեղեցական արշավի նոր արարը՝ Հովհաննավանքի եւ, մեծ հաշվով՝ եկեղեցապատկան գույքի զավթումը: Նոյեմբերի 2-ին եւս կարգալույծ Ստեփանը «պատարագ» է մատուցելու: Ինչպե՞ս պայքարել այս ինքնիրավչության դեմ, որքա՞ն հեռու կգնա այս վարչախումբը:

– Յուրաքանչյուր սթափ մտածող մարդու համար պարզ է, որ իբր առանձին հոգեւորականների դեմ կիրառվող առերեւույթ ապօրինությունները հեռահար թիրախավորել են անմիջապես Հայ եկեղեցուն՝ որպես ազգային ինքնության միջնաբերդի, որպես ամենաբարձր վարկանիշով օժտված հանրային կառույցի եւ, վերջապես, որպես համայն հայությունը միավորող խորհրդանիշի: Ընդ որում, առանձին հոգեւորականների դեմ կիրառվող իշխանական լծակները խոր հակասության մեջ են ոչ միայն կրոնական կանոնական իրավունքի, այլեւ կոնվենցիոն եւ սահմանադրական հիմնադրույթների հետ: Հնչեցվում են մերկապարանոց մեղադրանքներ, տարածվում են իբր հավաստի տեսանյութեր, որոնց հաջորդում է ակնհայտ անհիմն պահանջ, որ այդ ապօրինի ու շինծու նյութերին պաշտոնապես արձագանքի Մայր Աթոռը:

Չեմ էլ անդրադառնում դրանց պատրաստման եւ տարածման կտրվածքով ճչացող իրավախախտումներին: Եվ երբ Մայր Աթոռը ողջամիտ պահվածքով չի արձագանքում այդ անհեթեթ նյութերին, քանզի կանոնակարգերով դրանք քննելու այլ հստակ ընթացակարգեր են ամրագրված, որոնք տեղ չեն թողնում, որպեսզի պաշտոնյաները կամ մասնավոր անձինք փորձեն միջամտել հավատքին, շրջանառության մեջ են դրվում դրանց՝ իբր հավաստիության պարզունակ հետեւություններ: Ձեր այն հարցին, թե որքան հեռու կգնան իշխանություններն իրենց այս առերեւույթ հակասահմանադրական քայլերով, սկզբունքորեն հանրահայտ է, ուղղակի նպատակահարմար չէ հրապարակավ կանխատեսումներ անել եւ բացահայտել նաեւ հնարավոր հակաքայլերը: Ուղղակի ցավալի է, որ երկրի համար այս աննախադեպ ծանր ճգնաժամի պայմաններում, երբ խիստ անհրաժեշտ է համախմբել եղած սուղ ուժերը եւ մի բռունցքի վերածվելով դիմակայել այդ մարտահրավերներին, փորձում են երերուն դարձնել համազգային արժեհամակարգի հենասյուները, արհեստականորեն ստեղծել ազգային երկպառակության նորանոր սպառնալիքներ:

– Մայր Աթոռի դիրքորոշումը հստակ է՝ «իշխանությունների հովանավորմամբ Հովհաննավանքում կատարվող գործողությունները պղծություն են, չունեն հոգեւոր որեւէ արժեք եւ անվավեր են, իսկ Հովհաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման»: Իրավական ի՞նչ գործիքակազմ է մտադիր կիրառել Մայր Աթոռը, որպեսզի ոչ միայն վերականգնվեն Հովհաննավանքի նկատմամբ իր իրավունքները, այլեւ եկեղեցականների բնականոն ծառայությունը։

– Ինչպես հայտնի է, Մայր Աթոռի կողքին ամուր կանգնած են ազգային դիմագիծ ունեցող եւ երեւույթներն առողջ ընկալող լավագույն փաստաբանները, ընդ որում՝ շատերը հստակ պատրաստակամություն են հայտնել՝ միանալու աշխատանքներին, ուղղակի դեռ դրա կարիքը չկա: Մյուս կողմից՝ իմաստ չեմ տեսնում դժգոհելու, ցավոք, այն հանրահայտ հակաօրինական եւ ամենաթողության մթնոլորտից, որի ականատեսն ենք: Գործի են դրվել անհրաժեշտ բոլոր միջոցները, մեր կողմից նախատեսվում են նաեւ դրանց մի մասը միջազգային ատյաններում քննարկման առարկա դարձնելու քայլեր եւ այլն: Որպես իրավապահ համակարգում առնվազն երեք տասնյակ տարիներ պատասխանատու պաշտոններում աշխատած մարդ՝ կխնդրեի իմ երիտասարդ գործընկերներին՝ չտարվել իրավիճակային գայթակղություններով, այլ մտածել առավել համակարգված ու լինել հեռատես:

– Կիրակնօրյա հերթական կեղծ բեմադրության համար կրկին օգտագործվելու են վարչական լծակներ, տարբեր պաշտոնյաներ էլ «կուլտմասսավիկի» դեր են ստանձնել: Հնարավո՞ր է կասեցնել հայոց հոգեւոր տան հերթական անարգությունը, թե՞ սպառնալիքն ավելի մեծ չափերի է հասել:

– Սպառնալիքը, իրոք, գերազանցել է խելամտության սահմանները, գործի են դրվում մեթոդներ, որոնք խայտառակում են ոչ միայն նախաձեռնության հեղինակներին, այլեւ ողջ պետաիշխանական համակարգը, ինչն արդեն սոսկ ներքաղաքական խնդիր չէ: Ինձ նաեւ անհանգստացնում է հնարավոր բախումների հեռանկարը, ինչը բնավ անիրատեսական չէ: Մայր Աթոռը հնարավոր եւ անհնարին միջոցներով փորձում է կանխել այդպիսի զարգացումները, սակայն սա պետք է գիտակցեն նաեւ նախաձեռնության հեղինակները եւ դրան աջակցող իրավասու պաշտոնյաները: Այն ծրագիրը, որ հրապարակավ հրամցվել է, ոչ թե միտված է Հայ եկեղեցու իբր բարեփոխմանը, այլ ազգային եկեղեցին անգլուխ թողնելուն՝ դրանից բխող ծայրահեղ վտանգավոր հետեւանքներով հանդերձ: Մասնավորապես, իբր քայլերի հերթականություն է հռչակվել․ ա) Վեհափառի հրաժարականը, բ) որեւէ ամուսնացյալ քահանայի ժամանակավոր կաթողիկոս կարգելը, գ) կաթողիկոսի ընտրության նոր կանոնակարգ մշակելն ու հաստատելը եւ դ) դրա հենքով նոր կաթողիկոս ընտրելը: Այս քայլերը ոչ միայն բացահայտ ապօրինի են, այլեւ, եթե պայմանականորեն ընդունենք, որ կարող են գործի դրվել, ապա ակնհայտ է, որ արդյունքում հանգեցնելու են մի տեւական շրջան առանց կաթողիկոսի կրոնական կառույցի անգործության կամ քաոսային իրավիճակի: Հավելենք, որ Վեհափառ տերը սթափ է գնահատում այս ամենը եւ ոչ մի պարագայում հրաժարականի չի դիմի՝ անկախ հետագա սպառնալիքներից: Այս ամենի հիմքում անթաքույց դրված է այն մեղադրանքը, թե իբր Հայ եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ, մասնավորապես՝ իբր պահանջել են վարչապետի հրաժարականը, ուստի եթե դրանով իրենք արդեն միջամտում են պետությանը, ապա պետք է տրամաբանական համարեն նաեւ պետության կողմից Հայ եկեղեցու միջամտությունը: Նախ, Վեհափառ տերը ոչ թե պահանջել է հրաժարական, այլ իրավիճակի ծայրահեղ լարվածությունը գնահատելով, հայրական հորդորով դիմել է իր զավակին, ինչը դուրս է աշխարհիկ ընկալումներից: Բացի այդ, քաղաքականությամբ զբաղվելը հոգեւորականների համար արգելք չէ, եւ դա չի կարող մեկնաբանվել իբր պետությանը միջամտելու դրսեւորում: Ցավոք, մեզանում աղոտ պատկերացում ունեն թե՛ քաղաքականության էության եւ թե՛ դրանով զբաղվելու հարցադրումների առնչությամբ:

– ՀՀ գործող իշխանությունների հակաեկեղեցական գործողությունները դատապարտող հայտարարությամբ հանդես են եկել Ռուս ուղղափառ եկեղեցին, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Որքանո՞վ են ազդեցիկ նման հայտարարությունները: Միջազգային հանրության, հատկապես՝ դավանամերձ եկեղեցիների ճնշումը մեծացնելու ուղղությամբ քայլեր կատարվո՞ւմ են:

– Միայն այդ կրոնական կառույցներն են դատապարտել, ցավոք, մյուսները, հատկապես Հայաստանում գրանցված կրոնական կազմակերպությունները դեռեւս լուռ են, գուցե զգուշավոր մտածում են, որ հերթն իրենց չի հասնի: Պետք է հիասթափեցնեմ, արդի լիբերալիզմի վայրի քաղաքականությունը չի խնայելու որեւէ կրոնական կառույցի, քանզի կրոնն ինքնին տեղ չունի իրենց գլոբալիզմի ծրագրերում, վերջապես, անձի անհատականությունն ամրագրող որեւէ գործոն, այդ թվում՝ ազգային եւ կրոնական պատկանելությունը, համարվում է ավելորդ «ճոխություն»:

Ընդհանրապես, այս ողջ հակաեկեղեցական արշավի համատեքստում անտեսվում է անչափ կարեւոր մի հարցադրում. Հայ եկեղեցին ոչ միայն Հայաստանում բնակվող, այլեւ աշխարհասփյուռ հայության հոգեւոր կենտրոնն է, եւ երբ խոսում են ժողովրդին արժեք ներկայացնելու մասին, ապա առնվազն պարտավոր են ելակետ ընդունել, որ այս դեպքում արդեն սա չի կարող սահմանափակվել սոսկ հայաստանաբնակ ժողովրդի մասով, սա բացարձակապես հարմար առիթ չէ ժողովրդի անունից հանդես գալու նկրտումներին, հակառակ պարագայում մենք արդեն անցնում ենք երկպառակության էլ ավելլի բարձր նշաձողի, դրանում ներառելով սփյուռքին: Որքան էլ փորձենք անտեսել այս արշավի ակունքները, դրանք զուգադիպում են ադրբեջանաթուրքական հայատյաց մեղադրանքներին:

Մի՞թե հասկանալի չէ, որ Արցախում դասական իմաստով ցեղասպան քաղաքականության դառը պտուղները մարսելու եւ նորանոր պահանջներին իրավաչափության շղարշ հաղորդելու նկրտումներով, կեղծ օրակարգ է առաջադրվել: Մայր Աթոռը որեւէ արտաքին ուժի ազդեցությունից դուրս է, իսկ այդ առնչությամբ արշավն արդարացնելը մերկապարանոց է: