01/11/2025

ՀՀ իշխանության «էստի համեցեք»-ի պատասխանը. Ալիևը Երևան չի այցելի

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հնարավոր չի համարում Իլհամ Ալիևի այցը Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի համար։ Այս մասին Ալիևի օգնականն ասել է տեղական լրատվամիջոցների հետ զրույցում:

Ադրբեջանական կողմը չի հավատում, որ ստեղծված պայմաններում Ադրբեջանի մասնակցությունը այս միջոցառմանը ամենաբարձր մակարդակով հնարավոր կլինի։

Միաժամանակ, ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, որ Ալիևին ուղղված պաշտոնական հրավեր-նամակ դեռևս չեն ստացել։

Ավելի վաղ, ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Թուրքիայի նախագահի գրասենյակի աղբյուրին, նշել էր, որ Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Էրդողանի մասնակցության վերաբերյալ կոնկրետ տեղեկատվություն չկա:

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ 2026 թվականին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին Հայաստանը հրավիրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Հիշեցնենք նաև, որ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը երեկ լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր՝ ամեն ինչ անելու են, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն այցելեն Երևան ու նրանց համար Հայաստանում ամեն ինչ հանգիստ լինի: