01/11/2025

Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տանը հայտնաբերել է 1-ամյա տղայի մարմին

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

«Վայք» շտապ բուժօգնության բժիշկների խումբ ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վայքի բաժին և հայտնել, որ ժամը 05:40-ի սահմաններում բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վայոց ձորի բնակավայրերից մեկի սեփական տուն, որտեղ հայտնաբերել են երեխայի դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել համայնքային ոստիկանության ծառայողները և ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության խումբը։

Տեղում պարզվել է, որ մահացածը 1-ամյա Մոնթե Հ.-ն է, և ըստ հարազատների՝ երեխային հայտաբերել են մահացած։

Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։