01/11/2025

Պատահակա՞ն է, որ Բաքվում ՌԴ դեսպանը հպարտ է, որ 3 տարում 7 անգամ այցելել է «ազատագրված Ղարաբաղ»

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խիստ քննադատության է ենթարկել ուկրաինական կարգավորման, իր ձևակերպմամբ, «արևմտյան պլանը»:

Նա չի հաստատել, որ Մոսկվան այդ բովանդակության պաշտոնական փաստաթուղթ ստացել է, բայց նրա կոնկրետ հղումներից պարզ է դառնում, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում եվրոպացիների առաջարկությունները լրջորեն ուսումնասիրվել են:

Զախարովան կրկնել է կարգավորման Մոսկվայի նախապայմանները, որ ընդհանուր առմամբ հանգում են հետևյալին՝ «հանրաքվեների միջոցով ձևավորված տարածքային իրողությունների և ռուս, ռուսախոս բնակչության իրավունքների ճանաչում, Ուկրաինայի չեզոք, ոչ բլոկային, ոչ միջուկային երկրի կարգավիճակի սահմանում, Ուկրաինայում Ռուս ուղղափառ եկեղեցու կանոնական տարածքի վերականգնում»:

Ի՞նչ նկատի ունի Զախարովան, երբ ասում է, որ Կիևը պետք է ընդունի «հանրաքվեների միջոցով ձևավորված տարածքային իրողությունները»: Խոսքն այն մասին է, որ կարգավորման համաձայնագրով ոչ միայն Ղրիմը և ամբողջական Դոնբասը, այլև Զապորոժիեի և Խերսոնի մարզերը լիովին պետք է ճանաչվեն ռուսաստանապատկան՝ ինչպես ամրագրված է ՌԴ սահմանադրության վերջին լրացումներով:

Արեւմտյան մի քանի լրատվամիջոցներ գրեթե համաժամանկյա անդրադարձել են Կրեմլի քարոզիչ Սոլովյովի վերջին հաղորդումներից մեկին, որտեղ քննարկվել է «Նովոռուսիայի ուկրաինացի բնակչության ապագայի հարցը»:

Ինչպես արձանագրել են արևմտյան վերլուծաբանները, Սոլովյովը «նրբաքողարկված շեշտադրումներով արծարծել է հետկոնֆլիկտային Ուկրաինայում և «Նովոռուսիայում» բնակչության տեղաշարժի հավանականությունը»:

Հաղորդման իմաստն այն է եղել, որ Ռուսաստանի համար «չափազանց բարդ է լինելու կառավարել Խերսոն և Զապորոժիեի՝ գրեթե մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքները, որտեղ ուկրաինացիները բացարձակ մեծամասնություն են կազմում»:

Սոկովյովը և նրա հյուրերն, ընդսմին, նկատել են տվել, որ Կիևում, Խարկովում, Օդեսայում և Նիկոլաևում «զգալի թիվ են կազմում ռուսները և այլազգիները, որոնց մայրենի լեզուն վաղուց ռուսերենն է»:

Արևմտյան վերլուծաբանները տպավորություն են ստացել, որ Ռուսաստանն առաջարկում է «հակաամրտության կարգավորումից հետո բնակչության փոխանակում իրականացնել»: Այսինքն, Մոսկվայի կանխածրագրով Խերսոն, Զապորոժիե քաղաքների, այդ մարզերի ուկրաինացի բնակչությունը կարող է տեղափոխվել Կիև, Օդեսա, Խարկով և Նիկոլաև, իսկ ռուս և ռուսախոս բնակչությունը՝ «Նովոռուսիա»:

Պատմությունն, ինչ խոսք, բնակչության «փոխանակման» նախադեպեր գիտի: Նման փորձ ունեն Թուրքիան և Հունաստանը, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Լեհաստանից և Չեխոսլովակիայից իրականացվել է գերմանացի և գերմանախոս բնակչության զանգվածային տեղահանություն և Գերմանիայում վերաբնակեցում: Ռուսաստանը, հավանաբար, ոչ միայն Ուկրաինայի քաղաքական համակարգի «դենացիֆիկացիայի», այլև այդ երկրում էթնիկ «մաքրագործումների» խնդիր է փորձում լուծել:

Ընդ որում, Մարիա Զախարովան պնդում է, որ Ուկրաինայում «պետք է այնպիսի կարգավորում, որ կբացառի հակամարտության ռեցիդիվը»: Այսինքն, Ուկրաինան պետք է պարտավորվի, որ տարածքային, ենթակառուցվածքների, այդ թվում՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի և ժողովրդագրական ահռելի կորուստների հետ «վերջնականապես և լիովին հաշտվում է»:

«Նովոռուսիայում» խաղաղ ճանապարհով էթնիկ զտումներ իրականացնելու Ռուսաստանի մտադրվածությունը, ուզենք, թե ոչ, բայց ուղղակիորեն ասոցացվում է 2023 թվականի Արցախի շրջափակման, պաշարման և մեկօրյա ահաբեկչական պատերազմի հետ, որ Ադրբեջանն իրականացրել է ՌԴ զինված ուժերի ներկայությամբ, լռելյայն համաձայնությամբ, ըստ էությամբ՝ նրանց մասնակցությամբ:

Պատահակա՞ն է, որ Բաքվում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Եվդոկիմովը հպարտ է, որ երեք տարում յոթ անգամ այցելել է «ազատագրված Ղարաբաղ»: