01/11/2025

ՌԴ-ում ակցիզային հարկի ավելացումը հայ խաղողագործներին խնդրի առաջ է կանգնեցրել

ՀՀ կառավարությունը կաջակցի Վայոց ձորի խաղողագործներին՝ այդ կերպ փորձելով մեղմել Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերման հետ կապված խնդիրները։

Պաշտոնական տվյալներով՝ այս տարի Վայոց ձորի մարզում արտադրված Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի բերքը կազմում է շուրջ 5500 տոննա, որից մթերված ծավալը կազմում է շուրջ 3400 տոննա։

Արդյունքում՝ շուրջ 2100 տոննա խաղողի իրացման խնդիր է առաջացել։

Խնդրի առաջացման պատճառները

Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ 2024 թվականին գինու արտահանման ծավալը կազմել է շուրջ 4․17 մլն լիտր, որը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է շուրջ 0․2 մլն լիտրով կամ 4 %-ով։ 2025 թվականի 8 ամիսներին գինու արտահանման ծավալը կազմել է շուրջ 2,5 մլն լիտր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է շուրջ 0․4 մլն լիտրով կամ 12․3 %-ով։

Այս ցուցանիշները ցույց են տալիս, որ գինու արտահանման ծավալները շարունակական նվազման միտում ունեն։ Արտահանման ծավալների կտրուկ կրճատման հարցում նշանակալի ազդեցություն ունի Ռուսաստանի Դաշնությունը, որի մասնաբաժինը ընդհանուր արտահանման ծավալում կազմում է շուրջ 80 %։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության դիտարկմամբ՝ գինու արտահանման ծավալների նվազումը պայմանավորված է արտահանման հիմնական շուկայում՝ ՌԴ-ում, գինու ակցիզային հարկի փոփոխության արդյունքում իրացման արժեքի բարձրացմամբ և բնակչության գնողունակության մակարդակի նվազմամբ։

ՌԴ-ում ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում՝ 2․5 – 3 անգամ

ՌԴ Դաշնային հարկային ծառայության պաշտոնական մամուլի հաղորդագրության համաձայն՝ 01.05.2024-ից մինչև 31.12.2024 թվականը ներառյալ, թունդ (լիկյորային) գինու և լցնովի թունդ գինու ակցիզային դրույքաչափը սահմանվել է 141 ռուբլի՝ 1 լիտրի դիմաց՝ նախկին 47 ռուբլու փոխարեն։

Ակցիզային դրույքաչափի բարձրացումը շարունակվել է նաև 2025 թվականին՝ դառնալով 147 ռուբլի՝ 1 լիտրի համար։ Հաջորդ տարի այս ցուցանիշը կհասնի 153 ռուբլու՝ 1 լիտրի դիմաց։

Սա նշանակում է, որ ընթացիկ և սպասվող ակցիզային դրույքաչափերի բարձրացումներն էլ ավելի կազդեն արտահանման ծավալների կրճատման վրա և կհանգեցնեն հայկական խաղողի իրացման ռիսկերի մեծացմանը։

Ըստ Մհեր Գրիգորյանի՝ խնդիրը երկարաժամկետ լուծման կարիք ունի

«Իրացման խնդիրը կարող է լուծվել 2100 տոննա Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողը կոնյակի սպիրտի արտադրության համար մթերելու միջոցով», — Կառավարության նիստում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, սակայն, այս մոտեցման հետ այնքան էլ համաձայն չէր։ Վերջինիս դիտարկմամբ՝ խնդիրը երկարաժամկետ և հիմնարար լուծումների կարիք ունի։ «Այս հարցի ֆունդամենտալ լուծումը ո՞րն է լինելու։ Որ ամեն տարի սուբսիդավորենք ու այս թանկ սորտից սարքենք սովորական խաղողի սպի՞րտ․․․Անտրամաբանական ցիկլի մեջ ենք հայտնվում»,-ասաց փոխվարչապետը։ Խոջոյանը խոստացավ՝ առաջիկայում նախարարությունը խնդրի հիմնարար լուծման առաջարկով հանդես կգա։

Պետական աջակցության նախապայմանները

Պետության աջակցությունից կարող են օգտվել այն տնտեսվարողները, որոնք Վայոց ձորի մարզից առնվազն 700 տոննա և ավելի քանակությամբ, նվազագույնը 220 դրամով, Արենի և Ոսկեհատ տեսակների խաղող կմթերեն։

Այդ ծավալով մթերման դեպքում յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար պետությունը կսուբսիդավորի 70 դրամի չափով։ 2100 տոննան ամբողջությամբ մթերվելու դեպքում ցուցաբերվող աջակցության չափը կկազմի շուրջ 147 մլն դրամ։

Այսպիսով, ՌԴ-ում ակցիզային հարկերի բարձրացման հետևանքով Հայաստանում գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունները խնդրի առաջ են կանգնել։ Կառավարությունը գնում է իրավիճակային, կարճաժամկետ լուծման տարբերակով՝ փորձելով բյուջեից ավելի քան 100 մլն դրամ սուբսիդավորման միջոցով ժամանակավոր լուծում տալ ձեռնարկատերերի խնդրին։

Գայանե Մարկոսյան