08/11/2025

Ռուբեն Վարդանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից և նոր փաստաբանից էլ հրաժարվել

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեության 10-ամյակի կապակցությամբ նախաձեռնության համահիմնադիր, ներկայում Բաքվում ապօրինի կալանքի տակ պահվող բարերար և մարդասեր Ռուբեն Վարդանյանը, կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի միջոցով, ուղերձ է փոխանցել «Ավրորայի» համայնքին: 

«Սիրելի՛ ընկերներ, աջակիցներ և գործընկերներ,

Նախևառաջ՝ շնորհակալ եմ։ Ձեր հավատքը, առատաձեռնությունն ու վստահությունը հնարավոր դարձրին այն, ինչը մի ժամանակ անհնար էր թվում։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 10-ամյակի նախօրեին, անձնապես ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել բոլոր այն ընկերներին ու բարերարներին, որոնք հավատացին Հայաստանում ծնունդ առած՝ մարդասիրական համաշխարհային նախաձեռնություն սկսելու տեսլականին, վստահեցին ինձ և աջակցեցին իրենց առատաձեռնությամբ: Հենց նրանց նվիրվածությունը վառեց այն կայծը, որն ի վերջո վերածվեց «Ավրորա» շարժման։

Երբ 2014 թվականին մեր ընտանիքն առաջին անգամ ձեռնամուխ եղավ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և «Ավրորա» մարդասիրական մրցանակի կյանքի կոչմանը, մենք այն պատկերացնում էինք որպես ութ տարվա ճանապարհ՝ մինչև 2023 թվականը՝ հուսալով, որ «Ավրորան» կվերածվի միջազգային շարժման՝ ունենալով արմատներ Հայաստանում և երախտագիտության գործուն առաքելություն, որը կշարունակեն ուրիշները։

Համավարակի պատճառով մեր նախանշած ժամկետը երկարաձգվեց մինչև 2024 թվականը, երբ Երևանում բացվեց Ավրորա Մարդիգանյանին եւ Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակը՝ որպես երախտագիտության և հույսի խորհրդանիշ։ Այս իրադարձությունը դարձավ նաև հանգրվանային՝ ազդարարելով իմ ակտիվ մասնակցության ավարտը։

Ես խորապես շնորհակալ եմ Նուբարին և Վարդանին, ովքեր ի սկզբանե աջակցեցին նախաձեռնությանը որպես համահիմնադիրներ։ Առանձնահատուկ երախտագիտությունս եմ հայտնում Նուբարին և նրա ընտանիքին՝ 2023 թվականից հետո «Ավրորայի» առաջնորդությունը ստանձնելու և այն հաջորդ փուլ տանելու համար։ Հուսով եմ, որ Միացյալ Նահանգներում տեղակայված լինելու դեպքում էլ այն կշարունակի պահպանել իր հայկական արմատները։

Շնորհակալություն եմ հայտնում խորհրդի և ընտրող հանձնաժողովի բոլոր անդամներին` «Ավրորայի» առաքելությանը նվիրված լինելու, քրտնաջան աշխատանքի և հանձնառության, ինչպես նաև՝ այն իսկապես եզակի երևույթ դարձնելու գործում ձեր աջակցության համար։

«Ավրորայի» հիմքում դրված գաղափարը՝ Երախտագիտությունը, մարդկային հիմնարար արժեք է։ Մեկնաբանելով Սբ Ֆրանցիսկոսի մտքերը՝ կցանկանայի ընդգծել, որ «երախտագիտությունն է ծնում ամենաիսկական ցնծությունը»։ Եվ իսկապես, գործուն երախտագիտությունը, կամ՝ «Երախտագիտությունն՝ ի գործ»-ը առողջ ու կարեկից ցանկացած համայնքի առանցքում է։

Գտնվելով այստեղ՝ Բաքվում, ես ավելի քան երբևէ ոգեշնչված եմ «Ավրորա» մրցանակի դափնեկիրներով և «Ավրորայի» ավելի լայն համայնքով՝ մարդկանցով, որոնք առանց ճանաչման կամ ուշադրության արժանանալու ձգտման ծառայում են ուրիշներին։ Հենց այս անխոնջ ջանքերն են մարմնավորում «Ավրորայի» ոգին։ Դուք իսկական հերոսներ եք, և «Ավրորայի» հիմնադիրները մշտապես հույս են փայփայել, որ շատերը կհետևեն ձեր օրինակին:

Նախաձեռնության 10-ամյակի կապակցությամբ «Ավրորային» մաղթում եմ շարունակական հաջողություններ՝ խորը հավատով, որ երախտագիտությունը կշարունակվի արտահայտվել գործով։

Երախտագիտությամբ և հույսով՝

Ռուբեն Վարդանյան»:

Բաքվում հերթական «դատական նիստի» ընթացքում Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է վերջերս նշանակված փաստաբան Էմիլ Բաբիշովի ծառայություններից:

Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Ադրբեջանի հարցերով փորձագետ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։

Հոկտեմբերի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Աբրահամ Բերմանի ծառայություններից ավելի վաղ հրաժարված Վարդանյանին նոր փաստաբան է նշանակվել՝ Էմիլ Բաբիշովը:

Հայտնել էին, որ Վարդանյանը նոր փաստաբանի նշանակման մասով առարկություն չունի։

«Այսօր շինծու «դատական նիստի» ժամանակ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է հայատյաց փաստաբանի ծառայություններից։ Նա ճիշտ է վարվել՝ Բաբիշովը ակնհայտորեն տորպեդահարում է այդ «դատական» ֆարսը, որը, հիշեցնեմ, ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ», – հայտարարել է Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ բավական է տեսնել սոցցանցում Բաբիշովի էջը՝ համոզվելու համար, որ նա հայատյաց հայացքներ ունի։
«Բացի այդ, նա իր էջում զետեղել է արհամարհական-հեգնական բովանդակությամբ տեսանյութ, որտեղ ադրբեջանցիները Շուշիում գտնվելիս հարցնում են՝ «ի՞նչ է պատահել, Փաշինյան» (արտահայտություն, որը 2020 թվականին ասել էր Ալիևը-խմբ.)»,-նշել է նախկին պատգամավորը։

Հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է փաստաբան Աբրահամ Բերմանի ծառայություններից։ Ընտանիքի միջոցով փոխանցված իր մեկնաբանության մեջ Վարդանյանը նշել է, որ դա պարտադրված որոշում էր։ Հայտնի բարերարը փաստել է, որ անցած ամիսների ընթացքում սպառվել են պաշտպանության ընթացակարգային բոլոր հնարավորությունները: Վարդանյանը հայտարարել է, որ իրեն պաշտպանության պատրանք պետք չէ, և ինքը հրաժարվում է մասնակցել այդ ֆարսին։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանի գործը Բաքվում առանձին է քննվում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների և մյուս հայ բանտարկյալների գործից: