07/11/2025

Լուկաշենկոյի միջնորդությամբ Ալիևը կարող է Պուտինի «գիրկը վերադառնալու» ընտրություն կատարել

Ղազախստանի նախագահի ջանքերը՝ Իլհամ Ալևին ներգրավելու ԱՄՆ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովին, հաջողություն չունեցան: Նոյեմբերի 6-ին Սպիտակ տանը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կյուրընկալի միայն Կենտրոնական Ասիայի հինգ երկրների առաջնորդներին:

Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան» գնահատում է, որ գագաթնաժողովը «կոչված է որոշարկելու այդ տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ համակարգային մոտեցումը և ամրապնդելու առանցքային բոլոր ուղղություններով համագործակցությունը»:

Ղազախստանցի քաղաքագետ Դերյա Կարաևը, մինչդեռ, համոզված է, որ Դոնալդ Թրամփը Կենտրոնական Ասիայի հինգ երկրների նախագահներին «մրցագորգ է հրավիրել, որպեսզի պահանջի աշխարհաքաղաքական կողմնորոշման հստակեցում»:

Ըստ Կարաևի, Կենտրոնական Ասիայի քաղաքական վերնախավի համար «բազմավեկտոր արտաքին քաղաքականության և չեզոքության մասին շաղակրատանքների ժամանակն սպառվում է, տարածաշրջանը չի կարող խուսանավել հավաքական Արևմուտքի, Չինաստանի և Ռուսաստանի միջև»:

Ղազախստանցի քաղաքագետն, ընդսմին, չափազանց ուշագրավ դիտարկում է անում, որ ԱՄՆ նախագահի և առհասարակ ամերիկյան աշխարհաքաղաքական ծրագրավորումներում այնպիսի կառույցներ, ինչպիսիք ԱՊՀ-ն է, Շանհայի համագործակցության կազմակերպությունը, Թուրքական պետությունների կազմակերպությունը և «նույնիսկ ԲՐԻԿՍ-ը լեգիտիմ չեն, որպես պարտնյոր կամ մրցակից չեն դիտարկվում»: Դիտարժան է, որ նա Կենտրոնական Ասիայի «կողմնորոշիչների» շարքում Թուրքիան չի նշում:

Վաշինգտոնում նոյեմբերի 6-ին գումարվով 1+5 գագաթնաժողովի՝ Հայաստանի համար կարևորությունը մեծ է առաջին հերթին նրանով, որ Ադրբեջանը որպես Կենտրոնական Ասիայի «կենսական մաս», ինչպես Իլհամ Ալիևն է ձևակերպել, ԱՄՆ կողմից մերժվել է:

Եվ խնդիրն այստեղ ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները չեն, այլ այն, որ Կասպյան տարածաշրջանում գլոբալ ինտեգրացիան, որքանով հասկացվում է, Միացյալ Նահանգները ծրագրավորում է 3+5 կամ Հարավային Կովկաս-Կենտրոնական Ասիա «հավասարման» ձևով:

Սկզբունքային առումով դա Հարավային Կովկասը «վասալացնելու» ալիևյան նկրտումների չեզոքացման ծրագիր է, որ Հայաստանի և Վրաստանի համար մի կողմից ինքնիշխանության ամրապնդման, անվտանգային միջավայրի բարելավման և եվրաատլանտյան քաղաքակրթական տարածքին ներգրվելու հնարավորություն է, մյուս կողմից՝ լրջագույն մարտահրավեր, որովհետև ոչ միայն «ադրբեջանական նախագիծ» իրացնելու, այլև դինաստիական իշխանությունը երաշխավորելու մոտիվացիաներով առաջնորդվող Ալիևը կարող է Պուտինի «գիրկը վերադառնալու» ընտրություն կատարել:

Ըստ երևույթին, այդ համատեքստում պետք է գնահատել ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների Խորհրդի նիստին Ադրբեջանի պաշտպանության նախարարի մասնակցությունը և Մոսկվայի կողմից Հարավային Կովկասի ստատուս-քվոն 3+3 ձևաչափում հաստատելու խոսույթի վերաակտուալացումը:

Զգաստացնում է հատկապես ՌԴ ԱԽ քարտուղար Շոյգուի հայտարարությունը, որ Հայաստանը և Ադրբեջանը «դեռևս հեռու են հարաբերությունների կարգավորումից»: Ալիևն, ամենայն հավանականությամբ, օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների «ուղղակի խոյահարման» չի գնա, բայց և, երևի, դրանք «կրծքով չի պաշտպանի»:

Իրավիճակը պահանջում է Հայաստանի բոլոր պատասխանատու ուժերի և ռեսուրսների կայուն, նպատակամետ կոնսոլիդացիա: Ոչ ոք չի կարող, չպետք է մոռանա, որ 2023-ի մայիսին Լուկաշենկոն Բաքվում Պուտինի անունից Իլհամ Ալիևին Ռուսաստան-Բելառուս միութենական պետության Կովկասի «կուսակալ է նշանակել»: