08/11/2025

Դավիթ Խուդաթյանը մեկ շաբաթ է արձակուրդում է քարոզարշավին ակտիվ մասնակցելու համար

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մեկ շաբաթ է, ինչ արձակուրդում է՝ Վաղարշապատի ընտրություններում ՔՊ թեկնածուի քարոզարշավին ակտիվ մասնակցելու համար։

Հրապարակ թերթը գրել է․ Նիկոլ Փաշինյանը Խուդաթյանի հետ է հույս կապում՝ հաշվի առնելով այն, որ նա Արմավիրի քաղաքապետն էր, ապա՝ մարզպետը, հիմա տարածքայինի նախարարն է եւ կարողացել էր ավագանու ՔՊ-ական 100 տոկոսանոց կազմ ձեւավորել, որը, ի դեպ, աշխատում է նաեւ այսօր՝ հերթական համայնքապետի հետ։

Չնայած Դավիթ Խուդաթյանն ու նախկին սոցապնախարար, այժմ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը, Արմավիրի նախկին մարզպետ, այժմ՝ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթեւոսյանը տապալել էին Փարաքարի ընտրությունները, որով նույնպես շատ ակտիվ զբաղվում է, բայց Նիկոլ Փաշինյանը որոշել է նրանց մեկ անգամ եւս «առաջնագիծ» գործուղել, այս անգամ՝ Վաղարշապատ։

Էջմիածնի դպրոցներից մեկի տնօրենը, որի անձը չենք բացահայտում, որ աշխատանքից չազատեն, Փաշինյանին ու նրա շրջապատին խորհուրդ է տալիս Էջմիածինը չհամեմատել ո՛չ Արմավիրի, ո՛չ Փարաքարի հետ։ Ասում է՝ Արմավիրը Թալինից, Գյումրիից ու այլ տեղերից վերաբնակեցված մարդկանցով ստեղծված համայնք է՝ ասելիք եւ ուրույն նկարագիր չունեցող։ Խմբեր կան՝ տարանջատ, որոնց կամքին տիրել են՝ մաս-մաս հետներն աշխատելով։

«Իսկ Էջմիածինը հազարամյակների պատմություն ու բնավորություն ունեցող քաղաք է, որին «կուտ տալ» չի կարելի։ Եթե Դավիթ Խուդաթյանին հաջողվել է Արմավիրում միատարր ավագանի ձեւավորել ու համայնքը փոխանցիկ դրոշի պես մի ՔՊ-ականից մյուսին փոխանցել, չի նշանակում, որ նույնը կարող է անել նաեւ Էջմիածնում, որովհետեւ այս քաղաքը հիշողություն ու արժանապատվություն ունի, սուտն ու կեղծիքը չի հանդուրժում։ Դիանա Գասպարյանն էլ էր, չէ՞, ՔՊ-ական։ Բավական չէ՝ քաղաքի համար ոչինչ չարեց, իր տերերին էլ «քցեց»։

Հիմա էլ բերել, հայրուրաց Մեխակյանին են սկուտեղի վրա մատուցում։  Չենք ուզում՝ պահեք ձեզ, դուք արդեն ապացուցել եք, որ սեփական բարեկեցությունն ապահովելուց զատ, այլ բանի ընդունակ չեք»,- ասաց զրուցակիցս։

Նրան վիրավորել է իր գործընկերների՝ դպրոցների տնօրենների, ուսուցիչների նկատմամբ ՔՊ-ի «ռեպրեսիվ» պահվածքը։ Ցավում է, որ իշխանության թողտվությամբ Արգիշտի Մեխակյանն անհիմն ու շինծու հիմնավորումներով  պաշտոնանկ է անում դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններին։ «Կոպտորեն փակում է մտավորականի բերանը։ Վերջին մեկ ամսում դպրոցի երկու եւ մանկապարտեզի մեկ տնօրենի է ազատել աշխատանքից, որովհետեւ «հանդգնել» են մերժել ՔՊ-ին։

Եվ ի՞նչ։ Կարծում է վախեցրե՞ց, թե՞ ընդհակառակը՝ վանեց նաեւ մյուսներին։ Մեխակյանի ու նրա հովանավոր Խուդաթյանի կարճ խելքով՝ բռնաճնշումներն իրենց օգտին են աշխատելու։ Նյու Յորքում էլ էր Թրամփի թիմն ամեն գնով պայքարում քաղաքապետի իր թեկնածուի հաղթանակի համար, բայց ինչ-որ մահմեդական երիտասարդ հաղթեց, չէ՞… Բա սրանց ինչի՞ է թվում, թե մատն ում վրա դնեն, քաղաքապետ են դարձնելու»։

Գյուղացու նկատմամբ խորին հարգանքով հանդերձ, զրուցակիցս չթաքցրեց իր զայրույթը գյուղաբնակների պահվածքից․ «Գյուղերից եկել՝ քաղաքն իրենց ձեռքը վերցնել են ուզում։ Արգիշտի Մեխակյանի քարոզարշավին եմ հետեւում․ ոչ մի ծանոթ դեմք չկա, բոլորը գյուղերից են՝ Մեխակյանից սկսած, Խուդաթյանով ու մարզպետ Խաչատրյանով վերջացրած։ Շատ ծիծաղելի է՝ գյուղի ցեխերից եկել, քաղաքի ասֆալտից են խոսում, եւ մեզ՝ հոգեւոր մայրաքաղաքի բնակիչներիս, քաղաքային կյանքի, կենցաղավարության դասեր են տալիս։ Քարուքանդ փողոցներով քարոզարշավ են անում, ընտրվելու դեպքում նորոգելու խոստումներ տալիս՝ անհարմար չզգալով, որ նույն խոստումները նույն փողոցներով անցնելիս բարբաջել է նաեւ իրենց թիմակից, նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը»։

Զրուցակցիս վերլուծությամբ՝ եթե ընտրակեղծիքներ չլինեն, ՔՊ-ի թեկնածուն չի հաղթի։ «Բայց Մեխակյանի պարտությունից էլ եմ վախենում։ Դրա տերերը թույլ  չեն տա, որ հանգիստ ապրենք։ Մի կինո էլ Էջմիածնում կնկարեն՝ հաղթած համայնքապետին փակելու համար»։

Էջմիածնի քաղաքապետի ՔՊ թեկնածու Արգիշտի Մեխակյանն այնքան է նեղվել հոր ուխտն ուրանալու մասին մեր եւ այլ լրատվամիջոցների հրապարակումներից, որ դեպրեսիայի մեջ է ընկել եւ անգամ ցանկացել է կես ճանապարհին դուրս գալ պայքարից, սակայն նրա քարոզարշավի կնքահայրը՝ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, համոզել, հետ է բերել։

Բայց Մեխակյանի հոգեվիճակը չի հանդարտվել, եւ որպեսզի նրան խաղաղեցնեն, օրերս Էջմիածնի շտաբում մինի ժողով են արել, որին մասնակցել են Խուդաթյանը, Արմավիրի մարզպետը, շտաբի այլ անդամներ եւ որոշում են կայացրել, որ այսուհետ միայն յուրային լրատվամիջոցների հետ պետք է թեկնածուն շփվի։ Նրանց, որոնք վտանգ չեն ներկայացնում թեկնածուի համար եւ տհաճ հարցեր չեն տա։

Հավաքի ընթացքում մի բոլ վայրահաչել են լրատվամիջոցների հասցեին, եզրակացրել, որ «լրատվամիջոցները նախկիններից կոռումպացված են»՝ պետք է նրանցով էլ զբաղվել։ Հիշեցնենք, որ իշխանական այս թիմը 18-ից առաջ նույն լրատվամիջոցներին սրբադասում էր ու գիշեր-ցերեկ սեր խոստովանում։