Երեկ կեսգիշերին մոտ երկաթուղով Ադրբեջանի տարածքով Հայաստան է հասել 1000 տոննա ղազախական ցորենը։
Կառավարության մամուլի ծառայության հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևն «Այրում» կայարանում դիմավորում ղազախական ցորենով բեռնված գնացքը։
«Սա ոչ միայն ունի կարևոր քաղաքական, այլև տնտեսական նշանակություն։ Էականորեն կրճատվում է Հայաստան տեղափոխվող բեռների վրա ծախսվող ժամանակը»,- նշել է Խուդաթյանը։
Դեսպան Բոլատ Իմանբաևն իր հերթին հայտնել է, որ սա իսկապես կարևոր, պատմական իրադարձություն է, որը հնարավոր է դարձել բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածության շնորհիվ։
Հիշեցնենք, որ հացահատիկով բեռնված գնացքը Հայաստան է տեղափոխվել Ղազախստան- Ռուսաստան-Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթուղային ուղով։
Ավելի վաղ, նոյեմբերի 6-ին՝ շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռ տեղափոխվեց. ռուսական 1000 տոննա ցորենով բեռնված 15 վագոնները հասան Հայաստան, իսկ նույն «Այրում» կայարանում գնացքը դիմավորեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։






Բաց մի թողեք
Երևանի 28 փողոցներում լուսավորության ծրագիրը կատարվել է ընդամենը 35 տոկոսով
ԵՄ-ից ստացած գրանտով 92-ին մենք Թուրքիայից հացահատիկ ենք գնել․ Հարությունյան
Քանի՞ զբոսաշրջիկ է ՀՀ այցելել 2025 թ. հունվար-սեպտեմբերին. Ուշագրավ տվյալներ