Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հոկտեմբերի 29-ին տեսանյութով էր հանդես եկել, որտեղ հայտարարում էր, թե քաղաքացիներին հրավիրում է երկխոսության, քաղաքացիները կարող են իրենց հարցերն ուղարկել նախարարություն՝ պատրաստ է պատասխանել դրանց։
Հրապարակ թերթը գրել է․ Թղթի վրա ամեն ինչ լավ էր հնչում, բայց իրականությունը ցույց տվեց, որ հերթական ձեւականությունն էր, այլ ոչ թե իրական երկխոսություն։ Քաղաքացիներն իրենց հարցերը նախարարին պետք է ուղարկեին էլեկտրոնային փոստով եւ ստանային պատասխան։
Տեսանյութին կից նշված էր․ «Արդարադատության նախարարության ոլորտին առնչվող եւ ձեզ հուզող հարցերն ուղարկեք մեր պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ info@moj.am»։
Սակայն «երկխոսությունը» չստացվեց, տեսանյութի մեկնաբանությունների դաշտում հարյուրավոր մարդիկ սկսեցին գրել՝ Հայաստանում արդարադատություն գոյություն չունի, նախարարության էլփոստն անգամ չի գործում։ «Բայց դուք գիտե՞ք, որ ձեր էլեկտրոնային փոստը նորմալ չի էլ գործում, մտնում ես՝ էջը անկապ հարցեր է տալիս, վերջում էլ չի բացում։ Մեկ էլ՝ հեռախոսավարուհիները չգիտեն՝ ոնց օգնել։ Էլ որտեղի՞ց արդարադատություն լինի»։ Մեկ այլ օգտատեր գրել էր, որ նախարարությունը պետք է ղեկավարի ոլորտին ծանոթ մասնագետ, ոչ թե մարդ, որը պաշտոնը ստանալուց հետո նոր սկսում է հասկանալ իր գործը։ Գրել էին․ «Արդարադատություն չկա, նախարարը կա»։ Ոմանք էլ քննադատում էին, որ նախարարն անտեսում է իշխանության ապօրինությունները․ «Տիկին նախարար, ե՞րբ եք պատրաստվում դիմել ակնաբույժի՝ Նիկոլ Փաշինյանի ապօրինությունները վերջապես տեսնելու համար»։
Նախարարի խոսնակ Մարիամ Մելքումյանից հետաքրքրվեցինք՝ քանի՞ հարց են ստացել, ի՞նչ բնույթի են դրանք, վերջնաժամկետը ե՞րբ է։ «Հարցերը տարբեր են, բայց ամփոփում դեռ չենք արել։ Վերջնաժամկետ չենք սահմանել։ Դեռ ստանում ենք։ Հավաքագրման փուլում ենք, երբ վերջնականացնենք՝ ինֆորմացիա կտանք»։






Բաց մի թողեք
Պոլիտեխնիկում մոռացել են ռեկտորի նոր մրցույթը հայտարարել, հոգաբարձուների խորհուրդ էլ չունեն․ Լուսանկար
600 միլիոն դրամ Հանրապետության հրապարակը զարդարելու համար
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիքին, որը կցուցադրվի