Թուրքական Ahaber հեռուստաընկերությունը հրապարակայնացրել է C-130 «Հերկուլես» ռազմատրանսպորտային ինքնաթիռի նոյեմբերի 11-ի թռիչքի և Վրաստանի օդային տարածքում կործանման ժամանակացույցը:
Ըստ այդմ՝ ինքնաթիռը Տրապիզոնից օդ է բարձրացել Թուրքիայի ժամանակով 09:50-ին: Ժամը 11:06-ին ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանի Գյանջա քաղաքի ռազմական օդանավակայանում, որտեղից Տրապիզոն վերադառնալու համար կրկին օդ է բարձրացել ժամը 13.20-ին: Ինքնաթիռը դիտարկումից դուրս է մնացել թռիչքից 27 րոպե հետո, նույն պահին էլ խզվել է նրա հետ կապը:
Ինքնաթիռի խորտակման վայրը Վրաստանի տարածքում է, բայց գտնվում է Ադրբեջանի սահմանից ընդամենը հինգ կիլոմետր հեռավորության վրա: Վրաստանի դիսպետչերական ծառայությունից լրատվամիջոցներին հավաստիացրել են, որ ինքնաթիռի անձնակազմից աղետի ազդանշան չեն ստացել:
Դիտորդներն արձանագրել են, որ Գյանջայից մինչև «Հերկուլեսի» կործանման վայր օդային հեռավորությունը հարյուր կիլոմետր է: Ըստ այդմ՝ թուրքական ռազմատրանսպորտային ինքնաթիռը Վրաստանի օդային տարածքում գտնվել է «ընդամենը մի քանի րոպե»:
Դիտարժան է, որ աղետի հետևանքով «զոհված զինվորների» մասին առաջին հիշատակումն արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը միայն ժամեր անց է հաստատել, որ ինքնաթիռում գտնվել են քսան զինվորականներ:
Ուշադրություն է գրավում հանգամանքը, որ Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Կոբախիձեի հետ, որից հետո աղետի վայր է ուղարկվել թուրքական «Աքինչի» հետախուզական ԱԹՍ:
Իսկ ավելի վաղ ադրբեջանական գրեթե բոլոր լրատվամիջոցները գրել են, որ «որոնողա-փրկարարական աշխատանքներ կատարելու համար Վրաստանի ՆԳՆ-ն ներգրավել է ուղղաթիռ, քանի որ տեղանքը լեռնային է, ինքնաթիռի կործանման վայր հասնելու այլ հնարավորություն չկա»:
Մինչդեռ վրացական լրատվամիջոցների տարածած լուսանկարներից և տեսանյութերից ակնհայտ է դառնում, որ ինքնաթիռի բեկորների տարածքում գործում են հրշեջ և հատուկ նշանակության ավտոտրանսպորտային միջոցներ:
Բավական արտառոց է նաև «Հերկուլեսի» կործանման վերջին մի քանի վայրկյանների տեսագրությունը: Ո՞վ է հասցրել ֆիքսել այդ կադրերը: Դրանք ցույց են տալիս, որ թուրքական ինքնաթիռը գտնվել է լիովին անկառավարելի վիճակում: Բաց աղբյուրները «Հերկուլեսը» բնութագրում են որպես իր տեսակի մեջ ամենահուսալին:
Այն ունի չորս շարժիչ: Թուրքական կողմը Վրաստան է գործուղել ոչ միայն փրկարարների, այլև ռազմական մասնագետների և հատուկ նշանակության զորաջոկատ: Պաշտպանության նախարար Գյուլերը հայտարարել է, որ ինքնաթիռի հայտնաբերված բեկորները «գտնվում են հսկողության տակ»:
Տպավորություն է, որ Թուրքիան օդային աղետի հետաքննությունը Վրաստանին չի վստահելու:






Բաց մի թողեք
Աղետը «փրկել է» Թուրքիայի «Ազգային ալյանսը»
Թուրք ամերիկյան ջերմացումներ ընդդեմ Ռուսաստանի՝ Թուրքիան կհետևի՞ ԱՄՆ հորդորին
Ինչու է հրաժարվել Հայաստան այցելել Թրամփ կրտսերը․ Լուսանկար