Մի քանի օր առաջ Քննչական կոմիտեն հերթական շոուն էր բեմադրել․ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի տանը խուզարկություններ արեցին, այնուհետեւ նրան ձերբակալեցին։
Հրապարակ թերթը գրել է․ Լուր տարածվեց, թե այդ ձերբակալությունը կապ չի ունեցել Քերոբյանի պաշտոնավարման ժամանակահատվածի հետ: Այժմ էկոնոմիկայի նախկին նախարարը մեղադրվում է շուրջ 17 տարի առաջ տեղի ունեցած ինչ-որ գործարքի մեջ, որի հետ կապված՝ ՔԿ-ն վարույթ է հարուցել: Վահան Քերոբյանին մասնավորապես մեղսագրվում է հանցավոր կազմակերպությանը մասնակցելու եւ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման հանցանք:
Ըստ քննչականի՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ ստեղծվել է հանցավոր կազմակերպություն, որը կեղծ փաստաթղթերով 2008-2014 թթ․ հափշտակել է Երեւան համայնքին պատկանող շուրջ 74 հեկտար մակերեսով հողատարածքներ: Կոմիտեն հաղորդում է, որ այդ «կազմակերպության անդամները» անշարժ գույքերն իրենց հետ փոխկապակցված ընկերությունների միջոցով տարբեր ժամանակահատվածներում գրավադրել են բանկերում՝ ստանալով 10 մլն եւ ավելի ԱՄՆ դոլարի վարկեր: Թե Վահան Քերոբյանը կոնկրետ ինչպես է «հանցավոր կազմակերպությանը» մասնակից դարձել եւ ներգրավվել փողերի լվացման գործում, քննչականը չի հստակեցնում: Այդ տարիներին Քերոբյանը «Սթար Դիվայդ» ՓԲԸ գործադիր տնօրենն է եղել:
Ըստ քննչականի, «հանցավոր կազմակերպությունը» ստեղծել են գինու-կոնյակի գործարանի սեփականատեր Հովհաննես Մարգարյանը, Կադաստրի կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը, ինչպես նաեւ մի քանի ընկերության սեփականատեր Գ. Ա.-ն` գործարար Գեւորգ Աֆանդյանը, նախկին «Սթար» սուպերմարկետների ցանցի եւ «Արզնի» հանքային ջրերի գործարանի ու այլ ընկերությունների սեփականատերը:
Հաղորդվել էր, որ 9 անձ ձերբակալվել է, որոնցից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, մյուս 8-ի նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ (օրինակ, բացակայելու արգելք, գրավ):
Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում ավելի ուշ հայտնեց, որ իրեն չեն կալանավորել, ավելին՝ իր նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ․ «Ինձ հետ ամեն ինչ լավ է, Հակակոռուպցիոն դատարանը մերժեց ոչ միայն ինձ, այլեւ հինգ տարի քննվող եւ ավելի քան տասը տարվա վաղեմության դեպքերին վերաբերող գործով անցնող կարծես թե մյուս բոլոր՝ մեկ տասնյակից ավելի մեղադրյալներին կալանավորելու միջնորդությունները։ Բնականաբար, մեղադրանքը չեմ ընդունում»:
Գործով անցնողներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, մեզ պատմեց եղելությունը․ «Մի քանի մարդիկ այդ ժամանակահատվածում նշված հողերը սեփականացրել են, գրանցել իրենց ազգականների անուններով, հետո փոխել այլ հարազատների անուններով, տարբեր կազմակերպությունների անունով գրավադրել են դրանք, մի քանի անգամ «Սթարի» վարկային պայմանագրով այդ գույքերը գրավ են դրվել։ Ասում են, որ 99 թվականից մինչեւ 2014 թվականը ով կա-չկա, բոլորը միասին հանցավոր խումբ են, բայց ոչ մեկը ոչ մեկին չի ճանաչում, բոլորը նպատակ են ունեցել այդ գույքերն օրինականացել: Հետաքրքիրն այն է, որ գրավադրման վերցնող ընկերությունները որտեղի՞ց պիտի իմանային, որ դրանք ապօրինի գույքեր են, նախաքննական մարմինը ենթադրություններ է անել։ Պարզ է, որ ոչ ոք չգիտեր, որ այդ գույքերն ապօրինի են, ասել են` քո մոտ այս գույքը գրավ դնենք, որպեսզի օրինականացնենք։ Գործում 90 տարեկան մարդ կա, դպրոցի տնօրեն կա, ոչ մեկը ոչ մեկին չի ճանաչում, իսկ ՔԿ-ի կարծիքով՝ բոլորը հանցավոր խմբի անդամներ են»։
Ի դեպ, ըստ նախաքննական մարմնի, Վահան Քերոբյանը, երբ եղել է «Սթարի» տնօրենը, վարկային մի պայմանագիր է կնքել այդ հողատարածքներից մեկի վերաբերյալ։ Նշենք, որ այս քրեական գործով վաղեմության ժամկետներն անցած են։ Նախկին նախարարը մեր հարցերին հրաժարվեց պատասխանել՝ նշելով, թե իր պաշտպանական թիմի հետ պայմանավորվել է՝ մինչեւ դատարանի որոշման հրապարակվելը որեւէ մեկնաբանություն չտալ։ Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանը վարչապետ Փաշինյանի առաջարկությամբ էկոնոմիկայի նախարար նշանակվեց 2020-ին, իսկ 4 տարի անց՝ 2024-ին, ազատվեց պաշտոնից եւ անմիջապես կալանավորվեց: Նախկին նախարարն այն ժամանակ մեղադրվում էր պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով․ 2023-ին նախարարությունը մրցույթին մասնակցող ընկերությունների միջեւ ընտրություն էր կատարել ավելի բարձր գին առաջարկած «Սիներջի»-ի օգտին, ինչն էլ քննչականը համարել էր պաշտոնի չարաշահում։ Սակայն Քերոբյանը չի ընդունում մեղադրանքն ու շարունակում է պայքարել արդարացման համար։ Գործն արդեն դատարանում է:






Բաց մի թողեք
Դիլիջանի ՔՊ-ական արու քաղաքապետը ծիծաղելի գներով հողեր է օտարում. Լուսանկար
Կամաց – կամաց ճշմարտությունը խոստովանում է
Քանդելու ձևը գտել է