14/12/2025

Դիլիջանի արու համայնքապետին հողամասի պատճառով են ծեծել․ Լուսանկար

Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի ու նույն համայնքի Թեղուտ բնակավայրի վարչական ղեկավար Վախթանգ Թամրազյանի միջեւ ծեծկռտուքից հետո Թամրազյանի բջջային հեռախոսը շարունակում է մնալ անհասանելի։

Հրապարակ թերթը գրել է․ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքն ասում է, որ Թամրազյանը շարունակում է պաշտոնավարել որպես Թեղուտի վարչական ղեկավար։ Ոստիկանությունից էլ հայտնում են, որ նման ահազանգ ու վարույթ իրենց մոտ չկա։

Բայց Թեղուտ գյուղի բնակիչները հայտնում են, որ Դիլիջանի համայնքապետարանում սկսված, ապա Թեղուտ գյուղի տարածքում գտնվող «Սպոյի օբյեկտ» ռեստորանում շարունակված կռվի իրական պատճառը ոչ թե այն է, որ Վախթանգ Թամրազյանը վրդովվել է համայնքի «արու» ղեկավարի՝ իր հանդեպ անհարգալից պահվածքի պատճառով, այլ՝ այն, որ համայնքապետը ցանկացել է Թեղուտում ինչ-որ հողամաս վաճառել, որին Թեղուտի վարչական ղեկավարը դեմ է եղել։

Դիլիջանի համայնքապետարանի կայքում Թեղուտ գյուղի հողերի վերաբերյալ բազում որոշումներ կան՝ համայնքապետի կողմից կայացված։ Այլ մանրամասներ ճշտել մեզ չհաջողվեց։

«Հրապարակ». Դիլիջանի համայնքապետին հողամասի՞ պատճառով են ծեծել